“Միասին այնքա˜ն շատ խենթություններ ենք անում”
Արթուր Հակոբյանը, նույն ինքը` Միստր X-ը նշանվել է: Երգչի առաջարկությամբ հենց սիրելիի ծննդյան օրը` մայիսի 30-ին են մեծ խնջույք կազմակերպել: Թե ինչպես են ծանոթացել Արթուրն ու Մերին, ինչ նվերներ են միմյանց մատուցում, ինչպես է անցել նշանադրությունը եւ ամուսնությունից հետո որտեղ են պատրաստվում ապրել` BRAVO.am-ի հետ` նոր կարգավիճակում հայտնվելուց հետո զույգի առաջին հարցազրույցում:):
-Ինչպե՞ս ծանոթացաք ու սիրահարվեցիք:
Մերի. - 2007-ին հրավիրված էի հարսանիքի, որտեղ երգում էր Արթուրը: Այդ ժամանակ դեռ նոր էի ընդունվել համալսարան, առաջին կուրսում էի սովորում:
Արթուր. - Այո, առաջին անգամ պետք է երգեի հարսանիքին, այդ ժամանակ դեռ դիմակով էի: Միշտ մերժում էի, չէի գնում հարսանիքների, չգիտեմ` ինչ պետք է լիներ, որ գնայի: Այդ անգամ մեծ խնդրանք էր, ու ես չմերժեցի:):
Մերի. - Հետաքրքիրն այն էր, որ այդ մեծ սրահում ընդամենը մեկ ազատ աթոռ կար, որն իմ կողքին էր: Արթուրին հենց իմ կողքին նստեցրին:):
Արթուր. - Ծանոթանալուց մեկ ամիս հետո ես պետք է մեկնեի Միացյալ Նահանգներ, այդ ընթացքում շփվում էինք, այնտեղից հաղորդագրություններ էի ուղարկում: Կամաց-կամաց սկսեցինք իրար ճանաչել, քայլերի հերթականությունն արդեն չենք հիշում: Փաստն այն է, որ միասին ենք, օրինականացրել ենք մեր հարաբերությունները:
Արթուրն ու Մերին
- Մերի, սկզբնական շրջանում անսովոր չէ՞ր երգչի կողքին, որը հանրային մարդ է, դու էլ ակամայից հայտնվում էիր անծանոթ մարդկանց ուշադրության կենտրոնում:
Մերի. - Իհարկե, սկզբում անսովոր էր, բայց հիմա արդեն ադապտացվել եմ: Չեմ մտածել, որ կողակիցս երգիչ կլինի: Մեր հարաբերություններում կարեւորն այն է, որ առաջին հայացքից էլ սիրել եմ Արթուրին, ոչ թե Միստր X-ին:): Մինչ այդ իր երգերը սիրում էի, համարում, որ ամենալավ ձայնն ունեցող երգիչն է, բայց մոլի երկրպագու չեմ եղել:):
Արթուր. - Այժմ համարյա ամեն տեղ Մերիի հետ եմ գնում, որ տեսնի իմ առօրյան, շրջապատը, տեսնի` ինչով եմ զբաղվում, որովհետեւ եթե չգիտես, թե քո կողակիցն ինչ հոգսեր, դժվարություններ ունի, չես էլ կիսի իր ուրախությունները, քանի որ չգիտես, թե այդ ձեռքբերումն ինչ կարեւոր է կողակցիդ համար: Մեր պարագայում Մերին իմ կողքին է, առանց բեմում երգելու իմ ապրումներն է ունենում, հաճախ նույն զգացողությունն ենք ունենում: Կուզեմ` հետագայում երեխաներս էլ աշխատանքային գործերիս ներկա լինեն, ընտանիքով ճամփորդենք:
- Ձեր տարիքային տարբերությունը մոտ 10 տարի է, հակասական կարծիքներ չե՞ք լսել կամ ինքներդ զգացել այդ տարբերությունը:
Արթուր. - Կա մի բան, որն անվանում են կյանքի փորձառություն. երբեմն դա զգում ենք, որովհետեւ ինչքան էլ կարդաս, զարգանաս, միեւնույնն է` մինչեւ չհասնես որոշակի տարիքի, չես հասկանա: Փորձառությունն է, որ տարբերություն է տալիս, մնացած դեպքերում ամեն ինչ հրաշալի է: Նույնիսկ ինձնից տարիքով փոքր մարդկանց հետ շատ ավելի հաճելի է շփվելը, քան իմ հասակակիցների: Յուրաքանչյուր մարդու մեջ “երեխա” է ապրում, քանի մեջդ կա այդ “երեխան”, դու դեռ մնում ես ջահել:):
Մերի. - Ինձ թվում է` շատ անհատական է: Շատ զույգերի գիտեմ, որ մեծ տարիքային տարբերությամբ ավելի երջանիկ ընտանիք են կազմել: Նաեւ կարող է լինել հակառակը: Մենք չենք զգում այդ տարբերությունը, միասին այնքա˜ն շատ խենթություններ ենք անում:): -
Ի՞նչն էր պատճառը, որ հետաձգում էիք նշանադրությունը:
Արթուր. -Նախ` Մերին դեռ փոքր էր, մյուս կողմից էլ` երկուսս շատ ենք ճամփորդում, բայց առանձին-առանձին: Մերիի քույրերը Բելգիայում են ապրում, տարին մեկ-երկու անգամ երկար ժամանակով գնում է այնտեղ: Ես էլ պարբերաբար հյուրախաղերի եմ մեկնում, ինչը մի քանի օր չէ, այլ` ամսից ավել: Օրինակ` Իրանից նոր եմ վերադարձել, հայկական համայնքի համար մոտ մեկ ամիս երգում էի:
Մերի. -Վերջին շրջանում փորձում ենք կրճատել հյուրախաղերի թիվն ու ժամանակը: Չեմ կարող սովորել երկար բացակայություններին, իրարից հեռու լինելն երկուսիս համար էլ դժվար է: Միասին չենք մեկնել երկրից դուրս, հուսով եմ` ամուսնությունից հետո արդեն միասին կգնանք:
- Միմյանց աշխատանքին ինչպե՞ս եք վերաբերվում, սահմանափակումներ չկա՞ն:
Արթուր. - Ընդհակառակը, հպարտանում եմ, որ կարմիր դիպլոմով ավարտեց համալսարանը, բարձր թվանշաններով ընդունվել է Ամերիկյան համալսարանի իրավաբանական բաժինը, ուզում է երկրորդ մասնագիտություն ունենալ: Եթե մեր ընդհանուր շահին չվնասի, ընտանեկան երջանկությանը չխանգարի, ուրեմն կարող է նաեւ աշխատել:
Մերի. - Դեռ չեմ շտապում պլանավորել, թե որտեղ կաշխատեմ: Ինձ համար առաջնայինն ընտանիքն է: Իհարկե, դիպլոմս օժիտի համար չէ, կուզեմ աշխատել, որովհետեւ սիրում եմ մասնագիտությունս:
- Սովորաբար, զույգերն ունենում են իրենց սիրո երգը, ո՞րն է ձեր սիրո “հիմնը”:):
Արթուր. - Առաջին անգամ, երբ հարսանիքին նրան տեսա, կարմիր զգեստով էր, հենց այդ պահին մեջս տպավորվեց “Lady in Red” երգը: Հետո երգը ձայնագրեցի, ծննդյան տոնին իմ կատարմամբ նվիրեցի Մերիին: Նաեւ մի երգ եմ գրել մեր ծանոթության սկզբում, երբ Լոս-Անջելեսում էի, որը նրան է նվիրված, բայց, ցավոք, դեռ չեմ ձայնագրել:
- Հաճա՞խ եք իրար տպավորիչ նվերներ ու անակնկալներ մատուցում:
Արթուր. - Մեր ծանոթության սկզբնական շրջանում պատրաստվում էի Երեւանում բացել իմ ձայնագրման ստուդիան: Այդ օրերին սպասում էի, որ ձայնագրման սարքավորումները պետք է բերեին, մի օր էլ մենեջերս զանգահարեց, ասաց, որ արդեն բերել են, պետք է գնամ, որ թղթերը ստորագրեմ: Շտապելով տեղ հասա` ասացին, որ այդ մարդը տուփը բերել ու գնացել է: Բացեմ ու ի՞նչ տեսնեմ… Տուփի մեջից դուրս է գալիս Մերին` ժապավենով, մանկական գունավոր շորերով:): Դա մեր առաջին վալենտինյան օրն էր:
Մերի. - Այս Նոր տարին պետք է դիմավորեի Բելգիայում, քանի որ այստեղ չէի լինելու, միասին նշեցինք դեկտեմբերի 30-ին: Արթուրն ինձ համար շատ լավ անակնկալ էր պատրաստել. միասին նստեցինք Տաթեւի վանքի ճոպանուղին, որի աշխատանքներն արդեն դադարեցրել էին. մենք տարվա վերջին ուղեւորն էինք: Խնդրեցինք, որ մեզ համար աշխատեցնեն, ուրիշ մարդ չկար, միայն ուղեկցողն էր: Արթուրը ֆրանսիական գինի, բաժակներ էր վերցրել, պատրաստված գնացել էինք: Մեղեդային երաժշտություն էր հնչում, մենք էլ օդում ռոմանտիկ Նոր տարի էինք նշում:): Այս տարի էլ Սուրբ Վալենտինի տոնից մի քանի օր առաջ Արթուրն ավտոմեքենայիս սրահն ամբողջությամբ լցրել էր կարմիր սրտիկ-փուչիկներով:): Մեր ընկերության 2 տարվա առիթով էլ Արթուրը գեղեցիկ անակնկալ մատուցեց: Ամեն տարի էլ նշում ենք այդ օրը, բայց այդ տարին յուրահատուկ էր, որովհետեւ նշեցինք Սեւանում` զբոսանավի վրա:): Մինչեւ գիշեր մնացել ենք լճի կենտրոնում, զբոսանավի լույսերը միացրել ու պարում էինք… Վերջին նվերն էլ նոր եմ ստացել` ծննդյանս ու նշանդրեքի օրն այս մատանին նվիրեց (ցույց է տալիս ձեռքի մատանին-հեղ.):
- Հարսանեկան նախապատրաստությունների մե՞ջ եք: Արթուր. - Այո, հետաքրքիր հարսանիք եմ պատկերացնում. կամ պիտի շատ նեղ շրջանակներում լինի կամ էլ շատ շքեղ, որ աշխարհն իմանա:):
- Հիմա ո՞ր տարբերակն եք ընտրել:
Արթուր. - Երկրորդ տարբերակը:): Մեծ հարսանիքին պատրաստվելու համար ամիսներ են պետք: Մանրամասներ դեռ չենք պատմի, ավելի լավ է իրականացնենք, հետո կտեսնեք արդյունքը:): Հավանական է` մինչեւ տարվա վերջ կամուսնանանք, չենք ուզում հետաձգել, ուղղակի արտերկրից շատ հյուրեր ունենք, պետք է այնպես անենք, որ բոլոր ընկերներին ու բարեկամներին հարմար լինի:
- Նշանադրությունն իրականացրել եք, այդ օրվա մասին կպատմե՞ք:
Մերի. - Խոսքկապ ասվածը համատեղեցինք նշանդրեքի հետ, սկզբում մեր տանը այդ արարողությունն արեցինք, ինչը մեր դեպքում ավելի երկրորդական էր, որովհետեւ երկար ժամանակ միասին ենք: Ծննդյանս առիթով էր, որ այս ամենը կազմակերպեցինք: Խնջույքը շարունակեցինք ռեստորանում, հետո էլ գնացինք կարաոկե` ամբողջ գիշեր ուրախացանք ու շատ լավ նշեցինք:
- Ամուսնությունից հետո ծնողների հե՞տ եք ապրելու, թե՞ առանձին: Արթուր. - Որոշել ենք մեր տանն ապրել մայրիկիս հետ, ես, անպայման, պիտի ապրեմ մորս հետ: Վերջին ամիսների ընթացքում Մերիի հետ մեր տան վերանորոգման գործերով էինք զբաղված, ամեն ինչ արել ենք իմ, Մերիի ու մայրիկիս ճաշակով: Ինձ համար նաեւ կարեւոր է, որ խոհանոցային գործերով կինն է զբաղվում: Համամիտ եմ այն մտքի հետ, որ ասում են` տղամարդու սիրտը տանող ճանապարհն անցնում է ստամոքսի միջով: Կարծում եմ` կինը նաեւ պետք է շատ լավ հասկանա խոհանոցային գործերից, համեղ պատրաստի: Ինքս էլ կարողանում եմ պատրաստել, ունեմ իմ նախընտրած ճաշատեսակները, որոնք ես եմ պատրաստում, բայց դա չի կարող ամեն օր լինել: Առհասարակ, կանայք խոհանոցի մասին պետք է ավելի տեղյակ լինեն, քան` տղամարդիկ:
- Ի՞նչ կուզենայիք, որ ձեզ նվիրեն հարսանիքին:):
Մերի. - Ճամփորդության ուղեգիր: Ավելի լավ է հարսանիքը փոքր շրջանակում լինի, բայց մեր հանգիստը կարողանանք շատ լավ վայելել:
Արթուր. - Շատ կուզեի, որ մեր առաջին ճամփորդությունն անցկացնեինք Դոմինիկյան Հանրապետությունում: Այնտեղ չեմ եղել, բայց գիտեմ` լավ սպասարկմամբ, տրոպիկական բնությամբ, մի քիչ թանկ գներով երկիր է: Ամերիկացիները ճոխություն են համարում այնտեղ հանգստանալը: Եթե այդտեղ չստացվի, այլ տարբերակ կմտածենք: Երեւի, կմեկնենք եվրոպական որեւէ երկիր կամ երկրներ, գուցե ընթացքում հյուրախաղեր էլ ունենամ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միստր X-ի եւ Մերիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: