“Ուրիշ քաղաքում” CD-ի շնորհանդեսը կայացել է:) “Քաղաքները շատ են, մի տեղ լուսաբաց է, մյուսում` միշտ անձրեւ... ”: Քաղաքներից Երեւանում երեկ երեկոյան կայացել է լրագրող Լիլիթ Բլեյանի “Ուրիշ քաղաքում” ձայնասկավառակի շնորհանդեսը: Հեղինակային երգերի “Ուրիշ քաղաքում” ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա են եղել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, լրագրողներ ու արվեստագետներ: “Երգեր գրել եմ վաղ հասակից: Ձայնասկավառակում կա ինը երգ, ութը` հայերեն, մեկն էլ “Սպասող գնացքներ” երգի իսպաներեն տարբերակն է: Մեծ դժվարությամբ ընտրեցի այս գործերը, ընթացքում գրվեցին նաեւ նորերը, որոնք փոխարինեցին նախապես ընտրվածներին: Սրանք պարզապես երգեր են, որոնք ստեղծվել են իմ կյանքի ընթացքում, ստեղծվում են ամեն օր, իսկ իմ ամենալավ ընկերն այս կյանքում` իմ ամուսինը, որը հանդիսացավ այս ձայնասկավառակի միակ հովանավորը, որոշեց, որ սրանք ափսոս են, չպետք է մնան այս կամ այն դարակում, թղթերի վրա”,- BRAVO.am-ին ասել է հեղինակ-կատարողը: Ձայնասկավառակի ու Լիլիթ Բլեյանի` իր հեղինակած երգերը կատարելու գլխավոր “մեղավորը” Ռուբեն Հախվերդյանն է: “Որպես մասնագետ, իմ ընտանիքի լավ բարեկամ Ռուբիկը լսեց այս երգերն ու ասաց, որ ես երգեմ այս երգերը”,- նշել է Լիլիթ Բլեյանը: “Ամեն մարդ պետք է իր գրած երգերը կատարի: Շատ վատ է, երբ ուրիշի երգը փչացնում ես, իսկ եթե քո երգերն ես փչացնում, ոչինչ”,-ասել է Ռուբեն Հախվերդյանն ու հավելել. “Բայց այս աղջիկը չի փչացրել իր երգերը:)”: Երգերի գործիքավորմամբ զբաղվել է Նարինե Զարիֆյանը: Հեղինակային երգերի հիմնական թեմատիկան քաղաքներն են: “Երբեւէ չէի մտածել, որ այս երգերը պետք է ձայնասկավառակի տեսք ստանան: Ես գրում եմ այն ամենի մասին, ինչն ինձ հետաքրքրում է: Քաղաքի թեման շատ է արծարծվում. միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, ինքներս ենք ձեւավորում, որն էլ ազդում է մեր վրա: “Քաղաքի անապատում երազում եմ ծովի մասին”. երեւի, այս մեկ նախադասությամբ կարելի է ձայնասկավառակի մասին ամեն ինչ ասել, քանի որ անապատը միայն շենքերն ու փոշոտ փողոցները չեն, այլ նաեւ մարդկանց վատ տրամադրությունը, տխուր դեմքերը... Ես կուզեի` մի քիչ ծով մտներ մեր քաղաք, ավելի լուսավոր դառնայինք, կուզեի` մեր քաղաքը ծով ունենար` գոնե մարդկանց խաղաղության, երջանկության տեսքով”,-BRAVO.am-ին ասել է Լիլիթ Բլեյանը: Ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ երգչուհուն ներկայացրել է Նազենի Հովհաննիսյանը: “Երկու դուստրերի մայրն այսօր ներկայացնում է իր երրորդ զավակին”,-ասել է հաղորդավարուհին, իսկ Լիլիթի հայրը` Աշոտ Բլեյանը, հավելել է` տղային:): “Լիլիթն իմ ավագ քույրն է` մորեղբորս աղջիկը, ումից ես շատ բան եմ սովորել եւ դեռ կսովորեմ: Նրա երգերը լսելու առիթ վաղուց եմ ունեցել: Այս երգերում յուրաքանչյուրը կարող է գտնել իրենն ու իր ասելիքը”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Նազենի Հովհաննիսյանը: “Այն, ինչ արել եմ, ինձ համար շատ գրավիչ է: Շատ ավելի գրավիչ, քան լրագրողի աշխատանքը: Ուրիշ տրամադրությամբ ես այս գործն անում, իսկ լրագրողի աշխատանքը, ցավոք սրտի, շատ ավելի նյարդային է: Այստեղ կա այդ խաղաղությունը, ծովի այն մի կտորը, որ ես այդքան սիրում եմ”,-նշել է Լիլիթը, իսկ հյուրասիրության սեղանի մոտ լսել ընկերների շնորհավորանքներն ու գովասանքի խոսքերը: BRAVO.am-ը եւս շնորհավորում է երգչուհուն առաջին ձայնասկավառակի կապակցությամբ:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: