Սեւ կատուներ, դիմակներ ու արյունով նկարված նկար...
Նոյեմբերի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Լիանա Բատորիի անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Uni Staff ընկերությունը:
Ցուցասրահում շրջում էին սեւ կատուների տեսքով երիտասարդ աղջիկներ, ժպտում այցելուներին ու ուղեկցում խորհրդավոր նկարների մոտ: Այցելուներից ոմանք առաջին անգամ էին տեսնում նկարչական այս ձեռագիրն ու փորձում յուրովի մեկնաբանել...
Երիտասարդ նկարչուհի Լիանա Բատորին ծնվել է 1989-ին, նկարել սկսել դեռ մանկուց. «Որքան որ ես եմ ինձ հիշում, նկարում եմ»: Լիանայի նկարներում մեծ տեղ են զբաղեցնում սեւ կատուները, դիմակները, մերկ կանայք, իսկ ամենաանսովորը արյունով նկարած նկարն էր: Թե ինչ խորհուրդ ունեն թվարկվածները նկարչուհու աշխատանքներում` փորձեցինք իմանալ հենց Լիանայից: Պարզվեց, որ նա կատուներ շատ է սիրում, իսկ սեւ կատուն իր կյանքի թալիսմանն է համարում. «Ես տանը ունեմ երկու կատու` սեւ եւ սիամական: Կատուներն ինձ հիշեցնում են կանանց, նկարիչներին»:
Դիմակներ Լիանան սկսել է նկարել վերջերս. իր առաջին ցուցահանդեսի ժամանակ չի ունեցել որեւէ դիմակ, բայց, հասուն կյանք մտնելով, հասկացել է, որ մարդիկ միայն մի դեմք չունեն ու իր նկարներում մարդկանց պատկերել դիմակներով:
Լիանայի համար մերկ կանայք անմեղ մաքրության խորհրդանիշ են: Իսկ արյունով կատարված աշխատանքի մասին մեր զրուցակիցն այնքան էլ ծավալուն չցանկացավ խոսել` այն խիստ անձնական համարելով: «Դա մարդկային արյուն է, երիտասարդ տղայի... այս նկարն իրենից ներկայացնում է կյանք եւ սեր, շատ մեծ, բայց մարած սեր»,- նկարչուհին ասաց, որ այն կապված է իր անձնականի հետ: Սեւ կատուների սիրահարը ցուցահանդեսի ժամանակ էլ սեւ զգեստ էր հագել. «Սեւն ավելին է, քան լույսը, այն իր մեջ բոլոր գույներն է պարունակում»:
Իր նկարչական գիտելիքների համար Լիանա Բատորին շնորհակալ է ուսուցիչներին` Հրանուշ Սահակյանին եւ Սամվել Սեւադային, որոնցից, ինչպես ինքն է նշում, սովորել է ամեն ինչ:
Նկարչուհու ցանկությամբ ցուցահանդեսը, ուր ներկայացված նկարները նաեւ վաճառվում են, կրում է բարեգործական բնույթ. հասույթը պետք է տրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների ընտանիքներին:
Ցուցահանդեսի կազմակերպիչներից Uni Staff-ի համահիմնադիր Գոհար Գասպարյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ են համագործակցում Լիանայի հետ. «Նա ինքը գտավ մեզ: Նրա նկարները շատ մեծ հետաքրքրություն առաջացրեցին մեզ մոտ: Լիանան բազմաոճ նկարչուհի է: Այստեղ կան եւ միստիկ նկարներ, եւ շատ ավելի լուսավոր ու պայծառ... ինչպես իր արտաքինն է. նա միստիկ արտաքին ունի, բայց ներքուստ շատ լուսավոր ու պայծառ մարդ է: Ինձ թվում է` նա մեծ հեռանկար ունեցող նկարչուհի է: )»:
Իսկ պարուհի Վարդուհի Ալեքսանյանը, ով եւս Uni Staff-ի հիմնադիրներից է, ասաց, որ իրեն դուր է գալիս Լիանայի տաքարյուն լինելն ու ջերմությունը. «Այս նկարները նրա հոգու շունչն են, դրա արտացոլանքը: Ողջունելի է, որ այս տարիքում նա համարձակությամբ դուրս է գալիս նկարիչների «շուկա», փորձում յուրովի ներկայանալ»: Կազմակերպիչներից հաղորդավարուհի Դինան էլ նշեց, որ Լիանայի նկարները տարբերվում են իրենց ոճով եւ ուղղվածությամբ:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված է 27 աշխատանք, որոնք կցուցադրվեն մինչ նոյեմբերի 10-ը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: