Մինչեւ դրախտ` իրար հետ
Սպիտակ ոսկուց ամուսնական մատանիները, որոնց ներսում փորագրված է «Մինչեւ դրախտ դու ես» արտահայտությունը, այլեւս մատնեմատերից չեն հանում Լիլի Էլբակյանն ու Համոն: 24-ամյա դերասանուհին ու 26-ամյա ռեփերն այս տարվա նոյեմբերից այր ու կին են ու նշում են` այդ կարգավիճակում են լինելու մինչեւ դրախտ: Bravo.am-ին Լիլին պատմել է` երբ Համոյին իրեն ամուսին տեսավ:
Ի սկզբանե Համոն որոշել էր, Լիլին էլ հնազանդվեց
Մեր տանը լիքը տեղերում էլ գրված է «Մինչեւ դրախտ դու ես»: Դա առաջին նախադասությունն է, որ Համոն ասել է ինձ, երբ նոր էինք ծանոթացել: Չգիտեի` հավանում է, սիրում է… Մի օր գրեց` մինչեւ դրախտ ես եմ, պատասխանեցի` կարող է ուրիշին է գրել, ասաց` չէ, ինձ: Հասկացա, որ անտարբեր չի, հետո որոշեցինք, որ մեր ամուսնական մատանիների մեջ էլ անպայման այդ նախադասությունը պետք է լինի: Համոն հենց սկզբից որոշել էր, որ մինչեւ դրախտ ես եմ, ես այդպես չէի որոշել, բայց փաստորեն այդպես ստացվեց:
Հարսանիքից` թատրոն
Պլանավորել էինք նոյեմբերի 16-ին ամուսնանալ, բայց նոյեմբերի 10-ին որոշեցինք երեք օրից ամուսնանալ, որովհետեւ «Էդգար Էլբակյան» թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարը ես եմ, պրեմիերա ունեինք, ու չէի հասցնում գործերս: Բոլորն ասում էին` 13-ը վատ թիվ է, բայց ես սնահավատ չեմ: Չէ, կուռք չեմ դարձնում թատրոնը, ինձ համար առաջին տեղում, իհարկե, ընտանիքն է, բայց թատրոնը այն վայրն է, որ ընտանիք, բարեկամ չի ճանաչում: Եթե մարդիկ տոմս են գնել ու սպասում են ներկայացմանը, անգամ ծնողդ մահանա, հիվանդ լինես… Չես կարող ասել` գիտեք, այսօր կոկորդս ցավում է: Կոտրված ձեռքով եմ խաղացել, բարձր ջերմությամբ, շատ տխուր օրերի, որ ընդհանրապես ներկայացման տրամադրություն չկար, բայց մարդիկ գալիս են հաճույք ստանալու, ու դու պետք է հագնես քո դիմակը, ժպտաս ու խաղաս:
Աշնանային Երեւանում ամուսնացան
Ամուսնությանս օրը տաքություն չունեի. մի քիչ հիվանդ էի, բայց ասես Աստված մեզ հետ էր, շատ տաք օր եղավ, թեեւ դրանից մի երկու օր առաջ ահավոր ցուրտ էր, ու ափսոսում էի, որ հարսի շորի վրայից պետք է ինչ-որ բան հագնեմ: Աշունն ու գարունն իմ սիրած եղանակներն են, այն շրջանը, երբ ամենաշատն ես մտածում սիրո մասին, որովհետեւ մնացած ժամանակ սիրո մասին մտածելու ժամանակ չի լինում: Ուրախ եմ, որ աշնանն ամուսնացա, եթե ամռանն էլ երեխա ունենամ, հրաշալի կլինի:
Թեկուզ առանց ծաղկի, բայց փեսան թող գա
Հարսանիքի օրը հարսի շորը հագա, նայեցի հայելու մեջ ու սկսեցի լացել. ինձ դուր չեկա: Փղոսկրի գույնի մեկ այլ զգեստ էի ուզում, հետո ինձ բոլորը համոզեցին, որ պետք է ճերմակ լինի: Ուռուցիկ հարսի շորով էի` տիկնիկի պես, այդպես եմ սիրում ու չէի ցանկանում ներկայում նորաձեւ էլեգանտ զգեստներից հագնել: Բայց չեմ սպասեցրել հյուրերին, այ Համոն ուշացել է, ավելի ճիշտ, եկավ, հետ գնաց. ծաղկեփունջը մոռացել էր: Ասում էի` թող փեսան գա, առանց ծաղկի, թող միայն գա:
Ափսեները միանգամից կոտրվեցին
Բոլոր ադաթները պահպանել ենք: Նույնիսկ չէի պատկերացնում, որ իմ հարսանիքին կարող է զուռնա, դհոլ հնչեն: Բայց այնքան ուրախ էի այդ օրը, հարսանիքս կարծես մի մեծ ներկայացում լիներ, որին մասնակցում էինք բոլորս: Ուսերին լավաշ գցել, մեղր ուտել, աման կոտրել… Ամեն ինչ արել ենք: Հա, ափսեները միանգամից կոտրեցինք:
Լիլին Համոյին իրեն ամուսին տեսավ
Առաջինը ահավոր հուզվեցի դհոլ, զուռնայի ձայնից. չէի պատկերացնում, որ այդ ձայնից երբեւէ կհուզվեմ: Հետո երբ Համոն ներս մտավ, այնպիսի տպավորություն ունեի, թե իրեն առաջին անգամ եմ տեսնում: Հասկանում էի` որոշում եմ կայացնում, որին պետք է հետեւեմ ամբողջ կյանքում: Վախ կար, շատ հետաքրքիր զգացողություններ ունեի. ակնածանք, որ երբեւէ չեմ տածել նրա հանդեպ: Էլի հարգել, սիրել եմ, բայց ավելի ընկերական ենք եղել միշտ: Ու հիմա ես իրեն պետք է ասեմ ամուսին, ինքն էլ ինձ` կին…
Երբ հասկանում ես` իրականությունը շատ ավելի լավն է
Հինգերորդ Մասիվում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում ենք ամուսնացել: Քանի որ Համոյի մայրը հաճախում է այդ եկեղեցին, որոշեցինք հենց այդտեղ էլ կատարել պսակադրությունը: Հենց սկզբից որոշել էինք, եթե հարսանիք չանենք, միեւնույնն է` եկեղեցի անպայման կգնանք, դա երկուսիս համար էլ կարեւոր էր, իսկ ԶԱԳՍ դեռ չենք գնացել: Բոլոր արարողություններն ինձ համար հետաքրքիր դարձան, երբ սկսեցին իրագործվել: Ամեն ինչ իմ երազածի, պլանավորածի պես չէր, բայց հետաքրքիր է, որ այդպես ավելի ուրախ էր, որովհետեւ նոր էր… Երբ ինչ-որ բան ես երազում ու դարձնում քո իդեալը, այն սկսում է քեզ խանգարել, իսկ երբ հասկանում ես` իրականությունն ավելի լավն է, քան քո երազանքը, դա շատ ավելի հրաշալի զգացողություն է:
Մեր հարսանիքին ամենաուրախը մենք էինք
Ես ու Համոն մեր երգն ունենք՝ Սթիվի Ուանդերի “Isn’t She Lovely”-ն: Երբ նոր էինք ծանոթացել, նկարահանման վայրում Համոն անընդհատ այս ստեղծագործությունն էր լսում: Ես մտածում էի` ինչո՞ւ, երբ անցնում եմ իր կողքով, այդ երգն է միացնում: Հետո մի oր այն CD-ով բերել, դրել էր մեր դռան տակ, հարցրել` սիրո՞ւմ եմ իրեն, թե՞ ոչ, ասել էի` չէ: Հարսանիքի օրը ռեստորան մտանք «տադադադամ, տադադադամ» հնչյունների ներքո, ու անմիջապես հնչեց “Isn’t She Lovely”-ն: Այնքան պարեցինք, ասում էին, որ այսքան ուրախ հարս ու փեսա երբեք չեն տեսել, լավ քեֆ ենք արել, ես իմ ուռած շորով նույնիսկ Համոյի ոտքերի տակով էի անցնում: Տարերքի մեջ էինք, ինքն ինձ անընդհատ գրկում, պտտում էր: Մեր հարսանիքին ամենաուրախը մենք էինք: Նշեցինք ընտանեկան, ընկերական մթնոլորտում: Արսեն Գրիգորյանը երգեր նվիրեց, Համոն ինձ համար երգեց: Խնջույքին DJ Smoke-ն էր նվագում: «Բիթլսի» ժամանակաշրջանի երգեր էինք ընտրել, որոնց ներքո մեծահասակներն էլ էին լավ պարում:
Հարսի պարը շատ ջրիկ ստացվեց
Ահավոր չէի ուզում հարսի պարը պարել: Հանդիսավարի հետ էլ կռվում էի, որ հանկարծ հարսի պար չհայտարարի, կամ գոնե հարսի ու փեսայի պար անվանի: Մի խոսքով, ես պարեցի այդ պարը շաատ մեծ դժվարությամբ, որովհետեւ հայկական չեմ պարում, բայց Համոն միշտ ասում է` շատ լավ եմ պարում: Ես, իհարկե, ջրիկացա, ու հարսի պարը շատ ջրիկ անցավ: Ծաղկեփունջն էլ նետեցի. դերասանուհի ընկերուհիներիցս մեկը բռնեց:
«Հարսանիքիս միակ լացողը ես էի»
Ծնողներս էին շատ հուզված, բայց իմ հարսանիքին ոչ ոք չի լացել: Ես այնքան ուրախ էի, որ բոլորը ուրախ են. միակ լացողը ես էի: Նույնիսկ մտածում էի` կարող է ինձ չեն սիրում, ուզում են շուտ ուղարկել:): Մամայի աչքերում տեսնում էի, որ ինքը ուղղակի չլացելու որոշում է կայացրել, որ բոլորը ուրախ լինեն, որ անպայման երեկոն ուրախ անցնի:
Աստղերով լի ննջասենյակում են քնում
Շատ գումար նվիրեցին, մենք նույնիսկ մեքենա գնեցինք: Ամենահետաքրքիրը մի զատիկ է, որ Համոյի երկրպագուներից մեկն է նվիրել: Այն գիշերով աստղերով ու լուսիններով է լուսավորում մեր ննջասենյակը: Համոն մինչեւ դա չմիացնի, չի քնում:):
«Սկեսրոջս հետ ոչ մի խնդիր չունեմ»
Համոյի ծնողներին մամա, պապա եմ ասում: Շուտ էի որոշել այդպես ասել, բայց ամաչում էի: Հարսանիքի հաջորդ օրը զանգահարեցի, մամ ասացի: Ես Համոյին ասել էի, որ ուզում եմ առանձին ապրենք, որովհետեւ Աստվածաշնչում էլ գրված է` թող նա թողնի իր հորն ու մորը, միանա կնոջն, ու մեկ մարմին կլինեն: Համոն էլ է այդպես մտածում: Ես հասկացա, որ դժվարությունները պետք են ու դրանք պետք է անպայման երկուսով անցնենք, չնայած` շատ եմ սիրում իր ծնողներին ու անձնական ոչ մի խնդիր չունենք:
Լիլին օնլայն ճաշ է պատրաստում
Մինչ ամուսնանալս ոչ մի բան չեմ պատրաստել: Հիմա մայրս հեռախոսով ճաշերի բաղադրատոմսեր է ասում, օնլայն ճաշ եմ պատրաստում: Սկզբից վախենում էի եփել, Համոն էլ կատակում էր` կտեսնենք` ինչ է փոխվելու իմ կյանքում ամուսնությունից հետո: Հիմա էլ ասում է` խնդրում եմ` այդքան շատ գործ մի արա, արի մի քիչ շփվենք: Ամուսինս հավի դոշից պատրաստված ուտեստներ է սիրում: Գիտես` չեմ կարողանում մենակ ուտել, սպասում եմ մինչեւ աշխատանքից գա, միասին ընթրենք:
Մեղրամիսը Նոր տարուն կանցկացնեն
Այդ ժամանակ ներկայացումներ չկան: Երեւի Եգիպտոս կգնանք, տաք վայր եմ ուզում մեկնենք, Եվրոպայում շատ եմ եղել:
Տղա զավակ են ուզում
Երկար ենք մտածել այդ մասին, մանավանդ վերջերս` էս երկու օրը էլի:), երբ կասկածում էինք` հղի եմ: Համոն ուզում է, որ տղա լինի, բայց ասում է, որ աղջկան էլ շատ կսիրի:
Համերաշխ ամուսիններ են
Ընտանեկան վեճերը չեն սկսվել, չեն էլ սկսվի, որովհետեւ Համոն շատ փափուկ է, ես էլ շատ բռնկուն: Բռնկվում եմ, տեսնում` Համոն շատ փափուկ է, սկսում եմ փսկել ու ներողություն եմ խնդրում: Դժվարությունները սկսվել են հենց առաջին օրվանից: Տունը ջուր լցվեց, հետո մաքրում էինք: Փոխըմբռնում կա մեր մեջ, դա շատ կարեւոր է. ինքը համակարգչային խաղեր է սիրում շատ խաղալ, ես էլ նեղանում եմ, դա զգում է ու միանգամից անջատում:
Լիլիի ու Համոյի սերը
Այն նման է մի բաժակի, որ անընդհատ լցվում է, իսկ ջուրը այդպես էլ չի թափվում: Ամուսնության հաջորդ օրը մի բան ինձ համար հայտնաբերեցի: Արթնացա, նախ` շատ տարօրինակ էր կողքիս ուրիշի դեմք տեսնել, նայեցի Համոյին ու մտածեցի` ինչ լավ է, որ ինքն է, ուրիշը չի: Այդ զգացողությունը չի անցնում մինչ օրս ու ոչ մի առավոտ: Դա ամենակարեւոր բանն է մեր սիրո մեջ. մենք իրարով ուրախանում ենք, սա սովորական ընտանիք չի, որ հիմա սկսեց հոգսերով ապրել: Ես չգիտեմ` ինչքան կշարունակվի, բայց գիտեմ` ամենակարեւորը աստվածային, ընկերական եւ մարմնական սերերի միաձուլումն է: Այդ երեքն էլ մենք կիսում ենք մեր կյանքում:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիլիի եւ Համոյի ընտանեկան արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: