×


Պետո Պողոսյան

Պետո Պողոսյան

“Ուզում եմ վարակել այս ամենով մարդկանց” Հունիսի 16-ին քաղաքային նկարչության տեսքով “Բյուրոկրատ” գրախանութ էին եկել Երեւանը եւ Գյումրին` իրենց փողոցներով: Առաջին հայացքից դժվար է հավատալ, որ Պետո Պողոսյանի` “Քաղաք` երկու մոտեցում’’ խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված նկարները վրձնով են արված. դրանք ավելի շատ լուսանկարներ են հիշեցնում, իսկ Պետոն նկարում է միայն ջրաներկով: Ֆոտոռեալիզմ հիշեցնող նկարներ, որտեղ շեշտված է մեր կյանքն ու ներկա պահը մայրաքաղաքի եւ Գյումրիի փողոցներում` իրենց անցուդարձով, աղմուկով, տխրությամբ եւ ուրախությամբ: “Քաղաք` երկու մոտեցում’’ ցուցահանդեսին “City Scape” ոճում արված նկարներում պատկերված սուպերմարկետը,Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքում փակցված պաստառները, Աբովյան փողոցում գտնվող սրճարանները այցելուների ուշադրությունն են սեւեռում մեր քաղաքի այն հատվածներին, որտեղով ամեն օր անցնում ենք, բայց հաճախ չենք ֆիքսում դրանց առանձնահատկություններն ու գեղեցկությունը: Պետո Պողոսյանը կնոջ հետ Նման ռեալիզմի պատճառը պարզվում է` այն է, որ նկարների մի մասն արված են հենց տեղում: Նկարների աշխատանքներն ավարտվում են հենց նույն փողոցում, այդ անցուդարձի կիզակետում: Պետոն շատ է ցավում, որ փողոցում նստած նկարելիս ուրիշ նկարիչների չի հանդիպում: ''Այս ոճի ներկայացուցիչները քիչ են Հայաստանում  կամ ընդհանրապես չկան'',- ասում է հեղինակը: Նկարների մյուս մասը մշակվում է արվեստանոցում: Պետոն լուսանկարում է հիշվող կամ առավել սիրված վայրերը, այնուհետեւ վրձնով կտավին հանձնում դրանք: “Բյուրոկրատ” գրախանութ էին եկել Երեւանը եւ Գյումրին` իրենց փողոցներով Ցուցահանդեսին ներկայացված է 15 նկար: Բոլորն էլ նկարվել են 2011 թվականի ընթացքում, բացի մեկից, որը Պետոն անցյալ տարի է նկարել: Սա Պետոյի թվով չորրորդ անհատական ցուցահանդեսն է: Իր նկարներից մի քանիսն այժմ ցուցադրվում են Բեյրութում: Պետո Պողոսյան. “Նկարում եմ այն, ինչ հոգեհարազատ է ինձ, այն, ինչ մենք ունենք մեր քաղաքում” Պետո Պողոսյանը նկարել սկսել է 13 տարեկանում, ինչը բավական ուշ է համարում: Նա փորձել է նկարել այլ նյութերով, բայց կրկին ու կրկին վերադարձել ջրաներկին, որն առավել հոգեհարազատ է իրեն: Բացի նկարչի մասնագիտությունից, Պետոն նաեւ քանդակագործ է եւ, չզարմանաք, դիվանագետ:): Քանդակագործությունը նա համարում է օգնող փուլ, որը խթանեց նկարչությանը: Երրորդ մասնագիտությամբ Պետոն չի աշխատել, չի էլ փորձում աշխատել, «դա պարզապես ընդհանուր կրթության համար է, որը նույնպես օգնում է նկարչությանը»: Նկարների մի մասն արված են հենց տեղում ''Չեմ փորձում նկարել այն, ինչ շատ սիրուն է կամ առանձնահատուկ: Նկարում եմ այն, ինչ հոգեհարազատ է ինձ, այն, ինչ մենք ունենք մեր քաղաքում: Ուզում եմ մեծացնել հարգանքը ջրաներկի հանդեպ եւ վարակել այս ամենով մարդկանց'',- ասում է Պետոն: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW