×


Մանկական “Եվրատեսիլ 2011”

Մանկական “Եվրատեսիլ 2011”

Մրցույթը կանցկացվի Երեւանում :) 2010-ին Վլադիմիր Արզումանյանը մանկական “Եվրատեսիլ”-ի գլխավոր մրցանակը բերեց Հայաստան, այս տարի հենց մրցույթն է գալիս մեզ հյուր:): Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում կկայանա մանկական “Եվրատեսիլ 2011”-ը: Vladimir Arzumanyan “Ես արդեն պատկերացնում եմ` ինչ է կատարվելու Հայաստանում այդ օրերին:)”,- ոգեւորված է “Եվրատեսիլ”-ի 2011-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Հաղորդավարը նշեց, որ Եվրոպական հեռարձակողների միությանը առաջարկ է կատարվել Հանրային հեռուստաընկերության կողմից. “Նրանք էլ իրենց հավանությունն են տվել, որ մրցույթը անցկացվի Հայաստանում”: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խոսքերով` շքեղ շոու եւ լավ կազմակերպված մրցույթ կունենանք. “Մրցույթի պրոդյուսերը շվեդ է, ով “Եվրատեսիլ” կազմակերպելու մեծ փորձ ունի: Միջոցները բավարար են. մի մասը կտրամադրվի Եվրոպական հեռարձակողների միության կողմից, մյուսը մենք տեղում կհայթայթենք: Հայաստանում իրականացվելիք մրցույթը չի զիջի նախորդ տարիներին անցկացվածներից”: Gohar Gasparyan “Մեծ հնարավորություններով եւ հաղթող երկիր ենք” “Մանկական Եվրատեսիլ 2011” մրցույթի եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանն ասաց` գործընկերները տպավորված են Հայաստանով. “Մեր համալիրով, տեխնիկական բազայով, անձնակազմով են տպավորված: Մոտ 5 երկիր է մրցույթը կազմակերպելու ցանկություն հայտնել, այսօր պարզվեց, որ հաղթել ենք: Մեր երկրի մասին մենք պետք է շատ լավ կարծիք ունենանք, ոնց որ այն մարդիկ, որ գալու են: Ասեմ ձեզ, մենք հաստատ բավական լավ երկիր ենք` մեծ հնարավորություններով եւ հաղթող”: Չնայած հենց Հայաստանն էր հաղթել նախորդ մրցույթում` Գոհար Գասպարյանը տեղեկացրեց` “Մանկական “Եվրատեսիլ”-ում չի գործում հաղթող երկրում հաջորդ մրցույթն անցկացնելու սկզբունքը. “Կանոններն այլ են. մրցույթն անցկացվում է այն երկրում, որը ներկայացնում է բավարար եւ հիանալի առաջարկ”: Vladimir Arzumanyan Ի դեպ, “Մանկական Եվրատեսիլ”-ին մինչ այս չի մասնակցել Ադրբեջանը: “Բայց դեռ ժամանակ կա, որ մասնակցության հայտ ներկայացնի: Մենք ուրախ կլինենք, եթե որոշեն մասնակցել”,- ասաց Ալեքսան Հարությունյանը: Գոհար Գասպարյանը նաեւ “մեծերի” մրցույթին անդրադարձավ: Ըստ վիճակահանության արդյունքների, 2011 թվականի “Եվրատեսիլ”-ում Էմմիի առաջին ելույթը կկայանա մայիսի 10-ին. “Հայաստանը առաջին կիսաեզրափակչում է` ինչպես եւ Ռուսաստանը, Շվեյցարիան, Թուրքիան, Ադրբեջանը եւ այլ պետություններ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Գոհար Գասպարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW