×


Նանա Արամյան

Նանա Արամյան

Զրույցներ` սեւ-մանուշակագույն ու կրքով քարտեզագրված :) Նանա Արամյանի հետ նրա կտավների միջոցով մինչեւ մարտի 20-ը սեւ-մանուշակագույն զրույցի բռնվիր:): Մարտի 7-ին “Ակադեմիա” պատկերասրահում բացվեց նկարիչ, գրաֆիկ դիզայների` “Սեւ-մանուշակագույն զրույցներ” խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Nana Aramyan Մինչ “Կրքի քարտեզագրում”, “Լինել երկուսով”, “Ամուր”, “Հուդիթ”, “Համերգ”, “Անկախություն”, “Կիբերմիջատ”, “Ջոյստիկ”, “Դեռահաս ուրվականներ”, “Անհանգիստ գիշեր”, “Աղջկական երազներ” անվանումներով սեւ-մանուշակագույն կտավների մեջ խորանալը` մարդու ենթագիտակցությունը վիզուալացնող նկարչուհու մասին ցանկության դեպքում կարդա այստեղ` http://www.bravo.am/news/%D5%B6%D5%A1%D5%B6%D5%A1-%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6/ : Exibition “Վերջին երկու-երեք տարվա աշխատանքներս են, որոնք կարեւոր եմ համարում: Իմ արվեստային մոտեցումների համար նրանք բավական շրջադարձային են. երկար տարիներ համակարգչային մեդիայում էի աշխատում, այս գործերը նկարչության լրիվ դասական մոտեցում ունեն: Կուտակվել էր նոր շատ ասելիք, որ փորձեցի արտահայտել: Ես ինքս էլ մեծ սպասումներ ունեմ այս ցուցահանդեսից, քանի որ շատ հետաքրքիր եւ կարեւոր է հանդիսատեսի եւ արվեստային հասարակության կարծիքն ու մոտեցումը”,- ասաց Նանա Արամյանն ու հավելեց. “Նախատեսել էի 30 աշխատանք ներկայացնել, բայց ցուցասրահում տեղավորեցինք 20-ը եւ որոշ գրաֆիկական աշխատանքներ”: Nana Aramyan & Narek Avetisyan Նկարչուհին կարեւորում է երկխոսության գաղափարը. “Բազմաթիվ զրույցներում, դեբատներում, դիսկուրսներում կարող են շատ-շատ բացահայտումներ տեղի ունենալ: Ես էլ փորձում եմ հանդիսատեսին հրավիրել երկխոսության կարեւոր թեմաների շուրջ` ներկայացնելով իմ կոնցեպցիան, մոտեցումները”: Նանա Արամյանից հետաքրքրվեցինք` ի՟նչ ապրումներ է ունեցել կիրքը “քարտեզագրելիս”:): “Գլոբալացրել եմ կիրք ասվածը: Այն ֆիզիկական կիրք կարող է լինել եւ ընդհանրապես կիրք կյանքի հանդեպ, արարելու, ստեղծագործելու: Դա մի պրոդուկտիվ էներգիա է, որ կուտակված է մարդկանց մեջ եւ ինչ-որ ձեւով պետք է արտահայտվի, դուրս գա, նույնիսկ պայթի: Փորձել եմ տարբեր-տարբեր պայմանականություններից ազատվելով` բացահայտել կամ ներթափանցել էակի, մարդու հոգեբանական խորին, կարեւոր կորիզը”,- նշեց նկարչուհին: Exibition “Նանան ինձ ջերմացրեց մանուշակագույնի հանդեպ”. Նարեկ Ավետիսյան “Սեւ-մանուշակագույն” ցուցահանդեսի հյուրերից շատերը, փորձելով պահել տրամադրությունը, նույն գունային գամայի մեջ էին հագնվել, Նանային էլ մանուշակագույնի երանգներով ծաղիկներ էին նվիրում: Մանուշակագույն էր նաեւ նրա ամուսնու` նկարիչ Նարեկ Ավետիսյանի վերնաշապիկը:). “Խոստովանեմ, որ մանուշակագույնը ինձ համար մեծ դեր չէր կատարում, բայց Նանան ինձ ջերմացրեց այդ գույնի հանդեպ: Նույնիսկ կտավներումս սկսել են հայտնվել այդ երանգները: Սեւը նույնպես չկար, բայց երբեմն սկսում է հայտնվել: Հոգեբանները շատ տեսություններ ունեն գույների մասին. հատկապես կանայք են հավանում մանուշակագույնը, այն էլ խենթի նման: Բավական զգայական, էմոցիոնալ եւ ինչ-որ առումով շատ հոգեւոր գույն է, իսկ սեւը` ընդգծող երեւույթ, որի մեջ հարկավոր չէ բացասական, միստիկ բաներ տեսնել: Սեւը նրա համար է, որ լույսը ընդգծվի”: Ara Tadevosyan Մինաս Ավետիսյանի որդու ցուցահանդեսն էլ շուտով կբացվի: Bravo.am-ի հարցին` արդյոք իր կողմից ջենտլմենական զիջում էր, որ առաջինը Նանա Արամյանը ներկայանա, Նարեկ Ավետիսյանը պատասխանեց. “Ես սիրով պատրաստ եմ միշտ զիջել: Բայց պատահաբար է ստացվել օրերի ընտրությունը, թե չէ, իսկապես, սիրով կզիջեի:)”: Ի դեպ, նկարիչը կնոջը ոչ թե մանուշակագույն ծաղիկներ է սիրում նվիրել, այլ կարմիր, մեծ կակաչներ: Ցուցահանդեսի հյուրերից Անիտա Հախվերդյանը նշեց` կիրք ամեն ինչի մեջ կա. “Նույնիսկ սեւ գույնի: Նանայի ձեռագրին ծանոթ եմ: Աշխատանքները շատ լավ ու որակով են արված: Ինքն այս ժանրի մեջ լավագույններից է”: Nana Aramyan & Karine Margaryan “Մասնակից եմ մի ամբողջական ցուցահանդեսի: Տեսնում եմ հասունացած, շատ պինդ արվեստագետի` հստակ կոնցեպտով, հստակ պատկերացումներով, հստակ գեղագիտական զգացումներով օժտված: Նման լավ զգացողություններ, մանավանդ վերջին շրջանում, ոչ մի ցուցահանդես ինձ վրա չի թողել: Տեսնում ես, որ հասունացած ստեղծագործական մտքի ձեւակերպումների առջեւ ես կանգնած, եւ հասկանում, որ ընկնում ես մի տարածք, որտեղ այդ հասկացություններն ու օրինաչափությունները սկսում են գերիշխել եւ թելադրել քեզ որոշակի ընկալումների պայմանականություն”,- իր կարծիքն արտահայտեց երաժիշտ Վահան Արծրունին: Հիմնականում կին պերսոնաժներ ունեցող եւ կնոջ ասելիքը ձեւակերպող նկարչուհու “Սեւ-մանուշակագույն զրույցները” կանանց տոնի նախօրեին ներկայացնելը նաեւ սիմվոլիկ նշանակություն ուներ. “Երբեմն ասելիքս առաջին հայացքից կարող է ոչ էսթետիկ ձեւեր ունեցող թվալ, բայց դա հենց այն չարաճճիություն ու ըմբոստությունն է ընդունված ստերեոտիպերի դեմ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW