×


Քրիստինե Պեպելյանի “Երանի”-ն` Արման Անտոնյանի հաջողությունների սկիզբ

Արման Անտոնյանի հեղինակային երգերը կատարում են Քրիստինե Պեպելյանը, Միհրան Ծառուկյանը, Սարգիս Առաքելյանը, Լայանան, Լուիզա Նավասարդյանը եւ հայկական շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ այժմ զբաղված է Անահիտ Սիմոնյանի, Հայկոյի, Ռազմիկ Ամյանի, Սյուզի Մելիքյանի, “4 տարբերակ” խմբից Նարինե Մկրտումյանի, Միհրան Ծառուկյանի, Սարգիս Ավետիսյանի նոր երգերի ստեղծման աշխատանքներով:

Արման Անտոնյանը


Մասնագիտությամբ արեւելագետ Արմանը, որն այժմ աշխատում է “Sigma TV”-ում, նշում է, թե շատ պատահաբար է սկսել երգեր գրել.“Երաժշտական կրթություն ունեմ. դաշնամուր եմ նվագում: Դեռ մանկուց մեղեդիներ էի հորինում, բայց չէի համարձակվում բարձրաձայնել` մտածելով` ով պետք է երգի: Երբ 2010 թվականից սկսեցի աշխատել հեռուստատեսության ոլորտում եւ շփվել երգիչների հետ, մեկ անգամ երգիչ Սարգիս Առաքելյանն առաջարկեց իր երգի համար խոսքեր գրել: Ընկերներս ներշնչեցին, որ կստացվի, այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Հետո սկսեցի գրել ե´ւ երաժշտություն, ե´ւ խոսքեր”:

Արման Անտոնյանը


Նա մտադիր է երաժշտական պրոֆեսիոնալ կրթություն ստանալ եւ գիտելիքների բացը լրացնել Երեւանի պետական կոնսերվատորիայում: Իսկ հիմա իր նոր գործերի մասին առաջինը տեղեկացնում է “Duetro” ստուդիայից Էդգար Ալեքսանյանին եւ խորհուրդներ հարցնում.“Նրա կարծիքն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ երբ գրում եմ երաժշտությունը, դեմո տարբերակը նրա մոտ ենք ձայնագրում: Երաժիշտ ընկերներիս մասնագիտական խորհուրդներն ընդունում եմ ու երբեմն էլ երգերիս մեջ փոփոխություններ անում”:

Արման Անտոնյանը եւ Քրիստինե Պեպելյանը


Արման Անտոնյանի կարծիքով` իրեն ամենից շատ հաջողություն բերած երգը Քրիստինե Պեպելյանի կատարմամբ “Երանի”-ն է. “Կան երգեր, որոնք չեմ վաճառում. իմ մտերիմ ընկերներին սիրով նվիրում եմ, օրինակ` Լայանայի վերջին երգը: Բնական է, որ բոլորի հետ մտերիմ չեմ, եթե երգ են պատվիրում, վճարում են, բայց արժեքի մասին նախընտրում եմ չբարձրաձայնել: Ամեն դեպքում, ընկերությունը` ընկերություն, աշխատանքը` աշխատանք. եթե երգիչն այդ երգի միջոցով գումար է վաստակում, կարծում եմ` երգի հեղինակն էլ պետք է վարձատրվի”:

Նա նաեւ հետեւյալն է նշել.“Երբ երգիչներն իրենք են երգ պատվիրում, իմ առջեւ դնում են որոշակի պահանջներ, ես չեմ կարող թելադրել իմ ճաշակը, կամ եթե իմ գրած երգը լսելուց հետո խնդրում են որոշակի բաներ փոխել, փոխում եմ: Իմ երգերիցս չեմ կարող առանձնացնել ամենալավը, բայց գրածս առաջին ու այժմյան երգերի որակական տարբերությունն ինքս զգում եմ ու փորձում եմ կատարելագործվել”:

Արման Անտոնյանը եւ Նարեկ Բավեյանը


Խոսելով իր հեղինակած նոր երգերի մասին` Արման Անտոնյանը որոշ մանրամասներ է ներկայացրել. “Անահիտ Սիմոնյանի ու Հայկոյի երգերը դիսկո ոճում են: Հայկոյի համար սա ավելի նոր ոճ է եւ կտարբերվի իր երգացանկի մյուս գործերից: Սյուզի Մելիքյանի երգն էլ նրա ցանկությամբ լինելու է հարսանիքի ու հարսի թեմայով: Վերջին շրջանում ավելի շատ պատվիրում են դիսկո ոճի երգեր, ես էլ բացի լիրիկական գործերից, գրում եմ պահանջարկին համապատասխան երգեր”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արման Անտոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW