“Մենք հասկացանք, որ չենք հասկանում միմյանց” “Ոսկե ծիրան”-ային տենդը մայրաքաղաքում շարունակվում է: 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հավանաբար այդ տենդով վարակված, կրկին Երեւան է ժամանել իրանական կինոյի վարպետ, ռեժիսոր Աբաս Քիառոստամին:): Սա նրա երրորդ այցն է Հայաստան: “Ոսկե ծիրան” 8-րդ միջազգային փառատոնի բացման պաշտոնական արարողությանը ցուցադրվեց հենց իրանցի ռեժիսորի` 2010 թվականին նկարահանված “Վավերացված պատճեն” ֆիլմը: Աբաս Քիառոստամին Երեւանում ոչ պաշտոնական կեղծանուն է ստացել` “Ոսկե ծիրան” փառատոնի բարեկամ: Նա բազմիցս հանդիպել, դասախոսություններ է կարդացել եւ վարպետության դասեր անցկացրել հայ հանդիսատեսի համար: “Հայաստանի նկատմամբ բարեկամական զգացմունքներ ունեմ: Արդեն վաղուց հրաժարվում եմ մասնակցել տարբեր փառատոնների, բայց Հայաստան սիրով եմ գալիս: Սա ինձ համար յուրահատուկ վայր է”,- ասում է Քիառոստամին, ով հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման էր ժամանել պարսկահայ ընկերոջ տանը սրճելուց հետո: Ի դեպ, հանդիպմանը չէր ուշացել :): Աբաս Քիառոստամին անդադար սեր է խոստովանում Հայաստանին, պատմում, որքան շատ ընկերներ ունի այստեղ, բայց դեռեւս հերքում Հայաստանում ֆիլմ նկարահանելու մասին պտտվող ասեկոսեները: “Հաճելի է ցանկացած առիթով Հայաստան վերադառնալ: Ցանկալի է, որ ֆիլմ նկարահանեմ այստեղ, բայց դեռ կոնկրետ գաղափարներ կամ ժամկետներ չկան”,- ասում է ռեժիսորը: Իրանական կինոյի վարպետը խոստովանում է, որ չի կարող ինքն իր ֆիլմի հանդիսատեսը լինել: Նաեւ սխալ է համարում, երբ ռեժիսորներն ասում են, թե ինչ նպատակով են ֆիլմ նկարահանում: “Ես սխալվում եւ ասում եմ:)”,- խոստովանում է Քիառոստամին: Մեկ անգամ նրա ֆիլմը դիտած մի հանդիսատես քննադատել է ռեժիսորին` ասելով, որ իր ֆիլմերում նա միեւնույն պատմություն է պատմում: Քիառոստամին, համաձայնվելով այդ մտքին, այժմ հասկանում է, որ դա անգիտակցաբար է ստացվել, եւ որ իր ֆիլմերով անցնող կարմիր թելը թյուրըմբռնումն է. “Մենք հասկացանք, որ չենք հասկանում միմյանց”: Հենց այս խորագրի ներքո են ապրում ռեժիսորի հերոսները: Ռեժիսորը խոսեց նաեւ իրանական կինոյի` վերջերս ձեռք բերած հաջողության մասին. “Դա պայմանավորված է նրանով, որ լավ ռեժիսորներ ունենք :): Պարսկաստանում Ամերիկյան ֆիլմեր չեն ցուցադրվում, դրա համար էլ հետաքրքրությունը պարսկական ֆիլմերի հանդեպ աճում է: Եվ ընդհանրապես, Իրանի վիճակը հետաքրքրում է ամբողջ աշխարհին”: “Այնպիսի տպավորություն է, որ հայերը կինո չեն սիրում: Նրանք հաճախում են համերգների, ցուցահանդեսների, բայց կինոթատրոն` ոչ: Սակայն “Ոսկե ծիրանի” բացմանը նկատեցի, թե ինչպիսի համբերատար եւ ուշադիր հանդիսատես ունեք: Հանդիսատես, որը ապրում է մի քաղաքում, որտեղ մեկ կինոթատրոն կա”,- ասում է Աբբաս Քիառոստամին: Այժմ հայտնի ռեժիսորը ֆիլմ է նկարահանում Ճապոնիայում: Ֆիլմը սիրային եռանկյունու մասին է` երկու տղամարդ եւ մեկ կին :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: