Գյումրու հոգու նկարիչը ներկայացավ ծննդավայրում Արվեստագետը գեղեցկության մեծ չափաբաժնից լավ իմաստով շնչահեղձ չլինելու համար սկսում է ստեղծագործել:): Bravo.am-ը իր նախորդ հրապարակումներում արդեն իսկ ներկայացրել է իր գծանկարներով Գյումրին սիրել տվող Լեւոն Լաճիկյանին: Գեղագետ, մշակութային մեկնաբանը, ով արդեն հինգ տարի է` նաեւ գրաֆիկ-նկարիչ է, այս ամիս իր երրորդ, բայց ծննդավայր Գյումրիում առաջին անհատական ցուցահանդեսով ներկայացավ: “Գյումրի, իմ սեր” խորագիրը կրող ցուցահանդեսով նաեւ Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի գեղարվեստական օծումը տեղի ունեցավ:): Ներկայացված քառասուն գծանկարչական աշխատանքների ուղիղ կեսը Գյումրին էին պատկերում: “Քանի որ Գորիսի եւ երեւանյան ցուցահանդեսները, ըստ իս, բավական հաջողություն ունեցան, ինձ հիմք տվեցին, որ համարձակվեմ ծննդավայրումս ներկայանալ եւ գյումրեցի արվեստասերին ցուցադրել այն Գյումրին, որում ինքն ապրում է, շատ լավ գիտի: Նկարներում նաեւ իմ Գյումրին է, իմ հայացքը` քաղաքին, որը, նշում են, շատ նուրբ է”,- ասաց Լեւոն Լաճիկյանը եւ հավելեց. “ Գյումրեցի հանդիսատեսը կեղծը չի հանդուրժում, իր “խասիաթի” պես կտրուկ է. կամ լիասիրտ ծափ է տալիս, կամ թողնում, դուրս գալիս”: “Ինչ, որ եղա, Գյումրիով եղա”. Լեւոն Լաճիկյան Գյումրու շենքային կերպար առած հոգու նկարչի համար իր աշխատանքի ամենաբարձր գնահատականը, իր խոսքերով, պարզ գյումրեցի մարդունն է. “Ով եկել էր թեկուզ չսափրված, մի քիչ էլ ոչ լավ հագնված, բայց ուշադիր նայում էր նկարներն ու վերջում ասաց` “հալալ է քեզ”: Ինչ, որ եղա, Գյումրիով եղա”: Լեւոն Լաճիկյանը խորհրդանշական է համարում նաեւ այն, որ հենց Գյումրիում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ իրեն պարգեւատրեցին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով` արդի հայ մշակույթին մատուցած նշանակալի ծառայությունների համար, ինչպես նաեւ ստեղծագործական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ: Գյումրին իր ստեղծագործություններում լավագույնս ներկայացնելու համար գեղագետին քաղաքապետարանի կողմից էլ պատվոգիր շնորհվեց: Աստվածային մեղեդիներ, որ մարդը չի լսում “Փիլիսոփայության մեջ պյութագորականների երկնակամարների տեսությունը կա, ըստ որի` ողջ տիեզերքը լեցուն է աստվածային մեղեդիներով, բայց մարդը չի լսում այն, քանի որ ականջներում ունի: Գուցե մեկ այլ համաստեղությունից եկած էակը կլսի: Նմանատիպ իրավիճակում էլ ես էի հայտնվել: Գյումրիում եմ ծնվել, այն աքերիս մեջ ունեի ու չէի զգում գեղեցկությունը: Դրա համար էր գուցե պետք մի քիչ օտարվելս. իմ երեւանաբանակ լինելու հանգամանքն ու շատ գեղեցիկ քաղաքներում շրջելը… Նյու Յորքից վերադարձա ու Գյումրիում քայլելու ներքին պահանջ զգացի եւ հասկացա, որ ընկել եմ մի գանձերի քաղաք` մեկը մյուսից սիրուն շենքերով”,- ասաց Լեւոն Լաճիկյանը: Նկարիչը շեշտում է` Գյումրին ամենեւին դեռ չի նկարել. “Ինչքան գեղեցիկ շենք կա քաղաքում, այդքան նկար էլ կարող եմ ստեղծել: Վերջինները պարզ գեղարվեստական նկարներ չեն, սրանով, իրոք, փորձում եմ փառավորել Գյումրին, որը ընտիր քաղաք է ու կարող է զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել”: Գծանկարված Գյումրիի հաջորդ հանգրվանը` Կարս Աշխարհի ամենալավ բանը աշխարհ տեսնելն համարող Լեւոն Լաճիկյանը ցանկանում է “գյումրիապատումը” Կարսում ցուցադրել. “Կարսը, Էրզրումն ու Գյումրին գեղեցիկ շարք են կազմում: Գյումրիում քայլող մարդը կարող է հանգիստ ասել` Կարսում եղել է, եւ հակառակը. նույն ձեռագիրն է: Կարսն էլ կնկարեմ ու գյումրեցիներին ցույց կտամ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Լեւոն Լաճիկյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: