Բրոնզաձույլ 18 գրքի եւ լուսամփոփի համադրությամբ “Հուշարձան ընթերցողին” կտեղադրվի Երեւանում, որը կամբողջացնի այն մարդը, ով կնստի քանդակի վրա, ինչու չէ, լուսանկարվելու համար: Երկու եւ կես մետր բարձրությամբ քանդակը հեղինակելու է դիզայներ, ոսկերիչ եւ քանդակագործ Արման Դավթյանը, նույն ինքը` Նուռը: Նա BRAVO.am-ին ցույց է տվել Ընթերցողի հուշարձանի էսքիզը, մակետը, ներկայացրել է դրա ստեղծման գաղափարը, որն օգոստոսից նյութականացնում է:): Նախնական տվյալներով, քանդակը կտեղադրվի Խնկո Ապոր անվան գրադարանի շրջակայքում:
Երեւանում կտեղադրվի Նուռի հեղինակած "Հուշարձան ընթերցողին" քանդակը
Որոշեց ընթերցողի չքանդակել
Արձան կանգնեցնում են մեծ գործ արած մարդու հիշատակին, հազվադեպ էլ` նրա կյանքի օրոք: Քանի որ վստահ եմ` ընթերցողներ դեռ կան եւ այդքան հազվագյուտ չեն, որոշեցի ընթերցողի չքանդակել, եւ այն մարդը, որը կնստի գրքերի վրա, կդառնա ընթերցողը:
Լուսամփոփի լույս եւ խորհրդանշական գրություն
Կոմպոզիցիայի համար օգտագործված տարբեր դարաշրջանների ու ձեւավորումներով գրքերի վրա հեղինակներ չեն նշվելու, քանի որ հանճարների ընտրությունս սուբյեկտիվ կլիներ. թող ամեն մարդ տեսնի այն հեղինակին, որին նախընտրում է: Գիշերները քանդակը կլուսավորի լուսամփոփի լույսը: Բացված գրքի վրա էլ աշխարհի բոլոր լեզուներով գրություն կլինի: Նշեմ, որ այն նվիրված է Երեւանի` այս տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն:
Արման Դավթյանի հեղինակած "Հուշարձան ընթերցողին" քանդակի մակետը
Բացումը` 2013-ին
Էսքիզային առաջարկս Երեւանի քաղաքապետարանը հաստատել է հուլիսին: Քանդակը պատրաստ կլինի նոյեմբերի կեսին, բայց կարծում եմ` հանդիսավոր բացումը խորհրդանշական կլինի իրականացնել 2013-ի ապրիլին, երբ կլրանա Երեւանի` Գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալու մեկ տարին, եւ այդ տիտղոսը կփոխանցվի այլ քաղաքի: Բացի դա, Ընթերցողի հուշարձանն ավելի շատ ամառային քանդակ է:
Հոգեբանական, դաստիարակչական խաղ
Կարծում եմ` լուսանկարվելու համար քանդակի վրա առաջին հերթին կնստեն նրանք, որոնք ընթերցող չեն, որովհետեւ մարդը սիրում է ընդունել այն կերպարը, որն ինքն իրականում չունի: Անգամ սոցիալական ցանցերում սեփական լուսանկարի փոխարեն, օրինակ, աղջիկները դնում են Անջելինա Ջոլիի նկարը, հետո ձգտում նմանվել այս դերասանուհուն` հարդարվելով նրա նման եւ այլն: Իմ քանդակի դեպքում էլ հոգեբանական, դաստիարակչական փոքրիկ խաղ կա. ընթերցանության հետ սեր չունեցող մարդը, նկարվելով արձանի վրա, պարտքով վերցնում է ընթերցողի կերպարը, հետո փորձելու է այդ պարտքը վերադարձնել. մեկ օր անպայման սկսելու է կարդալ: Գրքի եւ ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը մեծ հաջողություն եւ հաղթանակ կլինի:
"Որոշեցի ընթերցողի չքանդակել, եւ այն մարդը, որը կնստի գրքերի վրա, կդառնա ընթերցողը".Նուռ
“Շփում” արձանի հետ
Ժամանակն է, որ մոնումենտալ արձանների կողքին մեր քաղաքում հայտնվեն ինտերակտիվ, քաղաքային արձաններ, որոնք իրենց պարզությամբ կազդեն ժամանակակից մարդու մտածողության վրա` հաղորդելով օգտակար եւ ուսուցանող ինֆորմացիա: Ամբողջ աշխարհում այսպիսի քանդակները մեծ սեր են վայելում, որոնց հետ մարիկ կարողանում են շփվել, կոնտակտի մեջ մտնել:
Ցանկալի մաշվածություն
Ժամանակի ընթացքում, իհարկե, Ընթերցողի հուշարձանը մաշվածություն ձեռք կբերի, որն ավելի կարժեւորի այն` ցույց տալով` ինչքան ընթերցող կա այս քաղաքում: Օրինակ, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող Պետրոս առաքյալի բրոնզե արձանի մերկ ոտքը հավատացյալների ձեռքի հպումից մաշվել է: Միշտ ցանկանում էի պատկերացնել` ինչքան ժամանակ եւ քանի շոշափում է պետք, որպեսզի նման հաստություն ունեցող բրոնզը դառնա թուղթ: Հենց դա էլ ինձ համար ներշնչանքի մեծ աղբյուր դարձավ:
Արման Դավթյանի հեղինակած "Հուշարձան ընթերցողին" քանդակի մակետը
Գրքասերների “ակումբ”
Քանդակն ունենալու է գրքեր տեղադրելու համար նախատեսված պահոցներ, որտեղ քաղաքացիները կարող են դնել իրենց կարդացած գրքերը կամ վերցնել ընթերցելու համար: Ցանկանում եմ, որ այդ ձեւով գրքերի փոխանակման բարի ավանդույթ ստեղծվի:
Տրանսֆորմացիա
Իմ առաջին մեծ քանդակն է, հուսով եմ` ոչ վերջինը: Միշտ ձգտել եմ դեպի արտահայտման այս միջոցը, որովհետեւ հենց քանդակագործությունն է իմ մասնագիտությունը, ոչ թե այն, ինչով զբաղվում եմ մինչ այսօր: Համարում եմ` ճիշտ տրանսֆորմացիա է փոքր ֆորմաներից դեպի մեծերը, որովհետեւ փոքր տարիքում ես ստեղծում էի շատ մեծ արձաններ եւ ստիպված էի լինում աթոռի վրա կանգնել, որպեսզի կարողանայի քանդակել:
"Գրքի եւ ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելը մեծ հաջողություն եւ հաղթանակ կլինի".Նուռ
"Ապրում" են գրադարանում
Ընտանիքիս անդամները անհամբեր ու սրտատրոփ սպասում են` երբ պատրաստ կլինի քանդակը: Գաղափարը շատ են հավանել: Մենք կարդալու սիրահար ենք, տանն առանձին սենյակ ունենք, որը կոչում ենք գրադարան, այնտեղ էլ անցկացնում ենք մեր ազատ ժամանակը, ապրում ենք այնտեղ: Աղջիկներս այն տարիքում են, երբ արկածային գրականությունն է հետաքրքրում, ես էլ հիմա կարդում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի “Երկնագույն շան աչքերը” գործը:
Կոչ վատ արտահայտվողներին
Երեւանի համար մեծագույն պարգեւ եմ համարում “Գաֆեսճյան” քանդակների պարտեզում տեղադրված “Ծխող կինը” քանդակը, որի հեղինակ Բոտերոն, իմ կարծիքով, մեր ժամանակների Միքելանջելոն է: Եվ մեր քաղաքում տեղադրվել է նրա լավագույն գործերից մեկը: Իմ քանդակով կոչ եմ անում բոլոր վատ արտահայտվողներին կարդալ, որպեսզի կարողանան հասկանալ եւ գնահատել բարձրարժեք արվեստը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: