×


Նարինե Սուլթանյան

Նարինե Սուլթանյան

Երջանիկ եմ, երբ անձնականը համատեղում եմ աշխատանքի հետ:) Հաղորդավար, դերասան Նարինե Սուլթանյանին այժմ ավելի հաճախ կտեսնեք Կասկադում զբոսնելիս, քան հեռուստաեթերում հաղորդում վարելիս: :) Վերջերս մայր դարձած հաղորդավարուհին ժամանակավորապես չի երեւում ոչ եթերում, ոչ էլ տարատեսակ շնորհանդեսներին ու միջոցառումներին: Bravo.am-ը որոշեց Նարինեին գարնանային զբոսանքի հրավիրել, զրուցել ու լուսանկարել իր փոքրիկի` Միլայի հետ: Narine Sultanyan Ի դեպ, Միլան առաջին անգամ էր լուսանկարվում լրատվամիջոցի համար, վայրն էլ Կասկադն էր: Զրույցի ընթացքում մեզ մի քանի րոպեով միացավ Նարինեի քույրը` Մարինան: «Առաջին երեխան առավել քան սպասված էր:)» Փոքրիկը ծնվել է 2010-ի օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում. «Աղջկաս այնտեղ ծնվելը համարում եմ ճակատագիր, ամենեւին էլ մտադրություն չունեինք այնտեղ ապրելու:  Դժվար պահերին ինձ հետ էին քույրս եւ ամերիկաբնակ ընկերներս, որոնք ինձ շատ օգնեցին: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ այնտեղ բազմաթիվ լավ ու կամեցող ընկերներ ունեմ, ովքեր ձեռք մեկնեցին ինձ»: 7 ամսական փոքրիկն ամենից շատ սիրում է հեռուստացույց դիտել, լողանալ ու… իր հայրիկին. :) «Այդ սերը փոխադարձ է, արտաքնապես էլ ավելի շատ հայրիկին է նման: Առաջին երեխան առավել քան սպասված էր մեզ համար: Երբ 20 տարեկանում ես մայրանում, լրիվ ուրիշ է, չես գիտակցում: Աչքիս առաջ ունեմ հարազատ քրոջս օրինակը. նա 18 տարեկանում մայր է դարձել»: Narine Sultanyan Փոքրիկ Միլայի անունը ծնողներն են ընտրել. Նարինեն առաջարկել է, ամուսինը` Արմանը, համաձայնել:). «Հունարենից թարգմանաբար նշանակում է խնձոր/հոգնակի թվով/, նաեւ այլ իմաստ ունի` քնքուշ, նրբագեղ: Հնչողությամբ ինձ դուր էր գալիս, չէի ուզում Լյուդմիլա, Միլենա, Միլանա, այլ հենց Միլա: Անիմաստ է երկար անուն ունենալ, եթե կարճ ձեւով են դիմում»: Հաղորդավարի առօրյան Միլան ամբողջովին լցրել է, նորաթուխ մայրիկի համար միակ բարդությունն անքուն գիշերներն են. :) «Ամուսնությունից հետո փոխվել է իմ առօրյան, կենցաղը, աղջկաս ծնունդից հետո էլ ինքս հոգեպես ավելի ուժեղ եմ դարձել: Եթե առաջ մտածում էի` շատ բաներ չեմ անի, հիմա հանուն բալիկիս կանեմ ավելին, խոչընդոտները չեն խանգարի»,- նշում է նա ու ավելացնում, որ հոգու խորքում միշտ ցանկացել է դուստր ունենալ:). «Անգամ եթե հինգ երեխա ունենայի, անպայման կուզեի գոնե մեկն աղջիկ ծնվեր: Դեռ շուտ է մյուս երեխայի մասին մտածելը, բայց շատ կուզեմ, որ Միլան տան միակը չլինի, քույր կամ եղբայր ունենա»: Narine Sultanyan & Mila Նարինե Սուլթանյանը շատ է ցանկանում դստեր հետ վերադառնալ Միացյալ Նահանգներ, բայց ոչ թե մշտական բնակության, այլ «Դիսնեյլենդ». «Արդեն մտածում եմ` երբ է մեծանալու, որ միասին գնանք, վայելենք այդ հեքիաթը: Շատ կցանկանամ, որ բոլոր երեխաները տեսնեն այդ հրաշք աշխարհը, ցավում եմ, որ մենք չունենք «Դիսնեյլենդ»»: «Մեր ծանոթությունը եղել է փողոցում…» Նարինեի ամուսինը, չլինելով շոու-բիզնեսի ու արվեստի մարդ, ինչպես հաղորդավարն է ասում, շատ արվեստասեր է. «Մեր ծանոթությունը եղել է փողոցում, շատ պատահական…:) Սկզբում չի իմացել` ով եմ, որտեղ եմ աշխատում, հետո պարզել է, որ հաղորդավար եմ: Լավ տպավորություն էի ստացել նրանից, ոչ թե որպես անցորդ, որը մոտենում ու, կոպիտ ասած, աղջիկ է խոսեցնում, այլ տղամարդկային ու առանձնահատուկ տպավորություն էր թողել: Հաճախակի հանդիպումներից, շփումից, ուշադրությունից հետո ամեն ինչ տարավ դեպի ամուսնություն: Թեեւ չեմ կարող ասել, որ առաջին հայացքից մտածում էի, որ նա է իմ ճակատագիրը լինելու»,- հիշում է Նարինե Սուլթանյանն ու ավելացնում. «Մենք բնավորությամբ, մեր տեսակով տարբեր ենք, երեւի այդպես հետաքրքիր է, չէ՞ որ տարանուն լիցքերն իրար ձգում են:): Եթե ինձ նման լիներ իր տեսակով, գուցե անհետաքրքիր լիներ»: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Երեւանում. «Մոտ 20 օրում արագ-արագ ինքներս կազմակերպեցինք: Հասուն մարդիկ ենք, ինքնուրույն կարողացանք խնդիրները լուծել: Հայկական ուրախ հարսանիք էր, ես ու ամուսինս շատ ուրախ էինք, հասկացանք, որ հատուկ շոու-ծրագիր հարկավոր չէ, կարող ենք ինքներս շոու անել եւ ուրախանալ»: Narine Sultanyan Նարինեի խոսքով` ամուսնությունը շատ հաճելի, բայց միեւնույն ժամանակ  ամենաբարդ ու ամենաաշխատատար գործն է կյանքում. «Եթե թույլ տաս, կենցաղը կսպանի ռոմանտիզմը: Կարծում եմ` ամուսնական կյանքն ամենօրյա «աշխատանք» է, եթե ուզում ես սիրելի մարդու հետ համատեղ ապրել, պետք է ինքդ փորձես ռոմանտիզմը չկորցնելով ամուր պահել ընտանիքդ»: «Չկա մի կին, որ միայն աշխատանքով է իրեն լիարժեք երջանիկ զգում» Դերասանուհին ժամանակին խաղացել է Մալյան թատրոնում, «Գոյ» թատրոնում. ասում է` դեռ չի հաստատվել որեւէ թատրոնում, բայց լավ առաջարկների դեպքում սիրով կխաղա: Փոխարենը շուտով հեռուստաեթեր կվերադառնա. «Թատրոնում չի կարելի կիսատ լինել, եթե տրվում ես թատրոնին, ապրելակերպ է դառնում: Դերասանի մասնագիտությունն ընտրելիս գիտեի, որ պետք է լիարժեք զբաղվեմ աշխատանքով, բայց չեմ մտածել, որ միայն բեմում պետք է լինեմ, եւ վերջ: Միանշանակ, առաջնայինը ընտանիքս է, կարծում եմ` չկա մի կին, թեկուզ հոլիվուդյան աստղ, որ միայն աշխատանքով իրեն լիարժեք երջանիկ է զգում: Նաեւ հակառակը, չեմ պատկերացնում, որ կինը միայն տանը լինելով, չաշխատելով իրեն երջանիկ կհամարի: Իմ տեսակի կանայք երջանիկ են, երբ անձնականը համատեղում են սիրելի աշխատանքի հետ:): Որոշել եմ վերադառնալ հաղորդավարական աշխատանքիս, մեծ սիրով ամեն ինչ կանեմ, որ հասցնեմ: Դեռ չգիտեմ, ինչ ծրագիր կլինի, կարեւորը՝ ինձ համար լինի առաջընթաց»: Narine Sultanyan Չնայած շատ առաջարկներին` Նարինեն սերիալում նկարահանվելու ցանկություն չունի. «Ուրախ եմ, որ դերասանների համար եթերով երեւալու հնարավորություն կա, բայց ինքս չեմ կարող երկար ժամանակ տրամադրել, որովհետեւ սերիալում խաղալը ամենօրյա աշխատանքի է վերածվում: Գիտեմ մարդկանց, ովքեր թատրոն չեն հաճախում, սերիալի դերասանին ճանաչելով գնում են թատրոն, ինչը ողջունում եմ: Չնայած չեմ կարծում, որ մեկ սերիալում խաղալով արդեն հանրաճանաչ ես, ինձ համար դերասանի վաստակն ու արժեքը տարիների փորձով է որոշվում:)»: Նարինեն իրեն երջանիկ է զգում, գիտակցելով, որ մշակույթի, թատրոնի ոլորտի մարդկանց համար դժվար է անձնական կյանքում. «Չգիտես ինչու, կողքից մտածում են, որ հայտնի ես, ուրեմն հարուստ ես, մեծամիտ ես, էլ չասեմ մնացած պիտակները, որ հաճախ ասում են բեմի մարդու մասին: Ինձ հետ հաճախ է պատահել, որ մինչ շփվելը մտածել են, որ շատ մեծամիտ եմ: Ես էլ սովորական մարդ եմ, էկրանից երեւալն ինձ մեծամիտ չի դարձրել:)»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW