«Պրոֆեսիոնալ է այն, ինչը համարձակ է:)» 24-ամյա ֆոտոմոդել Էնթոնի Մարտիրոսյանը իրանահայ է. ծնվել ու մեծացել է Իրանում, այժմ բնակվում է Հայաստանում եւ փորձում է մոդելային կարիերայով զբաղվել. «Միանգամից չեմ տեղափոխվել, ընթացքում գնում-գալիս էի, բայց Իրանում մոդելինգը սահմանափակ է. մերկ նկարվելիս կարող ես խնդիրներ ունենալ, ինչքան էլ որ հայ ես»: Մոդելային աշխատանքի հանդեպ հետաքրքրություն, ինչպես ինքն է նշում, դեռ փոքր տարիքից է ունեցել, երբ Իրանում արբանյակային ալեհավաքով դիտել է նորաձեւության ու մոդելային կյանքը ցուցադրող հեռուստաալիքները: «Հոլիվուդյան կյանքը, ֆիլմերը, մոդելների պահվածքն ինձ շատ էր հետաքրքրում, թեկուզ ծնողներս չէին թողնում, որովհետեւ շատ փոքր էի, բայց միշտ էլ նայում էի:)», - հիշում է Էնթոնին ու նշում, որ քնել, արթնանալով չի կայացրել մոդել դառնալու որոշումը. «Ամեն մարդ առաջին հերթին պետք է իր արտաքին տվյալներին նայի, հետո հասկանա` կարող է աշխատել որպես մոդել, թե` ոչ: Դեռ Թեհրանում ստանում էի առաջարկներ, բայց որոշեցի Հայաստանում շարունակել, որովհետեւ այստեղ ազատ է»: Նա հիշեց մի դեպք, երբ Թեհրանում աղջիկների ուշադրությանն է արժանացել, ավելի ճիշտ` իր լուսանկարը. «Չնայած հայկական դպրոցում էի սովորում, բայց մահմեդական փակ վիճակները միշտ զգացել եմ: Մի ֆոտո ունեի, դպրոցի աղջիկների ձեռքն էր ընկել, իրենց քննարկման թեման էի դարձել, մտածում էին` ամսագրից կտրած նկար է:)»: Մինչ Հայաստան գալը, մոդելն Իրանում նկարահանվել է գովազդային հոլովակներում. «Իմ դեմքը որոշ չափով ինձ հաջողություն է բերել: Այդ առաջարկները ստացել եմ, որովհետեւ արտասահմանցու դիմագծեր ունեմ, նման չեմ տեղի մարդկանց: Այստեղ էլ շատ են հարցնում` հայ եմ, թե` ոչ, քանի որ անունս հայկական չէ, մի քիչ էլ ակցենտով եմ խոսում»: 180սմ հասակով մոդելը նշում է` ինքը «թանկ» մոդել է, չի ցանկանում ամեն տեղ երեւալ. «Ինչքան ես եմ հասկացել, Երեւանում պետք է սկզբից շատ գումար պահանջել, եթե էժան գներով նկարահանվես, դեմքդ «վառես», հետո էլ չեն գնահատի ու բարձր գին չեն վճարի: Մի քիչ գոհ չեմ, որովհետեւ Երեւանում մոդելի աշխատանքը չի գնահատվում: Այստեղ շատ լավ տվյալներով աղջիկներ ու տղաներ կան, բայց գումարի քիչ լինելու պատճառով չեն զբաղվում մոդելինգով»: Թոնին` ինչպես նրան դիմում են մտերիմները, Երեւանում ականջը դակել է. ձախ ականջին օղ ունի, ինչը համարում է շատ համարձակ ու նորաձեւ քայլ: «Երբ 10 տարի առաջ եկա Հայաստան, այստեղ տղաները նեղ ջինսեր չէին հագնում, մազերը չէին երկարացնում, կարճ տաբատներ չէին հագնում, սփյուռքահայերին, տուրիստներին էլ անուն էին դնում: Հիմա նույնը ականջօղի դեպքում է. այդ տղաները սկսել են նեղ ջինսեր հագնել, համոզված եմ, որ տարիներ հետո անուն դնողները սկսելու են ականջ դակել: Սկզբում ծանոթներս հարցեր էին տալիս, ուշադիր նայում էին, հիմա իրենց աչքը սովորել է, շատ նորմալ են վերաբերում: Մոդելներն ու դիզայներները հենց նրա համար են, որ նորաձեւը թելադրեն լայն զանգվածներին», - համոզված է նա: Ֆոտոմոդելի աշխատանքը սիրող Էնթոնին այնքան էլ չի սիրում ցուցադրությունների մասնակցել, իրեն հարմարավետ է զգում ֆոտոխցիկի առջեւ, Հայաստանից էլ չի ուզում հեռանալ, այստեղ իրեն «տանն» է զգում. «Կարող եմ գնալ եվրոպական որեւէ երկիր ու սկսել զրոյից, բայց Երեւանն ինձ հարազատ է, ուզում եմ մնալ:)»: Լավ մարզավիճակում լինելու համար պարբերաբար զբաղվում է լողով, երբեմն ալպինիզմով, մոտոցիկլետ է վարում, օդապարիկով թռչում, շաբաթական մի քանի անգամ էլ հաճախում է ֆիտնես-ակումբ, նաեւ սոլյարի` հատուկ թուխ մաշկ ունենալու համար. «Ճիշտ է, սոլյարին վնասակար է, բայց մաշկս մուգ է պահում, իսկ լուսանկարների մեջ պրոֆեսիոնալ ու գեղեցիկ է լինում, երբ մկաններս լույսի տակ ընդգծվում են: Դիետաներ չեմ պահում, միայն նկարահանումից մի քանի օր առաջ քիչ եմ ուտում»: Թոնին խոստովանում է, թե ինչն է, ավելի ճիշտ` ով է նրան ստիպել հաստատվել Հայաստանում. «Երեք տարի առաջ ամռանը, երբ Երեւան էի եկել, մի աղջկա հետ ծանոթացա, ընկերություն էինք անում, մասնագիտությամբ ոստիկան էր: Նրա համար էի տեղափոխվել, բայց հետո ուսումը շարունակելու համար նա մեկնեց, որոշեցինք բաժանվել: Հիմա ընկերուհի չունեմ, դեմ չեմ լինի, որ նա մոդել կամ դերասան լինի ու չեմ արգելի, որ լողազգեստով բաց տեսարաններում նկարահանվի: Նաեւ պետք է ասեմ, որ իմ արտաքինը չեմ օգտագործում, լուրջ հարաբերությունների կողմնակից եմ, ինձ համակրող աղջիկներին երես չեմ տալիս, զգացմունքների հետ չեմ խաղում ու հետո սիրտը կոտրում եւ հեռանում»: Նախկինում նկարահանվել է «Դիմակահանդես» սերիալում, հիմա խաղում է «Կյանքի գինը» սերիալում: «Եթե մարդ ուզում է առաջադիմի, պետք է սկսի ամենացածր աստիճանից: Չեմ նեղվում, որ սերիալում եմ նկարահանվում», - ասում է մոդելն ու ավելացնում. «Միայն նեղվում եմ այն փաստից, որ նկարահանումները միշտ ձգձգվում են, մարդիկ իրենց գործին կազմակերպված չեն մոտենում, 3 ժամի փոխարեն կարող են 8-9 ժամ նկարել, կապ չունի ամսագրի համար է, թե սերիալի: Երբ զանգում են, ասում նկարահանման տեղն ու ժամը, միշտ կատակով հարցնում եմ` հայավարի ժամով գամ, թե`իմ ժամով:)»: Թեեւ սերիալից եկամուտ ունի, բայց նշում է, որ Հայաստանում ապրելու համար մոդելները շատ քիչ գումար են աշխատում: Նրան ֆինանսապես օգնում է հայրը, ով Հարավային Ամերիկայում` Վենեսուելայում, կապի բիզնես ունի, մայրն էլ բալետի ուսուցչուհի է: Հիմա ընտանիքով Հայաստան են տեղափոխվել. «Հորս գործը որոշ չափով սովորել եմ, իրեն օգնում եմ, ինչի համար վարձատրվում եմ: Հետագայում, երբ մոդելինգով չեմ զբաղվի, նրա գործը կշարունակեմ: Մոդելային գործը հոբբի է, հաճույք եմ ստանում, ինչպես սպորտից, բայց մոդելի աշխատանքը հարատեւ չէ»: Էնթոնին հուսով է` հայ աղջիկ ու տղա մոդելներն ավելի ազատ կդառնան, աշխատանքի ընթացքում չեն բարդույթավորվի. «Ուզում եմ, որ մոդելները չմտածեն, թե ով ինչ կասի, ամեն մեկի կարծիքին ուշադրություն չդարձնեն: Ոչ ոք իրավունք չունի մոդելային գործը անառակ համարել: Պրոֆեսիոնալ է այն, ինչը համարձակ է, չնայած Հայաստանում համարձակությունը դեռ պակասում է»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Էնթոնիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: