×


Մարինե Թագակչյան

Մարինե Թագակչյան

“Մենք` կանայք, ծեծված երազանքներ ունենք”:) Հաշված ժամեր անց` ուղիղ կեսգիշերին, հազարավոր անգամներ կհնչի “շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ” արտահայտությունը: Բոլորիդ հաջող տարեմուտ եւ նույնքան երջանիկ տարի ենք մաղթում: Ոչ մի դեպքում ոչ մի հարց կռվախնձոր չսարքեք, “Ռեինկարնացիա”-ի վոկալիստի ասած` միմիայն սիրեք իրար, շատ սիրեք, շատ-շատ:): Bravo.am-ը տարեվերջի իր հարցազրույցն է ներկայացնում. երգահան, “Կռվախնձոր”-ի հաղորդավար Մարինե Թագակչյանը առաջին անգամ իր սիրո մասին է խոսել. 2011-ին հարսանիք է սպասվում:): Marina Tagakchyan - Երգահան հյուրի կարգավիճակից հաղորդավարի դերում հայտնվելը ի՞նչ հետեւանքներ է ունեցել քեզ համար:): - Սկզբում շատ անհարմարավետ էր: Վերջերս արդեն լավ եմ զգում:): Այո, մի բան է հյուր լինելն ու քո գործունեության մասին պատմելը, մեկ այլ` տարբեր թեմաներ շոշափող հարցազրույցներ վարելը:  Երաժիշտը փոքր-ինչ նեղ, ավելի շատ երկնային մասնագիտություն է, իսկ հաղորդավարը շատ պրակտիկ պետք է լինի տարբեր բնույթի, մասնագիտության տեր մարդկանց հետ շփվելու համար: Իհարկե, երեւի թե այս գրեթե երեք տարվա փորձն ինձ հարմարավետություն է տվել. տաղավարի տիրուհու կարգավիճակում եմ:):  Կարողանում եմ ազատ հաղորդակցվել` մտքերս հնարավորինս գրագետ արտահայտելով: Ձերբազատվեցի նաեւ ռուսական կրթությանս հետեւանքով առաջացող խնդիրներից: Հիմա ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում: - Որպես երգահան հաջողություններ էիր գրանցում. Արամեի եւ շատ այլ երգիչների հիթեր ես հեղինակել: Այնուամենայնիվ, էմոցիաների պակաս կա՞ր, որ փոխեցիր մասնագիտությունդ: - Այ շատ հետաքրքիր բան ասացիք: Երեւի թե յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, էական չէ` ինչ, բայց պետք է ստեղծագործի: Դրսեւորվում էի երգի միջոցով, այս դեպքում ես տալիս եմ: Այսինքն, պետք է որեւէ նյութ ունենաս, ազատվես դրանից, հետո լիցքավորվես եւ նորից տաս:): Երեւի թե հեռուստաընկերությունը լրացնում է այդ բացը, թեեւ կտրականապես չեմ հրաժարվել իմ կոչումից: Միեւնույնն է` ինչ որակում ինձ տան, նշեն` լավ, վատ հաղորդավար եմ, ես լավ եմ զգում, երբ գնահատվում եմ որպես երգահան: Marina Tagakchyan - Եթերային կյանքը բացասական ազդեցություն ունի՞ երգահանի կարիերայիդ վրա: - Ցավոք սրտի, ազդել է: Գրում եմ, բայց մի քիչ թերացել եմ, իհարկե, ոչ թե ասելիք չունենալու պատճառով: Վերջերս նստեցի, ցանկացա ստեղծագործել, զգացի` այնքան շատ է ասելիքս, խճճվեցի… Մեղեդիները ինքնաբուխ գալիս էին, խոսքն ու ասելիքը` եւս, բայց ուրիշ խնդիր կա. երբ սկսում ես ինչ-որ երեւույթներ քննարկել, քննադատել, ինքդ քո հանդեպ շատ ավելի բծախնդիր ես դառնում, խիստ վերաբերվում: Տասը անգամ կչափեմ, նոր… Անգամ չեմ էլ կտրի:): Ինքնաբացահայտման ճանապարհ է, մի խոսքով. մեջս նոր բաներ եմ բացահայտում: - Ի՞նչ “պայմաններում” ստացար հաղորդավար լինելու առաջարկը:): - Առհասարակ ամեն ինչ ի վերուստ է կանխորոշված: Բայց Աստծո ձեռքում գործիքները մարդիկ են: Ռեժիսոր Արսեն Ասլանյանը նպաստեց երգահանի կարիերայիս ձեւավորմանը: “Կռունկ” փառատոնի երաժշտական խմբագիրը դարձա, ինչից հետո երգ գրելու առաջարկ եղավ ու սկսեցի գրել: Այսինքն, մինչ այդ էլ ստեղծագործում էի, բայց երգերը կյանքի չէին կոչվում. թղթի վրա էին մնում: Այս դեպքում եւս մի անձնավորություն նպաստեց` Տիգրան Հարությունյանը, որ հետագայում դարձավ իմ լավ ընկերներից մեկը: Հերթական անգամ “Երկիր Մեդիա”-ի առավոտյան ծրագրի հյուրն էի, երբ նա առաջարկեց վերոնշյալ հաղորդումը վարել` ասելով` արտաքինս, խոսքս, ամեն ինչ համապատասխանում է: Ես, կարծես, առաջիններից էի երգիչ-երգահանների շարքում, որ սկսեցին հաղորդումներ վարել: Tigran Harutyunyan & Marina Tagakchyan - Առաջին անգամ ինչպե՞ս անցավ “Երկրի առավոտը” Մարինեի  հետ:): - Ինձ միանգամից հրեցին ուղիղ եթեր` խոսքի ազատություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ բավական լուրջ թեմաներով:): Ես` երաժիշտս, գրքեր էի կարդում, որ տեղեկատվություն հավաքեմ: Հաղորդավարությունը նույն ավտոմեքենա վարելն է, որ վարորդի կողքին նստելուց շատ տարբեր է: - Փաստորեն եթերներից առաջ նախապատրաստական մեծ աշխատանք ես կատարում:): - Այժմ չէ: Կարծես թե եփվել եմ այս ամենի մեջ: Զուգահեռ անցկացնեմ երգի եւ հաղորդավարության մեջ. երբ շատ ես գրում, երգը մի տեսակ ավելի տեխնիկական բնույթ է սկսում կրել ու ստեղծագործականը մի կողմ է մղվում:  Որպես հաղորդավար հիմա ավելի շատ իմպրովիզներ եմ անում: - “Երկրի հետ” առավոտ անցկացնելը, այնուամենայնիվ, այդքան էլ չսիրեցիր. այլ հաղորդում ես վարում: - Առավոտյան ծրագիրը ութ ամիս վարեցի: Նախ` դժվարանում էի արթնանալ: Արվեստագետի համար դա ամենադաժան երեւույթն է:): Հետո ամբողջ օրը քնաթաթախ էի անցկացնում, չհամակերպվեցի: Բացի դա մի բան պակաս էր: Սիրում եմ իմ անհատականն ունենալ: Խոյ եմ եւ, անկախ ինձնից, սիրում եմ միշտ առաջին ջութակ լինել: Հաղորդավարներն էին ըմբոստանում, թե ինչո՞ւ Մարինան այսպես պետք է անի, հագնվի, մենք կանոններին հետեւենք: Ճիշտն ասած` ուզում էի հեռանալ, զբաղվել միայն իմ սիրելի գործով, բայց չթողեցին:): Երեք ամիս որպես հեռուստատեսության երաժշտական խմբագիր աշխատեցի, հիմա եւս  “Երկիր Մեդիա”-ի գլխավոր երաժշտական խմբագիրն եմ: Marina Tagakchyan - Քո եւ “Երկիր Մեդիա”-ի հարաբերություններում ի՞նչը կռվախնձոր հանդիսացավ:): - Մի անգամ շատ տարօրինակ տեսահոլովակի պրեմիերա կայացավ մեր եթերում: Չեմ հիշում` ինչպես եմ հագնվել ու վազել հեռուստաընկերություն: Արդեն ուզում էի Տիգրանին խեղդել` ասելով` այս ի՞նչ եք եթեր հեռարձակում:):  R.P.-ի` Սայաթ-Նովայի երգերից մեկի հիման վրա նկարահանած տեսահոլովակն էր խնդիրը: Ստեղծեցինք հաղորդում, որը գովաբանություններ շռայլելու համար չէ: Քաղաքական թեմաներից բացի ամեն ինչի անդրադառնում ենք: Ինձ փրկեց իմ երգահան լինելը: Գրագետ երգերի բավական մեծ պաշար ունեցող երաժիշտ եմ, եւ ոչ ոք չէր կարող ասել` կարծիք հայտնելու իրավունք չունես: -Կարծում ես` թերացումներ չե՞ս ունեցել: - Շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ես եւս թերացա:): Անգլերեն երգ կատարեցի, չստացվեց, եւ այս դեպքում փորձը փորձանք բերեց:): Հասկացա, եթե մի գործի կոչված չես, դրա մասնագետը չես, պետք չէ ձեռնամուխ լինել, այլապես ստացվում է այն արդյունքը, ինչ շատերի դեպքում: Միակ գործս է, որ ինքս էլ շատ քննադատաբար եմ վերաբերվում: Բայց ոնց որ սատանա էր մեջս մտել, ուզում էի անգլերեն երգել:): Տեսահոլովակն էլ բավական անհաջող ստացվեց: Շատ եւ տեղին քննադատվեց: Նույն վիրավորված երգիչները այլ հեռուստաեթերներում շատ-շատ խոսեցին այդ մասին: Իմ լավը կայանում է նրանում, որ իրատես եմ, ասում էի` այո, թերացում կար: “Go away” երգի մասին է խոսքը: - “Կռվախնձոր”-ը արտիստների հետ հարաբերություններդ շա՞տ փոխեց: - Եթե ասեմ` ոչ, կստեմ: Ինքս չակերտավոր շատ ընկերների բացահայտեցի, որոնք, կարծես թե, թաքուն թույնը տածել են, բայց չէին արտահայտվել:  Ժողովրդական ճիշտ խոսք կա` մեկի ոտքը տրորի եւ կիմանաս` ինչի է նա ընդունակ:): Շատերը հասկացան, որ դա գործի բերումով եմ անում. տաղավարում տեղի ունեցողը մեր ծրագրի ձեւաչափի համապատասխան է: Երգահաններից մեկին բավական լավ ճանաչեցի, ընդհարում ունեցանք: Իմ ընկերներից էր, ում չկարողացա ներել ինչ-ինչ բաներ: Վահրամ Պետրոսյանի մասին է խոսքը: Չնայած` հիմա լավ հարաբերությունների մեջ ենք, բայց այն սերը, որ ժամանակին ունեի իր հանդեպ որպես ընկեր, չկա: Tigran Harutyunyan & Marina Tagakchyan - Նշում ես` Տիգրանի հետ “Երկիր Մեդիա”-ի բուֆետում հերթական սուրճըմպումը մի նոր նախագծի իրականացման բերեց: - “Արտ Էջ” դպրոց-ստուդիան բացեցինք: Դպրոց ունենալու վաղեմի երազանք ունեի: Իհարկե, մինչ սա էլ տանը անհատական դասեր էի տալիս: Աշակերտներիցս մեկն է երգիչ Էրիկ Կարապետյանը` Էրիկը, ով դրա մասին չի սիրում խոսել: Երբ Թիֆլիսից եկավ, տասը տարեկան մոլորված տղա էր, ես նրա համար ասպարեզ հարթեցի, կարող եմ  միանշանակ ասել` շատ մեծ ավանդ ունեմ այդ հարցում: Անի Քրիստին էլ է իմ ուսանողներից: Ես Կոնսերվատորիայում օպերային երգչի բավական լավ դպրոց եմ անցել, օպերային երգչուհի եմ, ավարտել եմ նաեւ կոմպոզիցիայի բաժինը: Տիգրանն էլ երազանք ուներ իր հաղորդավարական փորձը փոխանցել, եւ դպրոց-ստուդիան հիմնեցինք: Փորձում ենք մեր սաներին այնքան հղկել, որ լիարժեք մասնագետ դառնան: - Սաներիցդ մեկը 71 տարեկան է: Շատ խի՞ստ ես պապիկի հանդեպ:): - :) Lավ ձայնային տվյալներ ունի, փորձում է բնությանը դեմ գնալ: Էջմիածինցի պապիկը ձայնային լավ տվյալներ ունի, հուզվեց, սկսեց լացել, ասաց` երգիչ դառնալն իր երիտասարդ տարիների երազանք է, որ ի կատար չի ածվել ծնողների պատճառով: Նա այստեղ վերածնվում է: Ի դեպ, ռոմանսներ է լավ կատարում: “Մոռացված ռոմանսներ” շարք ենք ուզում անել, երեւի ձայնասկավառակ կթողարկվի: - Ներկայում երգիչ-երգչուհիներից ո՞ւմ հետ ես համագործակցում որպես երգահան: - Նունե Եսայանի համար մի երգ գրեցի հայկական բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ, “Քանի դեռ կամ” է կոչվում: Արամեի համար նոր երգ ունեմ, ժողովրդական երգիչ Գոհար Հովհաննիսյանին եմ վաղուց երգ խոստացել: - Ամանորը սիրելիի հե՞տ ես դիմավորելու:): - Ընտանիքիս հետ կդիմավորեմ, դա հայ ընտանիքներում ավանդույթ է: Որից հետ ընկերոջս հետ կմիանանք մեր ընկերներին: - Ե՞րբ ես գտել սիրուդ: - “Երկիր Մեդիա”-ի պատերի ներսում:): Ալեքսանդրը մասնագիտությամբ օպերատոր է` շատ հայտնի ընտանիքից` Կարեն Քալանթարի թոռն է, Լեւոն Քալանթարի որդին: Ի դեպ, առաջին անգամ եմ խոսում այս մասին:): Մեր սերը կես տարվա պատմություն ունի, առաջ Աստված, նոր տարում կօրինականացնենք մեր հարաբերությունները: Յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարեւորը ընտանիքն է, սիրելիի կողքին լինելը: Մենք` կանայք, ծեծված երազանքներ ունենք, միատեսակ ու օրինաչափ: Մնացածը աշխատանքի արդյունք է, բայց սերն էլ, եթե ծաղկի նման չես ջրում, չի աճում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Մարինե Թագակչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW