×


Ջակոմո Տռոպեանո

Ջակոմո Տռոպեանո

“Հայ նկարիչներն ու քանդակագործները կներկայանան Հռոմում” Իտալիայի մշակույթի նախարարի հավատարմատար Ջակոմո Տռոպեանոն արդեն երկու տարի է` իր ակտիվ մասնակցությունն է ունենում հայ ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների ցուցադրությունների կազմակերպմանն Իտալիայում:  Ջակոմո Տռոպեանոն օրերս հանդիպել է BRAVO.am-ին ու պատմել երեւանյան իր այցի նպատակների եւ Հայաստանի հետ հոգեւոր կապի մասին: Jakomo Tropeano - Պարոն Տռոպեանո, ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան:): - Հայաստան եմ ժամանել հայ ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների խումբ հավաքելու համար, որպեսզի վերջիններս մասնակցեն սեպտեմբերի 11-ին Հռոմում կայանալիք մեծ ցուցահանդեսին: Այն իր տեսակով եզակի է լինելու, քանի որ մասնակցելու են միայն հայազգի ներկայացուցիչներ: Կարծում եմ` նախնական հաշվարկներով շուրջ 30 մասնակից կունենանք: Ցուցահանդեսը մոտ երկու շաբաթ կտեւի` մեզ հնարավորություն ընձեռելով եւս մեկ անգամ տեսնել հայ վարպետների հիանալի աշխատանքները, գույները եւ երեւակայությունը: Ցուցահանդեսն Իտալիայի մշակույթի նախարարության եւ Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կանցկացվի: Jakomo Tropeano - Հայ ժամանակակից քանի՞ վարպետի ցուցահանդեսներ են անցկացվել Իտալիայում: - Առաջին նման ցուցահանդեսն անց է կացվել երկու տարի առաջ Նեապոլում, որին մասնակցել է հայ երեք նկարիչ: Ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների երկրորդ ցուցահանդեսը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերին` «Մշակույթի 13-րդ շաբաթ»-ի շրջանակներում (Ամեն տարի Իտալիայի մշակույթի նախարարությունը 13-րդ շաբաթը նվիրում է երկրի մշակութային ժառանգության առաջմղմանը` ավելի քան 3 հազար տարբեր միջոցառում կազմակերպելով ամբողջ երկրում –BRAVO.am): Հայ վարպետների մասնակցությամբ երրորդ ցուցահանդեսը կազմակերպվել է 2011 թվականի ապրիլին: «Ժամանակակից նկարիչները համեմատության մեջ: Հայաստան եւ Իռպինիա» խորագրով այս ցուցահանդեսը եւս մեծ հաջողություն ունեցավ: Իռպինիան տարածաշրջան է Հարավային Իտալիայում, եւ կարծում եմ` հայերն ու իռպինացիները շատ նմանություններ ունեն: Ի դեպ, Իռպինիայում հայ վարպետներն իրենց ինչպես սեփական տանն էին զգում:): Միջոցառմանը հայազգի 22 ներկայացուցիչ է մասնակցել Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից եւ Չեխիայից: Նրանց թվում են Խաչիկ Աբրահամյանը, Խաչատուր Աղամյանը, Ֆրիդոն Ասլանյանը, Գագիկ Բադալյանը, Ահարոն Գրիգորյանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ այլք: Jakomo Tropeano - Բացի Ձեր աշխատանքային գործունեությունից,  որեւէ  այլ  բանով կապվա՞ծ եք Հայաստանի հետ: - Ինձ շատ են հետաքրքրում Հայաստանը եւ իր տաղանդները: Իր պատմության ամբողջ  ընթացքում Հայաստանն անչափ տառապանքներ է ապրել: Տեսնելով հայ նկարիչների տաղանդն ու նրանց տեսլականը` որոշեցի ինքս գալ Հայաստան եւ ծանոթանալ ինչպես երկրին, այնպես էլ մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներին: Իտալիայում կայանալիք ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հայերի համար իրենց ոգին, մտքերը, զգացմունքները եւ արժեքները ներկայացնելու իտալացիներին: Նման ցուցահանդեսների կազմակերպմամբ ես ոչ մի շահ չեմ հետապնդում, ուղղակի արվեստը բարձր եմ գնահատում եւ ցանկանում եմ, որպեսզի հայ ազգը հնարավորություն ունենա իր տաղանդը ցույց տալ Իտալիայում: Jakomo Tropeano Իսկ ինչպես հայտնի է, Իտալիան արվեստին նվիրված մարդկանց համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում: Այսօր հայազգի վարպետները հնարավորություն ունեն մեր երկիր գալ եւ կիսել իրենց փորձառությունը, ծանոթանալ միմյանց արվեստներին, նոր գաղափարներ հղանալ եւ միգուցե իրականացնել դրանք: Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Ջակոմո Տռոպեանոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW