“Իմ ու ընկերուհուս հանդիպումները տոն են” Լեւոն Արոնյանի հետ օրերս Հանրապետության հրապարակում էինք քայլում. “Շատ սիրուն է մեր հրապարակը, մաքուր պահենք: Մեքսիկայի հրապարակն էլ է այսպիսին. իրենք էլ տուֆ ունեն”: Միջազգային գրոսմայստերին Bravo.am-ը լուսանկարեց իր սիրելի հրապարակի ֆոնին, Լեւոն Արոնյանի հետ լուսանկար ունենալու առիթով աժիոտաժ ստեղծեցին մի խումբ դպրոցականներ. նրանց ուսուցչուհին էր շատ ուրախացել:): Հրապարակի ժամացույցի տակ մեկը որոշեց, որ շախմատիստը պարտավոր է իրեն գումարով օգնել, թեեւ` դրանից րոպեներ առաջ Լեւոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրբանկատորեն ասել էր` իրենից պարտքով փող չեն ուզում: Լեւոն Արոնյանը գարնան հինգերորդ օրը բաց վարդագույն վերնաշապիկ էր հագել. սիրելիի ընտրությունն էր:). “Սիրում եմ վառ գույների մեջ լինել, բայց ոճիս երբեք չեմ հետեւում: Ընկերուհիս է միշտ ինչ-որ բաներ փոխում իմ ոճում, փորձում մի նոր բան ավելացնել. ես պասիվ դերում եմ այդ հարցում”: Լեւոնի ֆիլիպինուհի ընկերուհին` Արիանան, վերջին անգամ Հայաստանում մի տարի առաջ է եղել. հիմա Ավստրալիայում է. “Ընկերուհիս շատ զբաղված մարդ է. միշտ պարապում է կամ սովորում: Ուրախ եմ լինում, եթե կարողանում ենք միասին մի տեղ գնալ”: 28-ամյա Լեւոն Արոնյանից Արիանան չորս տարի է փոքր, մասնագիտությամբ քաղաքագետ է. “Հիմա ոչ թե շախմատով, այլ էկոնոմիկայով է զբաղվում: Շատ է հետաքրքրվում Հայաստանի պատմությամբ: Ամոթ է ասելը, երեւի թե ինձնից շատ ավելի լավ գիտի հայկական ներկայիս իրավիճակը”: “Միշտ ազատ եմ եղել”. Լեւոն Արոնյան Գրոսմայստերը, ով նախընտրում է անձնական կյանքի մանրամասներով լրագրողների հետ չկիսվել, Bravo.am-ի հետ զրույցում պատմեց` ֆիլիպինուհուն Եվրոպայում է հանդիպել 2006 թվականի վերջին. “Ավստրալացի մտերիմ ընկերս Արիանայի առաջին ուսուցիչն է եղել, իրար շատ փոքրուց գիտեն: Նա մեզ ծանոթացրեց` կարծելով, որ մտածելակերպով շատ նման ենք իրար: Եվ այդպես… :)”: Շախմատիստից հետաքրքրվեցինք` մայրը` տիկին Սեդան, ինչպե՞ս է վերաբերվում ոչ հայուհի հարս ունենալուն: “Իմ անձնական կյանքն ես եմ տնօրինում, ծնողներիցս էլ կարող եմ խորհուրդ հարցնել: Բախտս բերել է` տան փոքրն եմ, եւ այն վերահսկողությունը, որ քրոջս վրա է եղել, ես չեմ զգացել. միշտ շատ ազատ եմ եղել”,- ասաց Լեւոն Արոնյանը: Շուտվանից չի պարտվել Մի ամիս է` գրոսմայստերը Հայաստանում էր. Ծաղկաձորում մարզվում էր` մայիսի 3-ից 27-ը Կազանում կայանալիք Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին ընդառաջ: “Մրցակիցս լինելու է ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը. չորս խաղ ենք խաղալու, իսկ հաղթողը թե ում հետ կխաղա, այդքան կարեւոր չէ: Կարծում եմ` հետաքրքիր խաղ պետք է լինի”,- նշեց Լեւոնն ու հավելեց. “Շախմատում էլ, կյանքում էլ չեմ սիրում ինչ-որ մի բան թաքցնել կամ խնայել, միշտ փորձում եմ իմ ուժեղագույն խաղը խաղալ: Այդ պատճառով էլ ճիշտ կլինի ասել, որ մեծ բաներ իմ խաղում չեն փոխվելու, որովհետեւ այս պահին ուրախ եմ, որ իմ խաղը որակ է”: “Ամոթ կլինի` լավ չխաղանք”. Լեւոն Արոնյան Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեւոն Արոնյանին տուն է նվիրել: Շախմատիստը կարծում է` նոր բնակարանում նոր մտքեր կծնվեն:). “Շատ լավ ու հանգիստ եմ զգում ինձ այնտեղ, թեեւ դեռ չեմ հասցրել վայելել: Ավելի շուտ տուն չէ, աշխատասենյակ է: Այս պահին հայկական շախմատը վերելքի վրա է, եւ այն աջակցությունը, որ ստանում են մեր շախմատիստները, պետք է օգտագործվի: Ամոթ կլինի` լավ չխաղանք:): Ես բոլոր խաղերս էլ փորձում եմ լավ անցկացնել: Այն փաստը, որ շուտվանից չեմ պարտվել, ուրախացնում է ինձ”: “Իմ կյանքը շախմատում է”. Լեւոն Արոնյան Լեւոնը այսօր Գերմանիա է մեկնել` Բեռլինի իր տուն. “Ծնողներս ու քույրս այնտեղ են ապրում: Սխալ կլինի, եթե ասեմ` իմ կյանքը Հայաստանում է կամ Եվրոպայում. իմ կյանքը շախմատում է: Չգիտեմ` ինչով եմ զբաղվելու վաղը կամ մյուս օրը, գիտեմ` կփորձեմ շախմատ խաղալ, կարծում եմ` մարդը չի կարող ասել` ինչ կտեսնի իր կյանքում: Ես երբեք չեմ սիրել պլանավորել ինչ-որ բան: Շախմատում քայլերը պլանավորելը բավական է, կյանքում փորձում ես ավելի հանգիստ ապրել:)”: Պաշտոն զբաղեցնելու մասին կմտածի “Եթե իմանամ` այդ աշխատանքը կարող եմ անել, այդ հավատն ունենամ… Եթե իմ ընկերեներն այդ մտքի հետ հաշտվեն, հավատան, երեւի թե կմտածեմ”,- Հայաստանում իր` պաշտոն զբաղեցնելու հավանականության մասին այսպես արտահայտվեց Լեւոն Արոնյանը: Հոնի օղիով եւ ջազային տրամադրությամբ:) Նա շախմատին հավասար դասական, ջազ երաժշտություն է սիրում եւ դրանով ոգեւորվում: Առհասարակ, շախմատն ինչ-որ բանի հետ համեմատել չի սիրում. “Ոնց որ հարցնենք` մամայիդ ես սիրում, թե դոլմա”: Արոնյանը շատ է կարդում. “Բայց այս պահին մի քիչ դժվար է կարդալը: Երբ պարապում ես, այն հանգստությունը չունես, որ գիրք վերցնես ձեռքդ: Վերջերս էկոնոմիկայի մասին էի կարդում. ինձ հետաքրքիր էր: Շախմատիստները երեւի այդպիսին են, ամեն ինչ կյանքում քայլերի հետ են նույնացնում”: Լեւոնը սպորտի հետ սեր ունի, բայց խոստովանում է` ֆուտբոլ լավ չի խաղում:): Ազատ ժամանակ սիրում է ճամփորդել` տարբեր երկրներ գնալ, ակումբներ հաճախել: Ալկոհոլային խմիչքներից էլ չի խուսափում. նախընտրում է գինին. “Որովհետեւ գիտելիքներ ունեմ գինու մասին: Բարձր գրադուսով հոնի օղի եմ շատ սիրում, տեկիլա, ռոմ”: Շախմատիստը ասաց` խմիչքի հետ խորոված-չալաղաջային պահերը չի սիրում:): Նոր տարին Ավստրալիայում է անցկացրել. “Սիրում եմ առօրյան փոխել”: Ութ ժամ է քնում, իր ամեն օրն էլ կիրակի է: Լեւոնը իր մասին նորություններին չի հետեւում. “Իմ մասին երեւի թե ավելի շատ գիտեմ: Մարդկանց մեկնաբանությունները ինձ համար կարեւոր կլինեն, բայց ես դրանց վրա կնայեմ որպես մի կարծիք եւ դրանից չեմ նեղվի կամ չեմ հպարտանա”:
Զարմանալու հատկությամբ ու կիթառ նվագելիս :) Մարտի 8-ին քրոջն ու մորը չի մոռանա շնորհավորել տոնի կապակցությամբ: Գրոսմայստերն ասաց` շատ թանկարժեք նվերներ չի սիրում նվիրել ու ստանալ: “Կարծում եմ` թանկարժեք նվերները մարդուն հավասարակշռությունից հանում են, դա սիրուն չէ: Սիրում եմ այն նվերները, որոնք զարմացնում են, կարող են պետքական լինել, կարող են մարդու մեջ մի նոր զգացում առաջացնել: Կարող է մի նոր գիրք լինել, մի նոր բան, որի մասին մարդը չգիտի: Գուցե երաժշտական գործիք…”,- Bravo.am-ին ասաց գրոսմայստերն ու հավելեց` տանը երաժշտական գործիք չունի. “Բայց շատ կուզեի… Կիթառ նվագելուն էլ դեմ չեմ, գուցե ավելի հեշտ բան ընտրեմ…”: Լեւոն Արոնյանի ու ֆիլիպինուհի Արիանայի նշած տոները օրացույցում չկան. “Քանի որ երկուսս էլ շատ զբաղված ենք, մեր հանդիպումներն են տոն դառնում երկուսիս համար”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: