"Երգչուհին մահացել է անկողնում` ալկոհոլի չարաշահումից" Էմի Ուայնհաուսի վաղաժամ մահվան մասին հայտնել ենք: 27-ամյա մուլտիմիլիոնատեր երգչուհու մահվան պատճառը բացահայտող պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա: Նախնական վարկածի համաձայն` նա մահացել է ոչ թե թմրադեղերի, այլ` ալկոհոլի չարաշահումից, ինչի միջոցով էլ փորձում էր “թարգել” թմրամոլությունը: “Երգչուհին տանը մենակ էր` առանց թիկնապահի, ով հսկում էր իրեն վերջին տարիների ընթացքում: Մի քանի ժամ անց, երբ թիկնապահը մտել է ննջարան` Էմիին արթնացնելու, վերջինս արդեն չի շնչել: Հենց թիկնապահն էլ շտապ օգնություն է կանչել: Նա մահացել է միայնակ` անկողնում”,- հայտարարել է Ուայնհաուսի մամուլի խոսնակը: Մահվան նախօրեին երգչուհին հանդիպել ու նախաճաշել է մոր` Ջանիսի հետ: Հրաժեշտի պահին Էմին համբուրել է մորն ու ասել. “Մայրիկ, սիրում եմ քեզ”: Ջանիսը կարծում է` դստեր մահը ժամանակի խնդիր էր: Լուրեր են շրջանառվում նաեւ, թե մահվանից ժամեր առաջ Էմին հերթական անգամ այցելել է բժշկի, ով հաստատել է, որ երգչուհու առողջական վիճակը բավարար է: Էմիի մահը ցնցել է երկրպագուներին, նրանցից շատերը շարունակում են հավաքվել Լոնդոնի իր բնակարանի մոտ, որտեղ եւ հուլիսի 23-ին հայտնաբերվել էր երգչուհու դիակը` իրենց հետ վերցնելով մոմեր, ծաղիկներ, Էմիի լուսանկարները, ծխախոտ, ինչպես նաեւ օղիի շշեր: Երգչուհի Ռիհանան, դերասանուհի Դեմի Մուրը եւ այլ հանրահայտ արտիստներ էլ իրենց ցավակցական ուղերձներն են հղում երգչուհու ընտանիքին: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կինը` Սարան հետեւյալն է գրել Twitter-ի իր էջում. “Մեծ տաղանդի կորուստ, ով ընդամենը 27 տարեկան էր: Ցավակցում եմ իր ընտանիքին”: Ուայնհաուսի նախկին ամուսինը` Բլեյք Ֆիլդր-Սիվիլը, ով հիմա ազատազրկված է, իր հուզմունքն արտահայտել է Էմիի երգերից մեկի բառերով. “Արցունքներս չեն չորանում”: Էմին եւ Բլեյքն ամուսնալուծվել էին, սակայն այս զույգի մասին միշտ հետեւյալն են ասել. “Նրանք չեն կարողանում ապրել միասին, բայց չեն էլ կարողանում գոյատեւել առանց իրար”: Ի դեպ, հենց Բլեյքին են մեղադրում Էմիին թմրադեղերին “կապելու” հարցում: “Էմին պարզապես ուզում էր սիրված լինել”. սա են համարում երգչուհու մահվան պատճառներից մեկը: Նա վերջերս էր բաժանվել նոր զուգընկերոջից` ռեժիսոր Ռեգ Թրավիսից, ով հայտարարել է` այլեւս անզոր էր օգնել երգչուհուն: Լոնդոն է ժամանել երգչուհու հայրը` 60-ամյա Միչը, ով ջազային համերգներով Նյու-Յորքում էր գտնվում: Չնայած որ երգչուհու ծնողները ամուսնալուծված էին, հայրը մշտապես դստեր կողքին է եղել. “Սա, երեւի, երազ է: Երբ ես տուն եմ վերադառնում, պետք է Էմիին տեսնեմ”: Հունիսին Էմին դուրս էր գրվել “Priory” հիվանդանոցից, որտեղ ինտենսիվ բուժում էր անցնում: Թեեւ բժիշկները հաստատել էին, որ նա կարող է բեմ վերադառնալ, լոնդոնյան հեղինակավոր ակումբներից մեկում 7 երգ է ներկայացրել, իսկ մի քանի շաբաթ անց տապալել է Բելգրադում կայանալիք համերգն ու չեղյալ հայտարարել եվրոպական շրջագայությունը: Լոնդոնի Քամդեն պուրակում գտնվող սրճարաններից մեկի աշխատակիցները պատմում են, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում երգչուհին միայն զովացուցիչ ըմպելիք է պատվիրել` ասելով, որ իրեն ալկոհոլային խմիչք չմատուցեն, նույնիսկ եթե պատվիրի: Հենց այս պուրակի հարեւանությամբ է բնակվել Էմին: Ռոք եւ բլյուզ երաժշտական ոճերի ներկայացուցիչների համար կարծես ճակատագրական է 27-ը: Էմին համալրեց “27 ակումբի” կազմը, որում հայտնվել են 27 տարեկան հասակում վաղաժամ մահացած երաժիշտներ, ովքեր կյանքից հեռացել են խմիչքի, թմրադեղերի չարաշահման պատճառով կամ տարօրինակ իրավիճակներում: “27 ակումբ”-ից են Ջիմի Հենդրիքսը, Ջիմ Մորիսոնը ''The Doors''-ից եւ Ջանիս Ջոփլինը: Հետագայում ցուցակը համալրել են նաեւ “The Rolling Stones” խմբի հիմնադիրներից կիթառահար Բրայան Ջոնսն ու “Nirvana”-ից Քուրթ Քոբեյնը: Իրականում շատ ավելի մեծ այս ցուցակում այժմ ավելացավ նաեւ Էմի Ուայնհաուսի անունը: Այժմ Էմի Ուայնհաուսի` 5 տարի առաջ թողարկված “Back to Black” ալբոմը նորից գրոհում է հիթ-շքերթները: Երգչուհու ձայնասկավառակների վաճառքը կտրուկ աճել է: Ներկայացնում ենք Էմիի վերջին բեմելն ու Բելգրադում տապալված ելույթը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.dailymail.co.uk
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: