×


Ֆլորա Մարտիրոսյանի ընկերները ցավում են երգչուհու համար

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում 55 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Սիրված երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նրա ընկերները:

Ֆլորա Մարտիրոսյանը


Շուշան Պետրոսյան. “Ափսոս, շատ եմ ցավում”


Շուշան Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ իր գործընկերուհուն վերջին անգամ տեսել էր նախորդ տարի: Շուշանը նրա համերգներին ներկա է եղել, նույնիսկ մեկի ժամանակ երգել է. “Երբ գալիս էր Երեւան, հանդիպում էինք, Միացյալ Նահանգներում էլ հանդիպել ենք: Ճանաչում եմ նրա դստերը, միշտ ասում էր, որ իր աղջկան ուղարկելու է ինձ մոտ վոկալի դասերի, քանի որ հավանում էին իմ կատարման ձեւը: Ափսոս, շատ եմ ցավում”:

Ֆլորա Մարտիրոսյանն ու Քրիստինե Պեպելյանը


Քրիստինե Պեպելյան. “ Անպատմելի է այն ցավը, որ զգում եմ հիմա”

Քրիստինե Պեպելյանը ոչ միայն մտերիմ է եղել Ֆլորա Մարտիրոսյանի հետ, այլեւ միասին ձայնագրել են “Սերս գաղտնի թող մնա” զուգերգը. “Այս ի՞նչ կատարվեց: Ես ի վիճակի չեմ ընկալել իրականությունը: Մեր տիկին Ֆլորան… մեր հպարտությունը… մեր ազգի պարծանքը: Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ իմ դասատուն, բարեկամն ու ավագ ընկերը հեռացավ: Անպատմելի է այն ցավը, որ զգում եմ հիմա, չեմ ուզում հավատալ, չեմ ուզում, չեմ ուզում...”, - գրել է երգչուհին իր “ֆեյսբուքյան” էջում ու տեղադրել դուետի ձայնագրման ժամանակ արված լուսանկարներ. “Իսկ ես այնքան ուրախ ու հպարտ էի…Եթե իմանայիք, թե ինչ հումորի տեր էր տիկին Ֆլորան...”:

Ֆլորա Մարտիրոսյանն ու Անի Քրիստին


Անի Քրիստի. “Կյանքը շատ դեպքերում կարող է անարդար լինել…”

Աշոտ Ղազարյանին եւս տխրեցրել է լուրը.“Շատ հաճախ չէինք շփվում, բայց պարբերաբար ներկա եմ եղել նրա երեւանյան մենահամերգներին…”: Անի Քրիստին էլ ցավալի լուրն իմացել է Միացյալ Նահանգներում. “Ցավակցում եմ տիկին Ֆլորայի ամբողջ ընտանիքին: Իրոք, կյանքը շատ դեպքերում կարող է անարդար լինել”:

“Անհնար է հավատալ: Չեմ կարող ու չեմ ուզում ընդունել իրականությունը”,-նշել է երգչուհի Աննա Խաչատրյանը: “The Beautified Project” խմբի հիմնադիր, ռոք երաժիշտ Անդրե Սիմոնյանն էլ գրել է հետեւյալը. “Հանգչիր խաղաղությամբ Ֆլորա Մարտիրոսյան: Հայաստանը կորցրեց իր եզակի ձայներից մեկին: Մեր կարեկցությունը նրա ընտանիքին”:

Հաղորդավար Կարեն Քոչարյանի խոսքերն էլ հետեւյալն են. “Անհավատալի է...Ֆլորայի մասին հնարավոր չէ լսել նման արտահայտություն: Ֆլորա ջան դու միշտ կյանքով լի ես եղել… Անարդար է... Աստված հոգիդ լուսավորի...”:

Արա Գեւորգյանը


Արա Գեւորգյան. “Ինձ համար նա կմնա պայծառ, վառ անձնավորություն”

Արա Գեւորգյանը BRAVO.am-ից լսեց Ֆլորա Մարտիրոսյանի անժամ մահվան լուրը: Երաժիշտը հուզված էր. “Ափսոս, ափսոս, հազար ափսոս: Նա հիանալի մարդ էր, հիասքանչ երգչուհի: Չափազանց աշխատասեր էր: Մենք առաջին անգամ աշխատեցինք միասին մոտ 20 տարի առաջ` “Դլե յաման” երգի ձայնագրման ընթացքում: Այս երգը կարծես վերածնունդ լիներ Ֆլորայի համար, որովհետեւ Ամերիկա էր մեկնել ու մի փոքր մոռացվել հայրենիքում: Այդ երգն ազդարարեց նրա վերադարձը: “Դլե յաման”-ի հիման վրա տեսահոլովակ նկարահանեց Արսեն Ասլանյանը”:

Երգահանը պատմել է, որ տարիներ անց ինքն ու երգչուհին կրկին համագործակցել են. “Նա Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցն էր բարձրացնում` մեծ գործունեություն ծավալելով, տարբեր միջոցառումներ կազմակերպելով: Ես էլ նույն խնդրով եմ զբաղվում, առաջարկեցի միավորվել, որովհետեւ նույն գաղափարի կրողներն ենք”:

“Ինձ համար նա կմնա պայծառ, վառ անձնավորություն: Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին”,-հուզմունքը զսպելով` նշել է Արա Գեւորգյանը:

Հրանտ Թոխատյանը


Հրանտ Թոխատյան. “Ծափահարում եմ քեզ, Ֆլորա ջան”

Հրանտ Թոխատյանն էլ հետեւյալն է գրել. “Լոս Անջելեսում Ֆլորան կողքիս էր, իսկ հիմա այսքան հեռու… բայց էլի կողքս…անվերադարձ մեկնեց հյուրախաղերի` իր երգերը տարածելով տիեզերքում… Ծափահարում եմ քեզ, Ֆլորա ջան, օրը կգա, ու էլի կլինեմ քո ունկնդիրը”:

Ֆլորա Մարտիրոսյանը եւ Արթուր Աբրահամը


Արթուր Աբրահամ. “Հավերժ են նրա երգերը, գործերը, սերը…”

“Տիկին Ֆլորայի կորուստը ծանր է ոչ միայն հարազատների եւ մերձավորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում այնպիսին, ինչպիսին կար`  տաղանդավոր, նվիրված,  հոգատար, կատակասեր, քնքուշ, բարի, ուժեղ… Այլեւս մեզ հետ չէ հայ երգի աննման կատարողը, ստեղծագործական եռանդի, անկեղծ հայրենասիրության մարմնացումը, բայց մեզ հետ են եւ հավերժ են նրա երգերը, գործերը, սերը…”,-նշել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը 2012 թվականի ապրիլից միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի “Այլեւս երբեք” նախագծին: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW