“Թավջութակն ինձ համար, անկասկած, կին է” :) Նա 22 տարեկան է, ազգությամբ` հայ, մասնագիտությամբ` թավջութակահար: “The Washington Post” թերթը նրան անվանում է “ֆենոմեն”: Հենց նա դարձավ 2011 թվականի Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող: Նրա մասին BRAVO.am-ը, իհարկե, պատմել է: Տաղանդավոր երիտասարդը Նարեկ Հախնազարյանն է: “Արամ Խաչատրյան” համերգասրահում օրերս տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի եզրափակիչ համերգը` նվիրված Նարեկ Հախնազարյանի ` Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում ունեցած հաղթանակին: Հաղթանակից հետո սա Նարեկի առաջին այցն ու համերգն է Երեւանում: Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի համերգի սկզբում հնչեց Պյոտր Իլիչ Չայկովսկու նախերգանքը, այնուհետեւ նվագախմբին միացավ մենակատար Նարեկ Հախնազարյանը եւ նվագեց Ռոկոկո թեմայով վարիացիաները: Համերգային ծրագիրը եզրափակվեց Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 5-ով: Հանդիսատեսը հոտնկայս ողջունեց երիտասարդ թավջութակահարին: Ծափահարություններն անսպառ էին, այնպես որ, Նարեկին “բիս”-ի կանչեցին: Հախնազարյանը պիցցիկատո կատարեց, այսինքն` թավջութակ նվագեց առանց աղեղի` մատներով: Ի դեպ, Նարեկը նվագում է 1698 թվականին Դավիդ Տեխլերի կերտած թավջութակով, որը նրան տրամադրել է հանրահայտ Ժակ Ֆրանսեզի թոռնուհին, իսկ աղեղը պատրաստված է Բենուա Ռոլանդի կողմից: Այս թավջութակով նա նվագելու է մինչեւ հոկտեմբեր: “Կարծում եմ` երաժիշտն է նմանվում գործիքին, որպեսզի համապատասխանի այդ մակարդակին”, ասում է Նարեկը: Չայկովսկու անվան միջազգային մրցույթում Նարեկն արժանացավ ոսկե մեդալի, ինչպես նաեւ հանդիսատեսի համակրանքին, բայց ամենից շատ նա հպարտանում է մրցույթի 2-րդ փուլում ստացած դիպլոմով` Հայդնի կոնցերտի լավագույն կատարման համար: Մրցույթը Նարեկը համեմատում է Oլիմպիական խաղերի հետ. “Երաժիշտների համար սա նույն է, ինչ սպորտսմենների համար Oլիմպիական խաղերը: Սա ամենակարեւոր մրցույթն է թավջութակահարների համար”: Երաժիշտը մրցանակների է արժանացել նաեւ Կորեայում, ԱՄՆ-ում անցկացված միջազգային մրցույթներում, 2007 թվականին կայացած Արամ Խաչատրյանի անվան մրցույթի ոսկե մեդալակիր է: Նարեկն արժանացել է նաեւ ՀՀ նախագահի մրցանակին: Ելույթ է ունեցել Նյու-Յորքի “Carnegie Hall”-ում, Վաշինգտոնի “Kennedy Center”-ում, ինչպես նաեւ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում: “Արտասահմանում երբեք չեմ նեղվում ազգությանս համար, հայ լինելս ինձ մշտապես ուժ է տալիս”,-նշում է Նարեկ Հախնազարյանը: Նա երիտասարդ է, համակրելի, տաղանդավոր ու հումորով: Նրա երաժշտական ճանապարհը սկսվել է փոքր հասակից` ջութակահար Սուրեն եւ դաշնակահար Գայանե Հախնազարյանների ընտանիքում: Հայրիկը ցանկացել է, որ որդին ջութակահար դառնա, ով իր հերթին երազում էր ֆուտբոլիստի կարիերայի մասին, իսկ մայրիկը մեկ օր բռնել է փոքրիկ Նարեկի ձեռքը եւ տարել Սայաթ-Նովայի դպրոց` թավջութակի դասարան: Բոլորը զարմացել են` ինչպես կարող է հարգված պրոֆեսորների ընտանիքի երեխան թավջութակ նվագել, քանի որ թավջութակի դասարան ընդունվում էին նրանք, ովքեր չեն անցել մյուս դասարանները:): 2000 թվականին Նարեկը տեղափոխվել է Մոսկվա, ավարտել այնտեղի կոնսերվատորիան, այժմ նույն կոնսերվատորիայի ասպիրանտ է: Սովորել է նաեւ Բոստոնի “New England Conservatory”-ում: Նարեկի համար մրցակցությունից դուրս է Բեթհովենը, շատ է սիրում Շումանին ու Պրոկոֆեւին: Նա լսում է նաեւ ռոք եւ ջազ, համամիտ է այն կարծիքի հետ, որ թավջութակը նման է կնոջը. “Պատճառներից մեկն այն է, որ, օրինակ, ընկերոջս ես այդպես չեմ դիպչում:): Նրբությունը կարելի է զգալ ու փոխանցել միայն կնոջ օգնությամբ: Թավջութակը ինձ համար, անկասկած, կին է”: Նարեկը խոստովանում է, որ նվագելու ընթացքում իրեն չի հուզում ոչ ոքի կարծիքը: Նվագում է այնպես, որ իր հոգուն մոտ լինի եւ գոհացնի կոմպոզիտորին. “Այո, գիտեմ, թե ինչպես նվագեմ, որ գոհացնեմ կոմպոզիտորին: Կարդում եմ այն ամենը, ինչ վերաբերում է դրան: Ամեն ինչն էլ գրված է:)”: Նարեկը կես կատակ, կես լուրջ նշում է` աչքերը փակ է նվագում, որ դահլիճում նստած գեղեցիկ սեռի ներկայացուցիչները չշեղեն իր ուշադրությունը, հետո ավելացնում:). “Երբ աչքերս փակում եմ, խորանում եմ երաժշտության մեջ: Հետո դա անկախ ինձնից է ստացվում”: Երաժիշտն օրական 4-ից 5 ժամ է պարապում: “Երբ 12 տարեկանում դեռ նոր էի տեղափոխվել Մոսկվա, պարապում էի Դանիիլ Կրամերի ջազ-քառյակում: Փորձերի ժամանակը շատ քիչ էր: Ես վախենում էի, որ չենք հասցնի: Կրամերն ինձ մեկ անգամ ասաց. “Նարեկ, ես 30 րոպեում կարող եմ անել այն, ինչ դու կարող ես անել 3 ամսում”: Ես դա հիմա եմ հասկանում. պետք է խելոք պարապես, որ յուրաքանչյուր վայրկյանը արդյունավետ լինի”, կարծում է Նարեկը: 2011-2012 թվականների համերգաշրջանի ընթացքում Նարեկը որպես մենակատար հանդես է գալու “Tokyo Philarmonic”, “London Symphony”, Մարինյան թատրոնի եւ հայտնի այլ նվագախմբերի հետ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: