×


Քրիստինե Պեպելյան.«Նրա զանգն ինձ համար որոշիչ դարձավ»

Քրիստինե Պեպելյանը մարտի վերջին Փարիզում հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը ելույթ ունենալուց բացի, նաեւ նկարահանել է «Կամաց-կամաց» երգի տեսահոլովակը։ Նախքան պրեմիերան երգչուհին BRAVO.am-ին պատմել է իր նոր աշխատանքի մանրամասները:

Քրիստինե Պեպելյանը՝ «Կամաց-կամաց» տեսահոլովակի նկարահանումներին


Նրա փոխանցմամբ՝ երգը սիրո ու բաժանման մասին է, միգուցե շատերն իրենց կյանքի պատմությունը գտնեն խոսքերում։ Երաժշտության ու գործիքավորման հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերինը՝ Նարեկ Ստամբոլցյանը։ Հայկոյի ձայնագրման ստուդիայում երգը ձայնագրել ու միքսել է Արման Սարգսյանը.«Այն հատուկ ինձ համար չի գրվել, պարզապես հեղինակն առաջարկեց լսել՝ նշելով, որ ցանկանում է իմ կատարմամբ հանրությանը մատուցել։ Շատ հուզիչ ու լիրիկական երգ է այն մասին, թե ինչպես են մարդիկ կամաց-կամաց հեռանում իրարից։ Այդ տխրության պատճառով սկզբում մերժեցի, սակայն երկու շաբաթ անց հեղինակը կրկին զանգեց՝ հայտնելով, որ երգը հավանել են, ուզում են երգել, բայց չի ցանկանում այլ կատարողի հանձնել։ Նրա զանգն ինձ համար որոշիչ դարձավ:)»։

Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Գոռ Գյոզալյանը, Քրիստինեի կողքին են եղել դիմահարդար Ագա Քանքանյանը, վարսահարդար Լիանա Հովհաննիսյանը, նաեւ մայրիկը։ Մինիմալիստական ոճի հոլովակում կտեսնեք միայն երգչուհին.«Իմաստը ոչ թե անպայման Փարիզում նկարելն էր, այլ գեղեցիկ տեսարաններ ստանալը. գաղտնիք չէ, որ սիրուն ճարտարապետություն ունեցող քաղաք է, այդ գեղեցկությունն ակնհայտ է նաեւ սեւ ու սպիտակի մեջ։ Ամենակարեւորը՝ կարողացանք ստանալ «դատարկ» Փարիզը»։

Քրիստինե Պեպելյանը՝ «Կամաց-կամաց» տեսահոլովակի նկարահանումներին


Այս տարի լրանում է երգչուհու բեմական գործունեության 20-րդ տարին, բայց չի որոշել, թե ինչպես կնշանավորի.«Որքան էլ ինձ համար դժվար է հավատալ, քսան տարի բեմում եմ: Այդ փաստից ինձ երջանիկ եմ զգում, որովհետեւ ամեն տարի ավելի եմ համոզվում՝ որեւէ մասնագիտություն չէր կարող ինձ ավելի երջանկացնել, ինչպես երաժշտությունը։ Իսկապես շատ եմ սիրում իմ աշխատանքը»։

Մայիսի 31-ին Քրիստինեն կմասնակցի Սոչիում կայանալիք «Տարվա երգ» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը.«Իսկ հունիսի համար պլաններ չեմ կազմում, քանի որ հյուրեր կունենամ Միացյալ Նահանգներից»։

«Կամաց-կամաց»-ի պրեմիերան նախատեսված է մայիսի 29-ին: Ի դեպ, օրը պատահական չի ընտրվել. 2014 թվականի հենց այդ օրն է եղել «Իմ ընկեր» երգի տեսահոլովակի պրեմիերան. «Իմ ամենաթանկ երգերից մեկն է, ուստի որոշեցի ճիշտ նույն օրը ներկայացնել նոր աշխատանքը»։

BRAVO.am   
Լուսանկարները տրամադրել է Քրիստինե Պեպելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW