“Միսս 7 մայրցամաք”-ի տաղանդը Արեւիկ Գեւորգյանը՝ Հ1-ի սերիալների հերոսուհին, վաղուց իր ուժերն է փորձում մոդելային ասպարեզում: Նա օրերս է վերադարձել “Միսս 7 մայրցամաք” միջազգային մրցույթից, որտեղ արժանացել է “Միսս տաղանդ” տիտղոսին ու ընդգրկվել լավագույն յոթնյակում: “Միսս 7 մայրցամաք” գեղեցկության մրցույթը երկու տարի Երեւանում անցկացվելուց հետո այս տարի կայացել է թուրքական Բոդրում քաղաքում: Արեւիկի խոսքերով՝ հագեցած ու բուռն օրակարգ են ունեցել. “Եղել ենք ժամանցի, զվարճանքի վայրերում, քրիստոնեական սրբավայրերում, նաեւ այցելել ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին: Հանգստանալու ժամանակ գրեթե չենք ունեցել, ինչը լավ է. հիմա հիշելու շատ բաներ ունենք”: BRAVO.am-ի հետ զրույցում Արեւիկը նշել է՝ որպես մոդել փորձառություն է ձեռք բերել. “Մրցակցություն չեմ զգացել, միայն իմ ելույթից առաջ էի լարվել, բայց ընդհանուր ընկերական մթնոլորտ էր տիրում, բոլորն էլ հաղթանակի արժանի աղջիկներ էին”: Մինչ եզրափակիչը տեղի են ունեցել “Միսս բիկինի” եւ “Միսս տաղանդ” փուլերը, իսկ հաղթողների անունները հայտարարվել են եզրափակչի ընթացքում: Հայ մոդելը “Միսս տաղանդ” անվանակարգում հանդես է եկել մնջախաղով` ներկայացնելով Լեոնիդ Ենգիբարյանի “Կնոջ կյանքը” երկու րոպե տեւողությամբ բեմադրությունը. “Շատ ուրախ եմ, որ ժյուրին ու հանդիսականները հասկացան բեմադրության իմաստը, անգամ որոշ մարդիկ հուզվել ու արտասվում էին”: “Գումար աշխատելու համար չեմ նկարվում սերիալում”. Արեւիկ Արեւիկի խոսքերով՝ իրեն հաճախ ճանաչում են հեռուստասերիալից, իսկ որպես մոդել ոչ բոլորը գիտեն: Բացի այդ, նա մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող է, ուզում է հետագայում Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում սովորել. “Արդեն հարազատ է դարձել սերիալում դերեր կերտելը, խաղալը… Գումար աշխատելու համար չեմ նկարվում: Ամեն կերպ փորձում եմ հասնել դերասանական այն արվեստին, որն ուզում եմ իմ մեջ տեսնել: Նպատակ ունեմ ռեժիսուրայով զբաղվել: Դեռ չեմ որոշել՝ հիմնական աշխատանքս որը կդառնա”: Այս անգամ մրցույթ-փառատոնին զուգահեռ անց է կացվել նաեւ “Photomodel of The World” մրցույթը: Երկու մրցույթին միաժամանակ մասնակցել է մոտ 35 մոդել: “Միսս 7 մայրցամաք”-ի գլխավոր հաղթող է ճանաչվել Ուկրաինան ներկայացնող Նինա Աստրխանցեւան, իսկ “Photomodel of The World”-ը Բելառուսի ներկայացուցիչ Ինեսսա Կունցեւիչն է: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Արեւիկ Գեւորգյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: