×


Օպերային դիվա Վերոնիկա Ջիոեւան` հայերի եւ սպասվող երեւանյան համերգի մասին


Օրեր առաջ Ռուսաստանից Երեւան է ժամանել Վերոնիկա Ջիոեւան: Օպերային երգչուհին հունիսի 24-ին ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Նրան կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 


Առաջին համերգը Հայաստանում

Վերոնիկա Ջիոեւան նշում է, որ թեեւ Հայաստանում համերգային ծրագրով առաջին անգամ է հանդես գալու, սակայն տպավորություն ունի, թե սեփական հայրենիքում է։ Ծրագրում կհնչեն Մոցարտի, Վերդիի, Մասնեի, Հալեւիի, Ջորդանոյի օպերաներից հայտնի արիաներ։

«Համերգը կազմված է իմ ամենասիրելի ստեղծագործություններից, որոնք արդեն սիրում է նաեւ հանդիսատեսը։ Ինձ շատ հայեր են գրել նախքան համերգը, եւ դա շատ հաճելի է»,- լրագրողների հետ զրույցում պատմել է երգչուհին։


Նա անկեղծացել է, որ սիրում է բացօթյա համերգներ, երբ հոծ բազմություն է հավաքվում մեծ հրապարակում։ 

«Ես խենթի պես սիրում եմ երգել, սիրում եմ այն, ինչ երգում եմ, եւ ամենամեծ երջանկությունն է զբաղվել նրանով, ինչը սիրում ես»,- նշել է նա։



Հայերի ու հայկական երաժշտության մասին

Ջիոեւայի համար երեւանյան համերգն առանձնահատուկ է հենց այն պատճառով, որ առաջին անգամ ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի առջեւ։

«Միշտ եմ խոնարհվել հայ ժողովրդի առջեւ, նրա տաղանադի ու պատմության։ Հայ երաժիշտների հետ բազմիցս աշխատել եմ, շատ ընկերներ ունեմ, բոլորը հանճարեղ են, մեկը ջութակահար է, մյուսը՝ դիրիժոր: Իսկ երգիչների մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է։ Կարծում եմ՝ ամենագեղեցիկ ձայնը հայ երգիչներն ունեն»,-նշել է երգչուհին:


Նա հավելել է, որ կան շատ գեղեցիկ հայկական ստեղծագործություններ, որոնք կցանկանա ապագայում կատարել.«Առհասարակ ինձ դուրս է գալիս թե՛ ժամանակակից հայկական երաժշտությունը, որը շատ ստեղծարար է, եւ ես հաճախ եմ լսում, թե՛ ժողովրդական երգերն ու ձեր կոմպոզիտորների ժողովրդական ստեղծագործությունները»։



Զուգերգ բասի հետ

Համերգին կմասնակցի նաեւ երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը, որի հետ Վերոնիկա Ջիոեւան ծանոթացել է Իտալիայում, երբ հրավեր է ստացել ներկա լինել երիտասարդ երաժշտի համերգին:


«Առաջինը երգելու եմ Զարաստրոյի «O Isis und Osiris» արիան՝ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից: Այն շատ դասական ուղղվածություն ունի, համերգներին հազվադեպ են կատարում, սակայն իմ ձայնը շատ սազական է այդ արիային, դրա համար էլ ընտրեցինք: Կատարելու եմ նաեւ Հալեւիի «Հրեուհին» օպերայից կարդինալ Բրոնիի կավատինան: Իսկ վերջում հանդես կգանք զուգերգով «Դոն Ժուան» օպերայից»,- նշել է Սերգեյ Ստեփանյանը:

Վերոնիկա Ջիոեւան եւ Սերգեյ Ստեփանյանը



Վերոնիկա Ջիոեւան կարծում է, որ Սերգեյ Ստեփանյանը շատ տաղանդավոր երաժիշտ է, եւ նրա նման արտիստներին պետք է աջակցել։


«Եթե մեզ չհավատային, մենք չէինք դառնա այն, ինչ հիմա կանք, հավատացած եղեք: Իմ բախտը շատ է բերել այն մարդկանց հարցում, որոնք միշտ եղել են իմ կողքին: Եթե ամբողջ ընթացքում ինձ ճնշեին, ինձ մոտ ոչինչ էլ չէր ստացվի»,-ասել է հեղինակավոր օպերային երգչուհին։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport