×


Աշոտ Հարությունյան

Աշոտ Հարությունյան

Տրամբոնահարի հիշատակին նվիրված բարեգործական համերգ Հունվարին պատմել էինք ձեզ ''Երաժշտություն կյանքի համար'' 7-օրյա բարեգործական համերգների մասին, որոնց շրջանակներում մեր քաղաքի լավագույն ջազային ու ռոք-խմբերը հավաքվել էին օգնելու իրենց ընկերոջը` տաղանդավոր ու սիրված երաժիշտ, “Կատուներ” բենդի տրամբոնահար, 42-ամյա Աշոտ Հարությունյանին: Նրա մոտ մեկ տարի առաջ քաղցկեղ էր ախտորոշվել. դժբախտաբար, տարբեր տեսակի բուժումներն անօգուտ էին: Երաժիշտը մեկնեց Գերմանիա, սակայն այնտեղ բուժման համար պահանջվող գումարը չբավականացրեց: Ashot Harutyunyan Աշոտ Հարությունյանի համար կազմակերպված բարեգործական համերգային արշավը տեղի էր ունենում արդեն 3-րդ անգամ: Նախատեսվում էր նաեւ 4-րդ բարեգործական համերգը: Ցավոք, այն դարձավ Աշոտ Հարությունյանի հիշատակին նվիրված համերգ: 2011 թվականի փետրվարի 11-ին Աշոտը հեռացավ… Աշոտ Հարությունյանի հիշատակին նվիրված համերգը տեղի ունեցավ մարտի 2-ին Երեւանի Տիկնիկային թատրոնում: Համերգից գոյացած ամբողջ հասույթը կտրամադրվի Աշոտ Հարությունյանի ընտանիքին: Նա ամուսնացած էր եւ երկու երեխա ունի: Cats Համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական ջազ նվագախումբը, “Armenian Navy Band”-ը, “Dogma”-ն, “Դորիանսը” եւ“Կատուները”: “Armenian Navy Band”-ը ներկայացավ առանց Արտո Թունջբոյաջյանի, վերջինս առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել համերգին, սակայն նամակի տեսքով իր խոսքն էր փոխանցել Աշոտի հարազատներին եւ ընկերներին: Ելույթ ունեցող բոլոր երաժիշտները անձամբ ճանաչում էին Աշոտին: Համեստության, զսպվածության, համբերության եւ սուր, դիպուկ հումորի տեր անձնավորություն, այսպես են հիշում նրան իր ընկերները: Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը նշեց. “Աշոտը շատ ուրախ անձնավորություն էր, եկեք նրան միայն ուրախ հիշենք”: Ու դահլիճում հնչեցին հայտնի ջազային ստանդարտներ եւ հեղինակային կատարումներ: Gor Sujyan “Դորիանս” բենդը “Կու լամը” նվիրեց Աշոտին: “Երկու տարի առաջ Աշոտի հետ մի բեմում նվագել ենք այս երգը, ու դա մեծ պատիվ էր մեզ համար”,- ավելացրեց Գոռը: “Կատուների” Վահագն Հայրապետյանը եզրափակելով համերգը` ավելացրեց. “Կատուները արդեն 5 տարի է կա ու ամեն ինչ Աշոտով է սկսվել, նրանով էլ կշարունակվի”: Աշոտ Հարությունյանը սովորել է երաժշտական գիշերօթիկ դպրոցում, աշխատել է Կրկեսի նվագախմբում, 1989 թվականին հրավիրվել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ: 1997 թվականից սկսել է նվագել վերաբացված Պետական ջազ նվագախմբում: Աշոտը նվագել է Արտո Թունջբոյաջյանի “Navy Band”-ում, հետո արդեն “Կատուներ” խմբում: Bravo.am-ը ցավակցում է Աշոտ Հարությունյանի հարազատներին եւ մտերիմներին: Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW