×


Օռնելա Մուտիի, Նաստասյա Կինսկիի պարգեւատրումն ու 12-րդ “Ոսկե ծիրան”-ի հետաքրքիր մյուս դրվագները

Երեւանը հուլիսի 12-ին կրկին բացեց իր հյուրընկալ դռներն արդեն 12 տարեկան “Ոսկե ծիրան” կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ մասնակիցների առջեւ: Նախ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեքի արարողությունը, իսկ քիչ անց Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց Հենրիկ Մալյանի աստղը` նվիրված ռեժիսորի 90-ամյա հոբելյանին:

Նաստասյա Կինսկին` 12-րդ "Ոսկե ծիրան"-ի բացմանը


Դրան հաջորդեց ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում, որի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել այս տարվա Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը սկսվում է 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Թալեաթ փաշայի սպանությամբ, այնուհետեւ պատմում է 1980-ականներին Մարսելում ապրող հայերի մասին: Ֆիլմի ավարտին հանդիսատեսները մոտ հինգ րոպե հոտնկայս ծափահարում էին ռեժիսորին: Ռոբեր Գեդիգյանը գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին:

Երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կայացած բացման արարողությունը վարում էին դերասաններ Սերժ Ավետիքյանն ու Ջերարդ Փափազյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

12-րդ "Ոսկե ծիրան"-ի բացմանը


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկաներին պատմեց Ցեղասպանությունը վերապրած հայ աղջկա` Արշալույս Մարդիկյանի մասին: Արշալույսը, փրկվելով կոտորածից եւ անցելով Ցեղասպանության բոլոր սարսափների միջով, տեղափոխվում է Թիֆլիս, ապա Պետրոգրադ, այնուհետ` Նորվեգիա եւ վերջապես հասնում է ԱՄՆ` Նյու Յորք: Այնտեղ նա ընդունում է Ավրորա Մարդիգանյան անունն ու սկսում գրի առնել իր կյանքի պատմությունը, որի հիման վրա 1918 թվականին Հոլիվուդում նկարահանվում է Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարը` «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը:

Երեկոյի գլխավոր իրադարձությունը փառատոնի պատվավոր հյուրերի` հայտնի դերասանուհիներ Օռնելա Մուտիի ու Նաստասյա Կինսկիի պարգեւատրումն էր «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակով:

Նաստասյա Կինսկին եւ Օռնելա Մուտին


«Ոսկե ծիրան» փառատոնը կընթանա մինչեւ հուլիսի 19-ը: Ֆիլմերի ցուցադրության ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW