“Զգում եմ` այս տարի ինքն ինձ գտնելու է:)” Այն աբսոլյուտ տղամարդուն, որ պետք է Հասմիկ Կարապետյանին երջանկացնի ու, նրա սիրելին լինելով, երջանկանա, ուզում ենք ասել` սպասելուն քիչ է մնացել:). երգչուհին զգում է. “Իմ դեպքում 30-ից 35 տարեկանի ընթացքում է լինելու այն, ինչ լինելու է”: Հասմիկ Կարապետյանը միշտ ջերմության կարիք ունի: Երգչուհին գարնանամուտով փետրվար ամսին իրեն համակած տխուր հոգեվիճակից դուրս է եկել, ստեղծագործական ճգնաժամից` եւս. իր բջջայինի մեջ դեռ չլսված մոտ քառասուն նոր երգ կա. “Բայց ուզում եմ այդքան լռելուց հետո շատ լավ երգով հանդես գալ”: Ինչո՟ւ է Հասմիկը “օձ” որակումը որպես հաճոյախոսություն ընդունում կամ նշում, թե հետ է նայում ու տեսնում` ինչքան հաճելի պահեր է անցկացրել: Փակագծերը բացիր երգչուհու` Bravo.am-ի հետ հարցազրույցում:): - Երբ գարունը եկավ, դուռը բացեցի՞ր:): - Այո, բացել եմ: Շատ եմ սիրում գարուն: Այն մարդկանցից եմ, ովքեր ընդհանրապես ձմեռ չեն սիրում, ինչքան էլ այն գեղեցիկ է սպիտակությամբ, ձյան փաթիլներով: Տարվա ամեն եղանակ իր գեղեցկությունն ունի, բայց, քանի որ ես միշտ ջերմության կարիք ունեցող մարդ եմ, կհամաձայնեի ապրել մի երկրում, որտեղ անընդհատ տաք է, արեւ, շոգ: Նույնիսկ ամռանը, երբ մարդիկ շոգից խեղդվում են, ես նոր տաքանում եմ: - Գարնանը համընթաց օծանելիքիդ բույրը փոխո՟ւմ ես: - Ավելի շատ փոխվում է ներքին տրամադրվածությունս, որովհետեւ արտաքին գործոնները` օծանելիք, զգեստի գույն, ինձ համար շատ մեծ դեր չունեն: Գարունը ինչ-որ նոր բանի սկիզբ է չէ՟ մարդկանց կյանքում. դա կլինի նոր աշխատանք, ինչու ոչ` նոր սեր, կամ, եթե սեր չկա, սեր:): Եթե զուտ արտաքինում փոփոխություններից խոսենք, ցանկանում եմ, չգիտես ինչու, մազերիս գույնը փոխել:): - Շիկահեր դառնալու համար ինչպիսի՟ն պետք է լինել:) - (Ժպտում է) Ոչ մի կտրուկ փոփոխություն չի սպասվում: Շիկահեր դառնալու համար պետք է համապատասխան արտաքին ունենալ: Փորձել եմ, բայց այն կանանցից եմ, ում մուգ երանգներն են ավելի սազում: - Էլ ի՟նչն ես փոփոխության ենթարկելու: - Ինչու ոչ, կարծում եմ` երգարվեստում էլ ոճային փոփոխություններ կլինեն: Բավական պասիվ էի անցյալ մեկ տարվա ընթացքում, եւ հիմա էլ դեռ շարունակվում է այդ պասիվությունը: Դա կապված է զուտ նրա հետ, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդու կյանքում էտապներ են լինում, երբ ներսում եղածը երգերի, այլ բաների տեսքով դուրս է հանում եւ սկսում դատարկություն զգալ: Ես այդ երեւույթը ստեղծագործական ճգնաժամ եմ անվանում: Պետք է լռել, որոշ ժամանակ անցնի, նոր կուտակումներ լինեն, որոնք հետո արդեն երգերի տեսքով կհանձնվեն հանդիսատեսին: Իմ դեպքում միշտ այդպես է: - Ճգնաժամի մեջ ընկնելուդ պատճառը, չե՟ս կարծում, նաեւ հաղորդավարությամբ զբաղվելդ էր: - Դադարը նաեւ նրա հետ էր կապված, որ մոտ երեք տարի շատ հաճախ երեւում էի եթերում: Այո, նաեւ դա էր, որովհետեւ, եթե ի սկզբանե երգչուհի ես եւ երգարվեստն է քոնը, անկեղծ լինեմ` նույն ֆինանսական պատճառներից դրդված` նաեւ ուրիշ դաշտում ես քեզ փորձում, իմ դեպքում` հաղորդավարական կարիերայում, զգում ես, որ բուն իմաստը մի տեսակ կորում է: Հասկացա մի բան. մարդ պետք է լիարժեք մի բանով զբաղվի: Եթե սկսում ես կողքից ինչ-որ բաների վրա կենտրոնանալ, տուժում է հիմնականը: Գուցե քեզ չես կորցնում, բայց ինչ-որ առումներով արդեն ալարում ես, թերանում: Իսկ ես այն հեղինակ կատարողներից եմ, որ ուղղակի երգեր չեմ ուզում լինեն: Մեկ տարվա ընթացքում մոտ քառասուն երգ եմ գրել, դրանք հեռախոսիս մեջ են կամ թղթի վրա: Բայց ես ուզում եմ այսքան լռելուց հետո շատ լավ երգով ու լավ տեսահոլովակով հանդես գալ. այդպես էլ լինելու է:): - “Սեր անունով երգչուհու” տիտղոսդ պահելո՞ւ ես: - Գուցե մի քիչ պեսիմիստական նոտաներ կային ասածներիս մեջ, բայց դա է կյանքը: Աշխարհի ամենալավատես մարդկանց թվում նաեւ ես եմ: Երբեմն ինչ-որ անկումներ եմ ունենում, սթրեսային հոգեվիճակ, բայց դրանք ոչ մի կապ չունեն արվեստի հետ. մարդկային շատ էլեմենտար ապրումներ են: Ես էլ եմ չէ՟ մարդ, հոգի ունեմ: Հետաքրքիրն այն է, որ ընկերներս ինձ չեն ընդունում այդ վիճակում. հենց մի քիչ տխրում եմ, նախ` չեմ կարողանում թաքցնել. բոլորը նկատում են ու ասում` վերջացնեմ, ինձ չի սազում: Որովհետեւ հիմնականում լինում եմ շատ ուրախ, ծիծաղկոտ… Աստված իմ, այնքան լավ եմ եղել, մարդիկ ինձ այլ կերպ չեն ուզում ընդունել: Դա նաեւ ուժ է տալիս, որ ինձ հավաքեմ եւ լավատեսորեն տրամադրվեմ: - Հասմիկը ո՟ր ամսին է ծաղկում:): - Գարնան ծաղիկ է, չնայած` աշնանն էլ եմ տեսել: Այս ծաղիկը ծառի նման է, մայիսին է ծաղկում: Չեք պատկերացնի` ինչքան համահունչ է ինձ հետ. գարնան առաջին ամիսներին ես էլ եմ դեռ քնած, ուժ եմ հավաքում ծաղկելու համար, մայիսին սկսվում է:): Ես տարով օձ եմ, գուցե դրա հետ է կապված: Նախ` ձեռքերս ու ոտքերս միշտ սառն են: Իհարկե, հարյուր տոկոսով չեմ հավատում աստղագուշակներին, բայց օձի հատկություններն իմ մեջ քանի անգամ զգացել եմ` զսպվածությունը, իմաստնությունը: Ճապոնիայում կնոջը կոմպլիմենտ անելիս ասում են` ինչ օձն ես: Օձ լինելը շատ լավ բան են համարում. մխիթարեմ ինքս ինձ:): Օձերն էլ քարերի տակից դուրս են գալիս, երբ արեւ է, տաք: Մի բան էլ ասեմ` մինչեւ օգոստոս ձմեռային վերմակով եմ դեռ քնում: Պատկերացրեք, ինչ աստիճանի եմ ջերմություն սիրում: - Նշում ես` գարուն ես սիրում, ջերմություն: Այն արեւի, լույսի հետ է ասոցացվում: Իսկ քեզ միստիկ բաների հետ են կապում նաեւ. անցյալ տարի “Լիալուսին” անվանմամբ ալբոմ թողարկեցիր: Այս հակադրությունը ինչպե՟ս կմեկնաբանես: - Երբեք խավարի, լիալուսնի, միստիկ աշխարհի մարդ չեմ եղել: Պարզապես, շատ զգացմունքային եմ, այն մարդկանցից, որ, ինչ-որ ֆիլմ դիտելով, կարող են շատ ուժեղ ազդեցության տակ ընկնել: Միստիկ վիճակներս սկսվեցին, երբ դիտեցի “Twilight” /”Մթնշաղ”/ ֆիլմը: Ինչո՟ւ, կոպիտ ասած, ես այդ ֆիլմի տակ մնացի, որովհետեւ նկարագրվում էր այնպիսի մի վեհ զգացմունք, թե ինչպես տղամարդը կարող է կնոջը սիրել: Խոսքը Էդվարդի մասին է` արնախում, սեւ, մութ աշխարհի, խավարի ներկայացուցիչ, մեկ բառով` հրեշ: Երանի մեր իրականության տղամարդիկ կարողանային այդ հրեշի կեսի չափ սիրել կանանց եւ վեհացնել: Շատերը ձեռք էին առնում ինձ` ասելով` ֆիլմի տակ եմ մնացել, վամպիրների եմ սիրում, լրիվ գժվել եմ, որովհետեւ 24 անգամ նույն ֆիլմը նայել եմ եւ չեմ հոգնել: Ինձ ոչ թե այդ մութ, չար աշխարհն էր ձգում. ես կլինեմ եւ կամ արեւի լույսի մարդ, բայց այնքան գեղեցիկ էր այդ զգացմունքը… Միստիկան նաեւ խորհրդավոր բան է: Ինչքան պարզ եմ ու շատերի համար առաջին հայացքից հասանելի, ունեմ շատ խորհրդավոր անկյուններ, որոնք իմն են եւ ոչ ոքի ցույց չեմ տալիս: Այն, ինչի մասին մարդ չգիտի, միշտ հետաքրքրում է, դրա համար էլ այդ աշխարհն ինձ գրավում է: - Վամպիրների, լիալուսնի համատեքստում մի հարց. թեւերդ ե՟րբ են աճել:): - Օ˜, շատ հետաքրքիր հարց է: Ըստ իս` բոլոր մարդիկ ծնվում են թեւեր աճելու ունակությամբ: Կան մարդիկ, ովքեր թույլ չեն տալիս, որ այդ թեւերն աճեն: Այս թեմայի շուրջ մի խոսք կա, որ կուզեի նշել. “Եթե առանց թեւերի ես ծնվել, մի խանգարիր նրանց աճել”: Իրականում շատ խորը իմաստ կա այս ամենի մեջ: Էլի չարի եւ բարու պայքարն է նկարագրվում: Մարդ գիտակից կյանքում պետք է հասկանա` որն է իր համար լավ կամ վատ, ամեն օր աշխատի իր վրա: Պարզ է` հրեշտակ չենք դառնա. համարվում է` մեղավոր ենք ծնվում: Հիմա անհնար է այդպիսին լինել: - Ի՟նչն է վատ քեզ համար: - Այնքան բաներ կան: Ես չեմ կարողանում համակերպվել շատ երեւույթների հետ, անարդարություն չեմ ընդունում, դրա համար էլ ինձ դժվար է ապրել: Այնպիսի բաներ եմ տեսնում, որ ավելի լավ է չտեսնեի այս կյանքում: Չնայած` դիմադրողականություն ես ձեռք բերում: Ինքս ինձ սովորեցրել եմ ավելի թեթեւ նայել ամեն ինչին: Հոգեպես շատ ազատ մարդ եմ, դրա համար ինձ դժվար է: Մարդիկ այսօր անիմաստ սահմաններ են դնում, ենթարկվում են այդ սահմաններին ու տանջվում: - 2011-ի անելիքներիդ պլանը կազմե՟լ ես: - Միշտ գծում էի, պլանավորում, տրամադրվում, բայց, ցավոք սրտի, հիմա ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Կյանքը մի տեսակ իր սրտի զարկերը փոխել է: Նույնիսկ օդի մեջ այնպիսի անտարբերություն եմ զգում… Մարդիկ չարացած են, շատ տխուր են, ընկճված: - Էլ չասենք` շոու-բիզնեսում ինչ է կատարվում: - Մեր բնագավառում այսօր, ըստ իս, անբռնազբոս, լճացած վիճակ է տիրում: Մարդիկ, ովքեր երկար ճանապարհ են անցել ու հասել են ինչ-որ մի կետի, չգիտես ինչու, ոլորվել, մնացել են, ես էլ` այդ թվում: Որովհետեւ չես ուզում իջնել հանդիսատեսի լսածի մակարդակին: Չէ որ մենք պետք է ճաշակ թելադրենք, բայց չակերտավոր երգիչ-երգչուհիներն են սկսել ճաշակ թելադրել: Դա սարսափելի է. փուչ երեւույթներ են: Մի մասսա է ստեղծվել, որ, ասես, նույն դեմքն ունի, նույն երգերն է երգում, նույն շորերը հագնում: - Հիմա ունե՟ս մի երգ, որ ձայնագրման պրոցեսում է: - “Դորիանս” խմբի ստեղնահար Արմանը 2005 թվականին իր գրած երգը ցանկացավ, որ ես կատարեմ: Լսեցի, շատ գեղեցիկ գործ է: Այնքան ուրախ եմ, հենց գարնան սկզբին լսեցի մի երգ, որն ինձ համար շատ հոգեհարազատ էր. մելոդիկ ռոք է: Հիմա խոսքերի վրա եմ աշխատում: Մայիսին արտերկրներում համերգների հրավերներ ունեմ, շատ եմ ուզում Տիգրան Պետրոսյանի հետ համերգ տալ Երեւանում: Զայրանում եմ իր վրա, ասում` Տիկ, արի մի լավ բան անենք միասին: Որոշել եմ նաեւ իմ բոլոր երգերը, որոնք երգել եմ այս չորս տարիների ընթացքում, որոնք կան իմ չորս ձայնասկավառակներում, ռեմիքս տարբերակով թողարկել. հիմա մարդիկ ռիթմիկ երգեր են գերադասում: Դիջեյ Play-ի հետ եմ համագործակցում: - Սիրո թեմայով ստատուսներդ են շատ: Հետեւություններ անե՟նք դրանից:): : - Փետրվարի վերջին տխուր հոգեվիճակ ունեի: Հիմա քիչ-քիչ դուրս եմ գալիս դրանից: Հիասթափված էի կյանքից, ամեն ինչից, երգարվեստից, նույնիսկ հեռուստացույց չէի միացնում, ընդհանրապես չէի ուզում տնից դուրս գալ: Աֆորիզմների մի լավ կայք եմ ինձ համար պեղել, որտեղ աշխարհի աֆորիզմները կան, բայց սիրո հետ կապել պետք չի. ինձ հետ ամեն ինչ լավ է, ես երջանիկ եմ, միայն դա կարող եմ ասել: Իսկ մնացածն արդեն ժամանակի ընթացքում պարզ կլինի: - Ցիտել էիր` տղամարդու համար հավատարմությունը նույնն է, ինչ վագրի համար վանդակը: Կարծում ես` հավատարիմ տղամարդ չկա՟: - Չէ, կարծում եմ, որ կա: Ես այն քիչ, միամտության աստիճանի հասնող լավատես կանանցից եմ, ովքեր հավատում են, որ հավատարիմ տղամարդ կա: Այդ հարցը շատ հարաբերական է. հիմնականում տղամարդիկ չեն սիրում այդ վանդակված վիճակը, եւ առհասարակ պետք է տղամարդկանց ազատ թողնել: - “Ամենաուրախ հիշողությունները երիտասարդ ժամանակների սխալների հետ են կապված”: Ի՟նչ նկատի ունես, ի՟նչ ես հիշում: - Բոլորը հասկացան` ինչ էի ուզում ասել: Մանրամասնեմ. հիմնականում շատ երիտասարդ ժամանակ` 15-ից մինչեւ 23 տարեկանում, կյանքի քայլերն անում ես առանց մտածելու` հիմնվելով միայն զգացմունքներիդ վրա: Աղջիկը շատ էմոցիոնալ, զգացմունքային, միամիտ է լինում, որովհետեւ կյանք չի տեսել, չի ճանաչում կյանքը դեռ: Այդ ճանապարհին բոլորն էլ ինչ-որ փոքրիկ սխալներ են թույլ տալիս, բայց դրանք իրականում սխալներ չեն. հենց այն պոռթկումներն են, որոնցով երիտասարդությունը երիտասարդություն է դառնում: Երբ ամեն քայլ չես կշռադատում, չափում, ձեւում, նոր անում… Ախ, երանի, թե այդ երիտասարդության անհոգությունից մեջս հիմա մի քիչ մնացած լիներ, որովհետեւ ես կանեի այնպիսի բաներ, որ գիտակցական տեսանկյունից սխալ են` ինչ-որ բարոյական չափանիշներից ելնելով: Բայց սխալ չեն իրականում. հենց այն պայծառ, անմոռանալի պահերն են կյանքի: Հետ եմ նայում, բաներ կան, որ չէի անի հիմա, ծանրացել եմ, ծանրակշիռ եմ դարձել, ավելի եմ ինձ գնահատում, ավելի էգոիստ եմ, իսկ այդ ժամանակ այնքան մաքուր ես, այնքան եթերային բան կա մեջդ, որ սխալներ ես անում: Այո, դրանք, եթե չոր նայենք, սխալներ են, բայց հետ ես նայում ու տեսնում` ինչքան հաճելի պահեր ես անցկացրել` ռոմանտիկ, գեղեցիկ: - Ինտուիցիադ այս տարի քեզ համար ճակատագրական մի բան հուշո՟ւմ է: - (Ծիծաղում է) Իմ ինտուիցիան ամեն տարի զգում է… Ամեն Նոր տարուն հավաքվում ենք ընկերուհիներով, ովքեր դեռ չեն գտել իրենց կյանքի` ճակատագրով նախատեսված կեսերին, եւ իրար բարեմաղթանքներ ենք ասում: Անգիր արած տեքստ ունեմ, որ միշտ ասում եմ: Հենց սկսում եմ, ծիծաղում են, սարկազմ է դարձել: Սա եմ ասում. “Ես զգում եմ, իմ ներքին ձայնն ինձ ասում է` այս տարի ինքն ինձ գտնելու է”: Ինքն էլ այն աբսոլյուտ տղամարդն է, որը պետք է իմ կողքին հայտնվի: Այդ տարին անցնում է, մյուս տարի էլի` ես զգում եմ… :) Իրականում ներքին ձայնը շատ հետաքրքիր բան է: Իմ ինտուիցիան շատ զարգացած է, ասում են` խեցգետիններն այդպիսին են: Տղամարդու հետ կապված ամեն տարի է վկայում:): Կյանքը ապրում ես, հանդիպում, ընտրում, հասկանում, որ չէ, քոնը չէ, եւ այլն, եւ այլն, այդպես հրաժեշտ ես տալիս: Նորմալ է, բնականոն ընթացք է: Ես չգիտեմ` այս տարի, թե մյուս, բայց միշտ համոզված եմ եղել, որ իմ դեպքում 30-ից 35 տարեկանի ընթացքում է լինելու այն, ինչ լինելու է: Մի բան գիտեմ հաստատ՝ դա հիմար լավատեսություն չէ. գիտեմ, որ անձնական կյանքում շատ երջանիկ եմ լինելու, որովհետեւ իմ բոլոր քայլերով ես դա վաստակել եմ. ամեն մարդ վաստակում է ինչ-որ բան այս կյանքում: Անձնական երջանկություն, լավ ընտանիք ես միանշանակ վաստակել եմ: Եթե առ այսօր դեռ ընտանիք չեմ կազմել, չի նշանակում, որ չէի կարող կամ դրա հնարավորությունը չկա: Ուղղակի չեմ ուզում ամուսնանալ զուտ ամուսնանալու համար: Մի քիչ ավելի ուրիշ ձեւով եմ սկսել նայել կյանքին. պետք է կամ լավ լինի, կամ չլինի, բայց, իհարկե, յուրաքանչյուր կնոջ համար ընտանիքն ու երեխան պարտադիր են: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի, Արվին Քոչարյանի եւ Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: