×


Ֆորշը

Ֆորշ.«Այնտեղ ապրում ենք երկուսով՝ ես եւ իմ տղան»

Երեւանն ունի գույներ, որոնք ստեղծում են մարդիկ. այն մարդիկ, որոնք ստեղծում են մեղեդիներ: Մեղեդիներ, որոնցով լցվում է քաղաքը, որոնք տարբեր են. մեկը պատմում է հին քաղաքի փողոցների անվերջ աղմուկի, մյուսները՝ հավատարիմ ընկերոջ, անձրեւի, խենթուխելառ երեւանցիների, Երեւանը սիրելու չգրված օրենքի եւ այն ամենի մասին, ինչ կապված է կոլորիտային մեր մայրաքաղաքի հետ… BRAVO.am-ի զրուցակիցը Ֆորշն է:

Իր ստեղծած մոլորակի մասին

Ես ապրում եմ իմ ստեղծած մոլորակում, որտեղ ես եմ եւ.., (տեւական դադար) եւ իմ տղան, այո՛, մենք այնտեղ երկուսով ենք, ես երջանիկ եմ։ Չեմ կարծում ինչ-որ բաներ ինչ-որ բաների մասին, փոխարենն ապրում եմ, ապրում եմ առանց ծանրացնելու ինչ-որ բան։ Դժվար մարդկանց համար են դժվարությունները։ Այստեղ՝ իմ մոլորակում, դրանք չկան։ (Լա՜յն ժպիտ)

Ֆորշը` որդու հետ


Ցավոտ հարց

Երաժշտության պահանջարկը քչացել է, բացի այդ, ճաշակն է ընկել, ինչը, երեւի, կապված է մարդու կրթվածությունից, դաստիարակությունից, տեսած-չտեսածից։ Չգիտեմ՝ շատ ցավոտ հարց է, հուզում է բոլոր արվեստագետներին, անհասկանալի երեւույթ է։ (Մտահոգ)

-Հաճախ սոցիալական վիճակն ու ֆինանսական խնդիրներն են պատճառ մատնանշում:
-Ախր, բանն էլ հենց այդ է, որ՝ ոչ. մարդը կարող է սոված լինել, բայց կարող է լսել, սիրել, ոգեւորվել երաժշտությամբ։

-Ի՞նչը կամ ո՞վ է ոգեշնչում Ձեզ:
-Սիրում եմ Բախ լսել, Մոցարտ, Բիթըլզ, հայկականից՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան։ Պետք է սիրել, լսել, ապրել երաժշտությամբ: Անցողիկ է դարձել ամեն բան, ապրել է պետք։

-Ի՞նչն է խանգարում Ձեզ: Կա՞ն բաներ, որոնք կփոխեք։

-Շատ բաներ կան, որոնք կարելի է փոխել: Հեշտացնել է հարկավոր մարդկանց կյանքը, կենցաղը թեթեւացնել է պետք։ Խանգարում են ձայները: Ձայները երբեք չպետք է խանգարեն, անգամ բակի աղմուկն ու սուլոցները պետք է հաճելի լինեն, դա էլ է կրթություն։

Ֆորշը


Մնայունի մասին

Լրիվ տարբեր բաներ են համակարգչով ու հեռախոսներով բզբզալը, մեկ այլ բան է գիրքը տող առ տող կարդալը։ Սրանք ինչպես եկել են, այնպես էլ գնալու են. մնայուն չեն։ Օրինակ՝ ես մինչ օրս երգերս թուղթ ու մատիտով եմ գրում։

Անճաշակի, անհասկանալիի մասին

Ես ռաբիսին վատ չեմ վերաբերվում, առանց դրա ո՛չ կնունք, ո՛չ ծնունդ, ո՛չ էլ հարսանիք է անցնում: Թող լինի ռաբիսն իր տեղում, բայց հիմա մի անճաշակ բան է լցվել, ու դա շատերին է դուր գալիս։ Ինչ-որ բան էն չի, ինչ-որ սխալ է ընթանում:

Երեւանի մասին

Երեւանը սիրուն է սիրուն մարդկանցով. ես ուրախ եմ, որ իմ քաղաքի փողոցներով քայլելիս հաճախ եմ հանդիպում սիրուն աչուկներով մարդկանց, աղջիկների, որոնք գունավորում են Երեւանը, համուհոտ են տալիս, կոլորիտ են ստեղծում: Հավատացեք՝ նրանցով նոր մեղեդիներ կարող են ծնվել։ Այ, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում։ (Ծիծաղ)

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ֆորշի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport