“Աղջիկներս բժիշկների հսկողության տակ էին” Միհրան Կիրակոսյանի նորածին դուստրերի առաջին լուսանկարներն արդեն իսկ ներկայացրել ենք: BRAVO.am-ը զրուցել է ամերիկաբնակ պարողի հետ, որն էլ պատմել է` զույգ աղջիկները ծնվել են օգոստոսի 9-ին, բայց միայն օրերս է տեղադրել իր փոքրիկների լուսանկարները, քանի որ դուստրերը գտնվել են հիվանդանոցում: “Նրանք նախանշվածից շուտ ծնվեցին եւ իսկապես շատ փոքր էին: Աղջիկներս մնացին հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ, բայց հիմա արդեն տանն են”, - BRAVO.am-ին ասել է Միհրանը: Միհրանի կինը՝ մասնագիտությամբ բուժքույր Դիանան, ինչպես պարողն է ասում, կարողանում է խնամել երեխաներին, բայց իրենց օգնում են նաեւ տատիկները եւ դայակը. “Երբ փոքրիկներս ծնվեցին, կնոջս կողքին էի, փորձում էի ամեն ինչ անել իր հարմարավետության համար: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ հնարավորություն չունեցա որեւէ բան զգալու: Իսկ հիմա զգացողություններս աննկարագրելի են, երբ գրկում կամ հպվում եմ աղջիկներիս”: Միհրանի փոխանցմամբ՝ աղջիկների անուններն ընտրելիս նախընտրել են իրենց ամենասիրելի անուններով կնքել. “Կարողանում եմ Սոֆյային ու Լիլիին տարբերել, որովհետեւ հիմա քաշերի տարբերությունը լավ է երեւում”: Միհրանն իր զգացողություններով է կիսվել BRAVO.am-ի հետ. “Արդեն ինձ պատկերացնում եմ հոր կարգավիճակում: Ամենազարմանալի զգացողությունն է աշխարհում: Կյանքս հիմա շատ է փոխվել, ինքս ինձ համար ազատ ժամանակ չեմ ունենում. աշխատում եմ, կամ էլ ժամանակս տրամադրում փոքրիկներիս”: Զույգ աղջիկներին մկրտելու մասին նորաթուխ ծնողները դեռ չեն մտածում. “Դեռ չգիտեմ՝ Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում կմկրտվեն, այս պահին դեռ վայելում եմ երեխաներիս հետ լինելու հաճույքը”: Այժմ Միհրանը մի շարք նախագծերի, արտիստների, երաժշտական հոլովակների խորեոգրաֆիայով է զբաղվում: Ի դեպ, հարցազրույցի ժամանակ էլ նա գործնական հերթական այցով գտնվում էր Կանադայում: Միհրանը պատմել է, որ վերջերս ավարտել է Սելենա Գոմեսի “We Own The Night” շրջագայության պարային աշխատանքները.“Բեմադրել եմ Սելենայի համերգի 5 երգ: Բացի այդ, նաեւ որպես խորեոգրաֆ աշխատում եմ երեք տարբեր հեռուստաշոուի համար՝ "Victories", “Fresh Beat Band" and "Big Time Rush": Նաեւ "M" dance ստուդիայում եմ աշխատում”: Միհրանը նաեւ նշել է, որ այժմ գրում է պարային մի հեռուստաշոուի նախագիծ, որը եթեր կհեռարձակվի, հավանաբար, հաջորդ տարի: “Կարոտում եմ իմ բարեկամերին, որոնք Հայաստանում են ապրում: Նաեւ Հայաստանի թարմ օդն եմ կարոտում, որն ինձ համար տարբերվող է”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Միհրանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: