×


Էդվարդ Վարդանյան

Էդվարդ Վարդանյան

Նկարչի հերթական անհատական ցուցահանդեսը Ապրիլի 20-ին Երեւանում ամպամած էր` անձրեւ եւ մշուշ, սակայն մռայլ եղանակը չխանգարեց ՀՀ նկարիչների միության առջեւ հավաքված հոծ բազմությանը ներս մտնել ու վայելել նկարիչ Էդվարդ Վարդանյանի անհատական ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները: Նախ ելույթ ունեցավ  Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ով բարձր գնահատեց Էդվարդ Վարդանյանի գործունեությունը: Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողության ընթացքում նկարիչը պարգեւատրվեց  Ջիմ Թորոսյանի անվան ոսկե մեդալով: Edward Vardanyan Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի` վերջին 4 տարիների ընթացքում արված աշխատանքները, կան նաեւ մի քանի գործեր, որոնք նկարիչը ստեղծել է 1990-ականներին: Սա Էդվարդ Վարդանյանի` թվով 4-րդ անհատական ցուցահանդեսն է Հայաստանում: Նա բազմիցս ներկայացրել է իր ստեղծագործությունները նաեւ արտերկրում: «Գիտեք, չափազանց է չորս անգամ անհատական ցուցահանդես ունենալ: Կապ չունի, թե արտերկրում որտեղ են ցուցադրվել քո աշխատանքները, կարեւորը` ներկայանալ հայրենիքում»,- պատմում է Էդվարդ Վարդանյանը: Edward Vardanyan Նրա խոսքերով` նկարչությունը մասնագիտություն չէ, այլ Աստծո շնորհ: «Եթե մասնագիտության ընտրությամբ լիներ` ես վաղուց կհրաժարվեի, բայց չեմ կարողանում: Լինում են պահեր, երբ ուզում եմ հրաժարվեմ նկարելուց:  Այս ամենը շատ դժվար ու տառապալի աշխատանքի արդյունք է»,- պատմում է նկարիչը: Էդվարդ Վարդանյանը չի հավատում մուսա ասվածին. «Աստված ինչ տալիս է, դա էլ նկարում ես: Պետք է ներքին հարստություն լինի, որ կարողանաս արտահայտվել»,- ասում է նա: Նկարիչը իր առաջին եւ ամենամեծ ուսուցիչն է համարում իր մորը, ում դիմանկարը եւս ներկայացված էր ցուցահանդեսին: Ներկաները կարող էին տեսնել նաեւ Հրաչյա Հովհաննիսյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Խաչիկ Դաշտենցի եւ այլ դիմանկարներ: Ներկայացված էին նաեւ նկարչի հեղինակած կավե իրերը: Khachik Dashtenc Ցուցահանդեսին ներկա էին քաղաքական գործիչներ, դերասաններ, արվեստագետներ եւ Էդվարդ Վարդանյանի ուսանողները: «Էդվարդին արդեն 35 տարի ճանաչում եմ, եւ իր ստեղծագործական ուղին իմ աչքի առջեւ է: Մենք այսօր ունենք շատ հետաքրքիր, պոետիկ եւ հեքիաթային մի նկարիչ, նա պրոֆեսիոնալ կրթություն է ստացել եւ հետո մտել ստեղծագործական օվկիանոս»,- ասում է Հայաստանի պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Հանդիպեցինք նաեւ Էդվարդի ընկերոջը` դերասան Աշոտ Ղազարյանին. «Նա իմ ընկերն է, ու ես ուրախանում եմ իր հաջողություններով: Ուզում եմ, որ միշտ ժպտա ու իր ստեղծագործությունների միջոցով ժպիտներ պարգեւի բոլորին»,- ասաց դերասանը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW