Հանրահայտ երգիչը “բացեց” ԹՈՒՄՈ-ն Bravo.am-ը մեկ ամիս առաջ առաջինը հայտնեց, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը օգոստոսին համերգով հանդես կգա Երեւանում : Բոլոր անհավատները դրանում համոզվեցին երեկ` օգոստոսի 14-ին Հովհաննես Թումանյանի անվան այգում գտնվող ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը:): Սերժ Թանգյանը, դեռ մեկ տարի չանցած, երկրորդ անգամ հայկական բեմից ողջունեց երկրպագուներին. “Որքան գեղեցիկ երիտասարդներ կան’’:): Հաղորդավար Սամվել Հովհաննիսյանին լռեցնում եւ “Սերժ Թանգյան” էին գոչում այգում հավաքված մոտ 12 հազար երկրպագուները: Եվ հրաշքներ կարծես լինում են. նա լսեց ու եկավ :): Սերժ Թանգյանը բեմ բարձրացավ` իրեն հատուկ ոճով կրելով սեւ դասական կոստյումը` առանց փողկապի եւ բաճկոնի երկարությունը գերազանցող վերնաշապիկով: Նրա մեջ յուրահատուկ կերպով համադրվում են բեմական խրոխտությունն ու հպարտությունը, կոպտությունն ու բարությունը, ագրեսիվությունն ու նրբությունը, եւ այդ ամենի միջոցով նա յուրաքանչյուր երգը բեմադրության է վերածում: Բացօթյա համերգին հնչեցին 16 թանգյանական երգեր ''Elect the Dead Symphony’’ ալբոմից, այն էլ՝ Օպերայի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ` 40 երաժիշտներ, այդ թվում նաեւ երգչի բենդից: Համերգի համար հատուկ հրավիրված դիրիժորը Նոր Զելանդիայից ժամանած Համիշ ՄքՔեշն էր: Սերժը բացեց համերգը “Feed us” երգով: Նրա բոլոր երգերն էլ հայտնի ու սիրված են` “Sky is Over”, “Money”, “Baby”, “Gate 21”, “Բարի Արագիլ”, “Elect the Dead”, “Empty Walls”: “Yes, it`s Genocide” երգը կատարելուց առաջ Թանգյանը ասաց. “Օբաման հրաժարվում է ասել ցեղասպանություն, իսկ մենք` ասում ենք”: Համերգի ընթացքում Թանգյանը ողջունեց համահայկական խաղերի ընթացքում Երեւան ժամանած եւ համերգին ներկա հայերին, այնուհետեւ` հայաստանցի հայերին: “Ամբոխները խելագառվել էին” բառիս բուն իմաստով :): Բառ առ բառ Սերժի երգերը երգում էին բեմի առջեւ հավաքված, ինչպես նաեւ այգու տարածքը “զավթած” երկրպագուները, իսկ օդում մոտ 24 000 ձեռք կար բարձրացրած: Հանդիսատեսը բազմաշերտ էր` ոմանք այգի էին ժամանել մանկական սայլակներով, մյուսները` իռոկեզներով (սանրվածք) եւ մաքսիմալ քանակությամբ մետաղյա զարթեղենով: Համերգի կազմակերպիչների խոսքերով, անցյալ տարվա համերգից Թանգյանը չափազանց գոհ է մնացել եւ մտադրվել այնպայման ներկայացնել իր երգերը հայրենիքում` սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ եւ բացօթյա տարածքում` ավելի մեծ քանակության մարդկանց համար: Փետրվար ամսից կազմակերպիչները զբաղվում էին համերգի նախապատրաստական աշխատանքներով: “Սերժը շատ է սիրում Հայաստանը ու շատ ոգեւորված է: Բացի այդ, նա զգում է, որ իրեն գնահատում են, ոչ միայն հանդիսատեսն ու ժողովուրդը, այլեւ պետությունը”,- պատմում է “Deem Communications” ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը: Հիշեցնենք, օգոստոսի 13-ին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք-երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Թանգյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Սերժ Թանգյանի համերգն իր ելույթով բացեց “Դորիանս” բենդը: Գոռը, Էդգարը, Արմանը, Գագիկն ու Մանչը իրենց լավագույն երգերով ողջունեցին հանդիսատեսին: Ի դեպ, տղաների համերգներին արդեն ավանդույթ է դարձել` վոկալիստ Գոռ Սուջյանի փոխարեն “Կուլամ”-ը երգում է հանդիսատեսը: Այս անգամը եւս բացառություն չէր` երգում էին բոլորը: Տղաները ուրախ եւ հուզված էին նման առաջարկ ստանալու համար: “Deem Communications” ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը նշեց. “Որոշեցինք, որ համերգը բացելու է “Դորիանս” խումբը, որովհետեւ, կարծում ենք, նրանց եւ Սերժ Թանգյանի երաժշտություն սիրողները ընդհանուր են: Ի դեպ, կարծում եմ, “Դորիանս”-ն արդեն պատրաստ է միջազգային ասպարեզ դուրս գալու”: Իսկ հիմա վերադառնանք համերգի սկիզբ. ժամը 20:00-ին ԹՈՒՄՈ-ի շենքում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացումն էր: Նախ` դեպի շենք տանող ճանապարհին կանգնած երիտասարդները ծափահարություններով ու բարեմախտանքներով ողջունում էին կենտրոնի ցանկացած այցելուի: Շենքի ներսում հյուրերին էր դիմավորում Արարատյան հայրապետական թեմի “Զանգակ” նվագախումբը: “Դրես կոդի” համաձայն, բոլոր հյուրերը երեկոյան զգեստներով էին: Քիչ հետո կենտրոն ժամանեց եւ պաշտոնական բացմանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով բարձր գնահատեց եւ ողջունեց նման նախագիծը: Քանի որ ԹՈՒՄՈ տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծարար է, “Սիմոնյան կրթական հիմնադրամի” նախագահ Սեմ Սիմոնյանն ոչ թե իրական, այլ վիրտուալ կարմիր ժապավեն կտրեց` շենքի ներսում գտնվող մեծ էկրանի վրա :): Ի դեպ, երկու Սերժերը` նախագահն ու երգիչը, կենտրոնում զրույցի բռնվեցին: Եվ վերջինս հայտնեց, որ հնարավոր է, Երեւանում մոտ ապագայում կայանա հանրահայտ ‘’System of a Down'' խմբի համերգը :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: