×


Օլյա Հակոբյանը` բաժանվելուց հետո փոխված կյանքի եւ միայնակ չլինելու մասին

Արդեն երեք տարի է՝ Օլյա Հակոբյանն ապրում է որդիների՝ 5-ամյա Էրիկի եւ 4-ամյա Ռոբի հետ: Օրերս BRAVO.am-ը հյուրընկալվել է նրանց՝ դրական մթնոլորտով տանը, դերասանուհու հետ խոսել ամենատարբեր թեմաների շուրջ, նաեւ լուսանկարել որդիների հետ:

«Եթե չարաճճիություն չեն անում…»
Առավոտյան մեր տանը գժանոց է. պատրաստվում ենք պարտեզ գնալ: Եվ մինչ նրանք այնտեղ են, ես հասցնում եմ իմ գործերն անել. կամ նկարահանման եմ լինում, կամ մարզասրահում եմ մի քանի ժամ անցկացնում: Պարտեզից հետո, եթե լավ եղանակ է լինում, զբոսնում ենք, եթե՝ ոչ, տանն ենք կազմակերպում մեր առօրյան: Իսկ գիշերը միշտ քնելուց առաջ հեքիաթ եմ պատմում, եթե, իհարկե, օրվա ընթացքում իրենց խելոք են պահել:):

Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ


«Երազել եմ տղա ունենալու մասին»
Կտրականապես տարբեր են. Էրիկը քիչ է խոսում, բայց ակտիվ է, սիրում է շոկոլադ, սիրում է բոլոր այն մարդկանց, որոնց հետ կապված է, իսկ մնացածի հետ, կարելի է ասել, չի շփվում: Իսկ Ռոբը բոլորի հետ շփվում է, զբաղեցնում է, իրենով է անում, անգամ եթե ծնունդ ենք գնում, խաղավարի հետ հավասար աշխատում է: Շատ գոհ եմ, որովհետեւ երբեք չի եղել, որ նրանց հետ ինչ-որ տեղ գնամ եւ ամաչեմ: Եթե նույնիսկ իրենք տանն անկարգ լինեն, դրսում, միանշանակ, կատարյալ երեխաներ են:
Ինձ համար շատ հավես է երկու տղաների մեծացնելը. միշտ երազել եմ տղա ունենալու մասին: Երեխանի հետ դեռ բարդ է, քանի որ փոքր են: Բայց ընդհանուր առմամբ, հիմա ավելի հեշտ է, քանի որ արդեն իրար հասկանում են, նրանց հետաքրքրությունները համընկնում են եւ միմյանց հետ լեզու են գտնում:

«Նման հարցեր չեն տալիս»
Երբեք երեխաներիցս չեմ լսել հարցեր, թե ինչու է պապան առանձին ապրում, եւ այլն: Կարծում եմ՝ երկուսս էլ կարողացել ենք այդ հարցն այնպես կազմակերպել, որ իրենք գրեթե հավասար շփվում են, հաճախ են տեսնում հայրիկին մի քանի ժամով:

Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ


Ամուսնալուծությունից հետո
Ամուսնալուծությունից հետո շատ կարճ շրջան ընկճված էի, երեւի մոտ մեկ ամիս, իսկ այժմ ինձ շատ լավ եմ զգում, ինքս ինձ հետ շատ ներդաշնակ եմ: Կարծում եմ՝ դրան օգնեց նաեւ աշխատանքս. ես այն մարդկանցից եմ, որոնց համար շատ կարեւոր է աշխատելը, որովհետեւ երբ աշխատում եմ, յուրաքանչյուր կյանքային փուլն ընթանում է նորմալ, ճիշտ, ուղեղային մակարդակի վրա, իսկ երբ չեմ աշխատում, ահավոր է ինձ համար, սկսում եմ իմ ուշադրությունն անիմաստ բաների վրա սեւեռել:

«Ապրում եմ այդ մտքով»
Սիրում եմ, երբ կինն ընդգծված մարմին է ունենում: Բայց բացի դա, կարծում եմ, մարզվելը հոգեկան ներդաշնակության ինչ-որ մաս է, ես ապրում եմ այդ մտքով: Մարզասրահ հաճախելուց հետո ե՛ւ հոգնած եմ լինում, ե՛ւ լիցքավորված: Ինձ շատ եմ սիրում, միտքս մաքուր է լինում:

Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ


«Շուրթերս լցրեցի մի պատճառով»
Մի շրջան կար, ուզում էի քթի պլաստիկ վիրահատություն անել: Ընդամենը երկու վիրաբույժ ասացին, որ պետք չէ անել, նաեւ մեր ռեժիսորն ասաց, որ պետք չէ բոլորի նման նույն քիթն ունենալ: Իսկ շուրթերս լցրեցի միայն այն պատճառով, որ հետաքրքիր էր ինձ: Ճիշտ է` այժմ հավանում եմ տեսքս, բայց որոշել եմ այլեւս չանել, քանի որ կադրով այնքան էլ գեղեցիկ չէ, մի տեսակ շատ է:

«Պատասխանատու աշխատանք է»
Նաեւ միջոցառումներ եմ վարում դերասան Կարեն Հովհաննիսյանի հետ: Շատ պատասխանատու աշխատանք է, երբ առաջին անգամ պետք է միասին հարսանիք վարեինք, շատ անհանգիստ էի, այդպես նույնիսկ ներկայացում խաղալուց առաջ չէի հուզվել: Թամադայության մեջ աղջկա գործոնն ավելի շատ վիզուալ գեղեցկություն ապահովելու համար է, եւ հետո գեղեցիկ չէ, երբ աղջիկը կենաց է ասում:

Օլյա Հակոբյանը


Նկարահանումներ, նոր գաղափարներ
«Շանթ»-ից առաջարկ ունեմ նոր սերիալում նկարահանվել, բայց մանրամասներ առայժմ չեմ կարող փոխանցել: Կարող եմ ասել, որ «Շանթն» իմ հարազատ հեռուստաընկերությունն է, այնտեղի ռեժիսորների հետ բազմիցս աշխատել եմ, նրանք ինձ գիտեն, ես էլ՝ նրանց:
Բացի նկարահանումները, սեփական բիզնես ստեղծելու միտք ունեմ: Ժամանակին սովորել եմ «Ատեքս»-ում եւ միշտ մտածել եմ, որ մի օր կվերադառնամ այդ աշխարհ: Ճիշտ է` դեռ խմորման փուլում է, բայց ուզում եմ ստեղծել աքսեսուրաների շարք:

«Իմ կողքին կա մարդ»
Իսկ ո՞վ ասաց, որ ես միայնակ եմ: Այո, իմ կողքին կա մարդ: Այսքանը: Կրկին ամուսնանալու մասին այժմ չեմ մտածում, հետո չգիտեմ՝ ինչ կլինի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport