Քրիստինե Պեպելյանն անցնող տարում Արամ Ավագյանի հետ ներկայացավ երգի պրեմիերայով՝ «Սիրե՞լ, թե՞ ատել», որն առաջին անգամ նրանք կատարեցին երգահանի հեղինակային երգերի երեկոյին: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչ փուլում են նոր երգի ձայնագրման աշխատանքները, ինչ ձեռքբերումներ է ունեցել այս տարում, ինչպես է դիմավորելու Ամանորն ու ինչ ծրագրեր ունի առաջիկայում:
Նրա խոսքով` երգի գործիքավորումը դեռ արված չէ, քանի որ համերգից հետո Արամը մեկնել է ԱՄՆ` կիսատ թողած գործերն ավարտելու, եւ վերադարձից հետո միայն կկարողանան շարունակել գործիքավորման ու ձայնագրման աշխատանքները.«Չեմ կարծում՝ շատ կուշանա երգը: Հավանաբար, եկող տարվա սկզբին արդեն պատրաստ կլինի թողարկման: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Ինձ համար էլ էր անակնկալ այդ տեքստը, քանի որ Ավետը «Կամաց-կամաց» երգի շնորհանդեսին ինձ ուղղակի նվիրեց այն: Նա որոշել էր, որ դա այդ օրվա իմ նվերը պիտի լինի: Կարծում եմ` շատ գեղեցիկ, հետաքրքիր ու մտածելու տեղիք տվող երգ է ստացվել: Հույս ունեմ՝ շատ մարդիկ կսիրեն այն»:
Անցնող տարին երգչուհու համար հագեցած ու լավ տարի է եղել՝ համերգային ծրագրերով, նոր երգերով, տեսահոլովակներով եւ այլն: Հույս ունի՝ եկող տարին էլ չի հիասթափեցնի, արդյունավետ կանցնի, ուրախ եւ ամենակարեւորը՝ առողջ տարի կլինի: Ի դեպ, 2017-ին լրացավ Քրիստինե Պեպելյանի բեմական գործունեության 20-ամյակը: Կարծում է՝ այս առիթը նշանավորելու լավագույն տարբերակը համերգով հանդես գալը կլինի.«Ինձ թվում է՝ ամենաճիշտ ու ամենից հավանական տարբերակն է: Համերգն էլ կապված է նրա հետ, որ ժամանակ չենք ունենում, տարբեր տեղեր ենք գնում, երաժիշտները քաղաքում չեն լինում: Այսինքն՝ դրա համար հարկավոր է՝ երկար ժամանակ բոլորս կարողանանք որեւէ տեղ չգնալ ու որեւէ ուրիշ բանով չզբաղվել: Բայց շատ մեծ հույս ունեմ, որ մյուս տարի կկարողանամ գոնե ամփոփել այդ 20-ամյակն ու մտնել իմ գործունեության երկրորդ քսանամյակի մեջ (ժպտում է,- հեղ.)»:
Քրիստինե Պեպելյանը
Քրիստինեի խոսքով՝ առաջին զգացողությունը զարմանքն է, երբ հասկանում է, որ այդքան տարի արդեն հետեւում է թողել.«Փառք Աստծո, ես կարող եմ ասել, որ իմ աշխատանքում բավական ձեռքբերումներ եմ ունեցել՝ թեկուզ միայն այն, որ հանդիսատեսն ինձ սիրեց, տեղ տվեց այս իրականության մեջ, իմ երգերը լսեցին, հավատացին ինձ: Գիտեք, շատ կարեւոր է, երբ մարդիկ հավատում են արտիստին: Դա արդեն մեծ բան է, որ պետք է գնահատես, ու ես շատ շնորհակալ եմ դրա համար: Կարծում եմ` այս քսան տարիների համար ես չունեմ ափսոսալու որեւէ բան: Փորձել եմ հնարավորինս չնեղացնել որեւէ մեկին. Խոսքը, բնականաբար, հանդիսատեսի մասին է: Չգիտեմ՝ ստացվել է, թե ոչ, բայց ես հաստատ փորձել եմ»:
Մեր դիտարկմանը, որ նա ամենաշատ զուգերգեր ունեցող արտիստներից մեկն է հայկական իրականության մեջ, երգչուհին խոստովանեց` սիրում է դուետները, ու այնպես չէ, որ դրանք հատուկ նախագծեր են, որ պիտի ինչ-որ առիթով արվեն: Պարզապես սիրում է երգել իր ընկերների հետ, հաճախ կատարում է նաեւ նրանց երգերը.«Ես սիրում եմ, երբ մենք երգում ենք միմյանց երգերը, ինչո՞ւ ոչ»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին ու անելիքներին, ապա կարծում է` դրանք տարվա հետ կգան.«Երգեր կան, որոնք իրենց հերթին են սպասում: «Սիրե՞լ, թե՞ ատել» երգով կսկսենք տարին, բայց էլի նոր գործեր կան հավաքված, որ պիտի արվեն: Կոնսերվատորիայի դասերը բնականաբար կշարունակվեն. ինչպես գիտեք, ես նաեւ դասախոսում եմ այնտեղ: Ուսանողներիս հետ պիտի աշխատեմ: Մի խոսքով` լավ պլաններ կան, ու էլի աշխատանքային տարի կլինի»:
Քրիստինե Պեպելյանը դեռ չգիտի, թե ինչպես եւ որտեղ են դիմավորելու Ամանորը, բայց հույս ունի, որ տանն են նշելու.«Գիտեք, երբ ավարտում ես աշխատանքային տարին, այնքան հաճելի է, որ կարողանում ես պարզապես վայելել ամանորյա օրը, ծրագրերը: Այդ ընտանեկան վիճակն է հաճելի: Հույս ունեմ, որ կկարողանամ ունենալ հանգիստ, խաղաղ եւ առանց հատուկ կերակուրների Նոր տարի: Կլինեն համով բաներ, քաղցրեղեն, անուշեղեն, այդքան բան (ժպտում է,- հեղ.): Ուզում եմ մաղթել, որ մարդիկ ունենան լավ տարի, լինեն անփորձանք, կարողանան չհիասթափեցնել մարդկանց, որոնցով շրջապատված են: Թող քիչ լինեն հիասթափությունները, թող լինի ուրախության, լավ ու առողջ տարի»,- եզրափակեց նա:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: