“Հողեղեն գույների երգը” կցուցադրվի մինչեւ օգոստոս “Թանգարանների գիշեր” ակցիան, որի մասին արդեն պատմել ենք` http://www.bravo.am/news/%E2%80%9C%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A3%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80%E2%80%9D/ , Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մեկնարկեց ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի` “Հողեղեն գույների երգը” խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացմամբ: Ներկայացված 28 գեղանկարն ու 10 քանդակն արվեստագետի` վաղ շրջանի, ինչպես նաեւ վերջին երկու տարվա աշխատանքներն են: Հակոբ Հակոբյանի նկարների շրջանակները շագանակագույն փայտից են: “Շրջանակները մարդկանց հագուստի նման են: Մարդը կարող է ճոխ հագնվել եւ պարզ: Ես պարզագույն շրջանակներն եմ ընտրել, որպեսզի նկարներս մերկ չլինեն”,- ասաց Հակոբ Հակոբյանը: Բազմաթիվ մրցանակների արժանացած նկարիչն առանձնանում է համեստությամբ ու մտքերի խորությամբ: Նկարների անվանումները եւս պարզ են ու լի սիրով` “Ամպը”, “Սիրո պարտեզ”, “Օրը”, “Ընտանիք”, “Համբույր”: Անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին եւ “Ակոս” թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված նկարներ էլ կան: “Նոր էինք ծանոթացել Արտավազդ Փելեշյանի հետ: Նա նստած էր աթոռին, հարցրի` դեմ չի լինի, որ նկարեմ իրեն, համաձայնեց'',- պատմեց նկարիչը: Հակոբ Հակոբյանը գույների հարցում նույնպես պարզությունն է ընտրել: Բացակայում են վառ գույները, գերակշռում` հողեղեն, ''համեստ'' գույները: Արվեստագետի խոսքերով, բնության մեջ եղած հինգ հիմնական գույնից կարելի է միլիոնավոր գույներ եւ երանգներ ստանալ: Իսկ գույների ընտրությունը նկարչի հոգեվիճակից է կախված: “Կան երեւույթներ, որոնք կանխորոշված են: Օրինակ` մարդ կա, ում հասակը 160 սմ է, նա չի կարող փոխել այդ փաստը: Ես չեմ ընտրում այս գույները, նրանք են ընտրում ինձ: Պարզապես լավ եմ զգում ինձ այս գույներն օգտագործելիս'',- նշեց վարպետը` հավելելով, որ պաշտում է մաքուր գույներով աշխատող նկարիչներին` Մինաս Ավետիսյանին, Մարտիրոս Սարյանին, Հարություն Կալենցին: Քանդակները պատրաստված են աշխատանքային տարբեր գործիքներից` մեխերից, երկաթյա նիգերից, տափակաշուրթ աքցաններից, երկաթի կտորներից, որոնք Վերնիսաժից է գնում: Վաճառողները հաճախ բացատրում են, թե ինչի համար են նախատեսված գործիքները` չկասկածելով, թե ինչի համար է դրանք օգտագործելու նկարիչը:): Հակոբ Հակոբյանը նշում է, որ նկարիչը երբեք չգիտի, թե ինչ պետք է ստեղծի: 80 տարեկանում նա չի էլ մտածել, որ մեկ օր քանդակներ կստեղծի: “Չնայած` քանդակներս գործիքներից են պատրաստված, ես նրանց կենդանի էակներ եմ համարում, պատկերել եմ նաեւ նկարներում, եւ նրանց պահվածքը կյանքն է հիշեցնում: Նրանք ապրում են ինչպես մարդիկ”,- ասաց նկարիչը: Հակոբ Հակոբյանը, ում վարպետ են անվանում, ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 20-ից ավել քաղաքում` Վիենա, Փարիզ, Նիկոսիա, Մոսկվա, Բեյրութ, Հելսինկի, Լոս-Անջելես, անհատական ցուցահանդեսներ է ունեցել: Պարգեւատրվել է “Սբ. Մեսրոպ Մաշտոց”, “Սբ. Սահակ Պարթեւ եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց'' պետական շքանշաններով: 88-ամյա նկարիչը սիրում է զբոսնել: Նրա ամենասիրելի զբաղմունքներից է նկարներ դիտելն ու նույնիսկ մետրոպոլիտենի կայարանների աստիճանների վրա վաճառվող նկարները միշտ ուշադրությամբ զննում է: “Դրանք ռաբիս են անվանում, բայց, եթե մարդը նկարել է, ուրեմն ուզում է, որ դիտեն”,- նշեց վարպետն ու հավելեց. “Նկարչությունը տարիք չունի: Քարայրերում արված նկարները չեն հնանում. հիմա նույնպես արժեք ունեն: Նկարիչը մշտապես մի պատմություն է պատմում իր նկարներում”: ''Նկարելու պակաս չունեմ: Բայց չէի պատկերացնում, որ մեծ տարիքում ֆիզիկական աշխատանքը բարդություններ է առաջացնում: Միեւնույն է շարունակում եմ աշխատել'',- ասաց վարպետը: Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսը գործելու է մինչեւ օգոստոսի 14-ը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: