×


Քրիստինե Պեպելյան.«Երբեք չեմ մտածել, որ առանց դրա ավելի հեշտ կլինի իմ կյանքը»

Քրիստինե Պեպելյանը նոյեմբերին պատրաստվում է համերգային շրջագայության մեկնել Եվրոպա, գարնանը նրա կենդանի կատարումները կվայելեն ամերիկաբնակ երկրպագուները, իսկ մինչ այդ նա BRAVO.am-ին պատմել է իր նոր` «Կարոտից» երգի տեսահոլովակի մասին: Անկեղծ ու հետաքրքիր է ստացվել նաեւ երգչուհու հետ մեր զրույցի երկրորդ հատվածը:

Քրիստինե Պեպելյանը


«Ամաչում էր ինձնից»

Երբ տեսահոլովակը գրեթե պատրաստ էր, ռեժիսորը խնդրեց դիտել, քանի որ միշտ ավելացումներ, փոփոխություններ անելու կարիք եմ զգում: Արենը միշտ չէ, որ համաձայն է լինում դրանց հետ, սակայն ես կարողանում եմ նրան լավ համոզել:): Բայց սա միակ դեպքն էր, երբ ոչ մի փոփոխություն չարեցի ու իմ տարբերակը չառաջարկեցի: Շատ շնորհակալ եմ իմ թիմին, որտեղ կարեւոր ու երկրորդական մարդիկ չկան: Այնպես չէ, որ ամենակարեւորը ես եմ, քանի որ ես եմ կատարում ու իմ տեսահոլովակն է. առանց որեւէ մեկի մեր աշխատանքը չէր ստացվի: Շնորհակալ եմ նաեւ մեր նկարահանումներին մասնակցած բվին:): Շատ դաստիարակված էր, նույնիսկ, երբ ուշադիր նայում էի նրա աչքերի մեջ, գլուխը թեքում էր, ամաչում էր ինձնից:

«Մարդիկ սովոր են ինձ տեսնել երեկոյան զգեստներով»


«Կարոտից» տեսահոլովակում առաջին անգամ ներկայացա վուալով, որը երբեւէ չեմ օգտագործել ոչ նկարահանումների, ոչ էլ համերգների ժամանակ: Մի կերպարս ավելի դասական է` կոստյումով եմ, մյուս տեսարանում ֆրանսիական ոճի մեջ եմ, իսկ մարդիկ սովոր են ինձ տեսնել երեկոյան զգեստներով:

Քրիստինե Պեպելյանը` "Կարոտից" տեսահոլովակի նկարահանումներին


«Երաժշտությունն ավելի ուժեղ է, քան զգացմունքներս»

Շատ ուրախ եմ, որ իմ կյանքում երբեք չի եղել այնպիսի մի պահ, որ մտածեմ երգարվեստից հեռանալու մասին: Երբեք չեմ մտածել, որ առանց դրա ավելի հեշտ կլինի իմ կյանքը, կամ որ կկարողանամ հեռանալ: Ամեն մարդ պետք է իր կոչման հետեւից գնա, երեւի, իմ կոչումն է երաժիշտ լինելը: Կարծում եմ` պետք չէ պահի, հույզերի ազդեցության տակ մի կողմ դնել ամեն ինչ: Բոլոր աշխատանքներն էլ յուրովի բարդ են, մերն էլ բացառություն չէ, պարզապես մեր պարագայում բոլորը տեսնում են այն: Մարդիկ ու մոտեցումները տարբեր են, պետք է կարողանալ հանդիսատեսի հետ շփվել: Շատ ուրախ եմ, որ իմ դեպքում երաժշտությունն ավելի ուժեղ է, քան զգացմունքներս:

«Բոլորս էլ ունենում ենք անհաջող պահեր»

Մշտապես նոր կատարողներ են հայտնվում: Իհարկե, պիտի գան նորերը. լավ ասելիք ունեցողին ոչ ոք չի կարող խանգարել: Հնարավոր է` նրանցից շատերը հիշվում են միայն մի քանի ամիս, բայց կարեւոր է, որ բեմը զբաղեցնող մարդն ասելիք ունենա: Բոլորս էլ ունենում ենք անհաջող պահեր, չկա մի արտիստ, ով կարող է ասել, որ իր կյանքում միայն փայլուն ելույթներ են եղել. մենք հո լավ գիտենք մեր սխալները: Պետք չէ մի քանի հազար մարդու նստեցնել դահլիճում ու ոչինչ չտալ: Իրենց դատարկաբանությունը լսելու փոխարեն այդ մարդիկ կարող էին ավելի կարեւոր գործով զբաղվել: Էլի եմ նշում` ամեն մարդ պետք է իր կոչմանը ծառայի ու իր աշխատանքը սիրով անի:

Քրիստինե Պեպելյանը


«Իմ կատարումներն ու ապրելակերպը…»

Իմ կատարումները թեեւ ավելի մեղեդային են, երբեմն` տխուր, բայց բացարձակ կապ չունեն ապրելակերպիս հետ: Պարզապես ամեն մարդ ընտրում է իր երաժշտությունը: Ռոմանտիզմն էլ երեւի իմ ժանրն է, թեեւ հաճույքով եմ կատարում նաեւ ուրախ ռիթմերով երգեր: Միշտ էլ ասել եմ, որ իմ երգերը երբեք միմյանց հետ չեն մրցակցում. ամեն երգ իր կյանքն ունի: Ուրախ երգերը հարկավոր են արտիստին մենահամերգի ժամանակ, քանի որ պետք է շարժվես, բարձր տրամադրություն փոխանցես: Բայց ինձ բոլորն էլ գիտեն որպես ռոմանտիկ երգեր կատարող ու սեր փոխանցող երգչուհի:

Զոհաբերության մասին

Երգարվեստում լինելը հեշտ աշխատանք չէ, այն մարդուց շատ ժամանակ եւ աշխատասիրություն է պահանջում: Այո, միգուցե աշխատանքի բերումով մենք զոհաբերում ենք մեր ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը, շատ բաներ չենք հասցնում, բայց եթե մարդն իսկապես ծառայում է իր կոչմանը, ապա երբեք նման բաները որպես զոհաբերություն չի դիտարկի: Ի վերջո, պետք է  շատ աշխատես, որպեսզի որեւէ մեկին օգտակար լինես: Շատ ենք աշխատում, որի արդյունքում էլ սիրվում ենք եւ հանդիսատեսի գնահատականին արժանանում: Գիտեք, առանց մեկը մյուսի շատ բաներ կյանքում կիսատ կլինեն, ոչինչ հենց այնպես չի լինում. եթե դու սեր ես տալիս, դա էլ ստանում ես:

Քրիստինե Պեպելյանը


«Շատ բաներ մեզ հեշտ չի տրվում»

Շատերն ասում են` երգիչների գործն ինչ է. դուրս են գալիս բեմ, երգում են ու գնում տուն: Մարդիկ չեն պատկերացնում, որ շատ բաներ էլ մեզ հեշտ չի տրվում: Այս ոլորտը ծախսատար է. չեն պատկերացնում, թե երգիչներն ինչքան գումար են ծախսում: Եթե նոր աշխատանք ենք ներկայացնում, ապա հյուրախաղերի, դրսի համերգների ու կորպորատիվ միջոցառումների շնորհիվ, որովհետեւ այսօր էլ CD-ներ չեն վաճառվում, հավաքական համերգներն էլ քիչ են:

«Քանի սրտումս ասելիք կլինի…»

Երբեւէ չեմ մտածել, թե ապագայում, օրինակ` 10 տարի անց, ինչով կզբաղվեմ: Ես կաշխատեմ այնքան ժամանակ, քանի դեռ հանդիսատեսը կսիրի ինձ ու չի նյարդայնանա իմ ներկայությունից: Քանի դեռ սրտումս ասելիք կլինի, ես կերգեմ: Իսկ առհասարակ, արտիստը երկար կյանք չունի, եթե մնայուն արժեքներ չստեղծի: Չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի, ուր մնաց մտածեմ`տասը տարի անց ուր կլինեմ, ինչ կանեմ: Աստված կորոշի` թե ինչ կանենք, ինչով կզբաղվենք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Տատա Իսկանդարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW