×


Նազիկ Ավդալյանն ու Էրիկ Կարապետյանը մեղրամիսը կանցկացնեն Կիպրոսում:)

Նազիկ Ավդալյանի ու Էրիկ Կարապետյանի հարսանեկան արարողությունը սկսվել է ոչ թե հայկական ավանդական տարբերակով, այլ եկեղեցու բակից:): Հունիսի 8-ին ծանրամարտի աշխարհի չեմպիոնն ու իր սիրելին միմյանց հանդիպել են Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որտեղ էլ տեղի է ունեցել պսակադրության արարողությունը:

Նազիկ Ավդալյանի եւ Էրիկ Կարապետյանի պսակադրությանը


“Հարսին տանից վերցնելու, զուռնա-դհոլով պարելու ադաթները մեր դեպքում չի եղել, քանի որ տարբեր քաղաքներում ենք ապրում, շատ ժամանակ կպահանջվեր: Ես Գյումրիից Էրիկի մի քանի բարեկամի հետ ուղիղ գնացել եմ եկեղեցի: Ինձ համար շատ կարեւոր էր ստանալ Աստծո օրհնությունը”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Նազիկ Ավդալյանը:

“Հարսանիքն ամբողջությամբ կազմակերպվել էր քավորի կողմից”


Զույգը հարսանիքը պլանավորել էր դեռ ապրիլի 22-ին, բայց որոշ պատճառներով այն հետաձգվել է: Նրանց առաջարկով հարսանիքի քավորը եղել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: “Որոշեցինք նրան առաջարկել դառնալ մեր քավորը, որովհետեւ Նազիկի ավտովթարից հետո մշտապես այցելում էր հիվանդանոց` գիտենալով, որ նա չի կարող վերադառնալ մեծ սպորտ: Ի դեպ, հարսանիքն ամբողջությամբ կազմակերպվել էր քավորի կողմից, ամեն ինչի մասին նա էր հոգ տարել: Մեր հարսանիքն անցավ շատ ճոխ ու գեղեցիկ, վստահ կարող եմ ասել, որ մեր կյանքի ամենաերջանիկ օրերից էր”,-պատմել է Էրիկ Կարապետյանը, որը եւս զբաղվել է ծանրամարտով, իսկ Նազիկը հավելել է. “Դեռ իմ` աշխարհի չեմպիոն դառնալու ժամանակ Երեւանում բնակարան էր նվիրել, հարսանիքին նրա կողմից եղել են թանկարժեք այլ նվերներ եւս, ոչ պակաս բնակարանից”:

Նազիկ Ավդալյանի եւ Էրիկ Կարապետյանի պսակադրությանը


Նազիկը չէր սպասում :)

Մարզուհու համար իր հարսանիքի հիշարժան պահերից մեկը տեղի է ունեցել ռեստորանում. “Իմ ընկերներից մեկն անակնկալ էր պատրաստել հենց հարսանիքի ժամանակ: Ակրոբատների ընտանիքը` հայրը, մայրը եւ փոքրիկ աղջիկը, մեզ համար շատ գեղեցիկ համար ներկայացրին: Ես իրենց դեռ վաղուց ճանաչում էի, բայց երկար տարիներ չէի հանդիպել, չէի սպասում, որ կտեսնեմ իմ հարսանիքի օրը, շատ հաճելի էր”:

Հարսանեկան արարողության ընթացքում Նազիկը երկու անգամ զգեստափոխվել է. “Եկեղեցում հագած զգեստս պատվիրված էր Միացյալ Նահանգներից, որը երկարափեշ ու ծանր էր, ինձ շատ էր դուր գալիս, ուզում էի անպայման հագնել, իսկ ռեստորանում ավելի թեթեւ զգեստ հագա, որ հարմարավետ ինձ զգայի”:

Նազիկ Ավդալյանի եւ Էրիկ Կարապետյանի պսակադրությանը


Մեղրամիսը կանցկացնեն Կիպրոսում

Գյումրեցի Նազիկը եւ վանաձորցի Էրիկը հարսանիքից հետո միանգամից չեն մեկնել մեղրամսի. “Արտասահմանից հյուրեր ունեցանք, որոնք չէին եղել Հայաստանում, եւ պարտավորվեցինք նրանց հետ շրջել հայրենիքի պատմամշակութային վայրերով: Իսկ մեղրամիսը որոշել ենք անցկացնել Կիպրոսում”:

Նորաթուխ ընտանիքն այժմ ապրում է Վանաձորում` Էրիկի ընտանիքի հետ, ժամանակ առ ժամանակ գալիս են Երեւան. “Դեռ երկու տարի առաջ էինք նշանադրվել: Իր ընտանիքի հետ վաղուց մտերմացել էի: Ինձ դուր է գալիս Վանաձորը, դեռ չենք որոշել` մշտապես կապրենք այնտեղ, թե կտեղափոխվենք Երեւան”:

Նազիկը պետք է որոշի


Չարաբաստիկ ավտովթարից հետո մարզուհին ապաքինվել է, բայց պրոֆեսիոնալ սպորտ վերադառնալու մասին դեռ վաղ է համարում խոսելը. “Շատ եմ ուզում նորից պարապել, բայց չգիտեմ` կկարողանա՞մ: Լուրջ հարց է, պետք է հստակ որոշեմ”:

Փոխարենը Նազիկը մարզադպրոց բացելու մտադրություն ունի, դեռ չի կողմնորոշվել` Երեւանում, թե` Վանաձորում. “Շատ եմ ուզում, որ այս երազանքս կատարվի: Եթե Էրիկի աշխատանքը Երեւանում լինի, ապա պետք է մայրաքաղաք տեղափոխվենք մշտական բնակության: Դեռ մտածում եմ` որտեղ ճիշտ կլինի մարզադպրոց բացելը”:

Նազիկ Ավդալյանի եւ Էրիկ Կարապետյանի պսակադրությանը


Եթե Նազիկ Ավդալյանը որոշի զբաղվել քաղաքականությամբ…

Այժմ երկուսով Վանաձորում սովորում են իրավաբանության ֆակուլտետի նույն կուրսում. “Փոխադրվել ենք երրորդ կուրս, երկուսիս համար էլ երկրորդ մասնագիտությունն է: Էրիկը պարտաճանաչ գնում է դասերին, խորությամբ ուսումնասիրում է ոլորտը, որոշել է լրջորեն զբաղվել իրավաբանությամբ: Ինձ ավելի հոգեհարազատ է սպորտի թեման, հիմա գիտական թեզ եմ գրում` “Կանանց ծանրամարտի մարզման մեթոդիկան” վերնագրով: Եթե անգամ մտնեմ քաղաքականություն, կցանկանայի զբաղվել սպորտին առնչվող հարցերով”:

Էրիկը` կնոջ մասին :)

Ի դեպ, Էրիկը հպարտանում է իր կնոջ ուժեղ բնավորությամբ.“Եթե ես թույլ տղամարդ լինեի, այսպիսի ուժեղ կնոջ հետ չէի կարող ամուսնանալ:)”:

Նազիկ Ավդալյանի եւ Էրիկ Կարապետյանի պսակադրությանը


Մարզուհին նշել է, որ ընտանիքի համալրում դեռեւս չի լինի, բայց ցանականում է երեք երեխա ունենալ. “Քանի որ մեջքիս հետ կապված խնդիրներ ունեմ, դեռ ինձ չի կարելի մայրանալ, բայց 6-7 ամսից ամբողջությամբ կապաքինվեմ”:

Ամուսիններ Նազիկ Ավդալյանին եւ Էրիկ Կարապետյանին BRAVO.am-ը մաղթում է երջանկություն եւ մանկան ճիչ:): 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նազիկ Ավդալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW