×


Սյուզի Ադամյան

Սյուզի Ադամյան

Հայաստանի ներկայացուցիչը` երգի միջազգային մրցույթում:) Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի բեմի մասին երազող 18-ամյա Սյուզի Ադամյանը դեռ չի հասել իր երազանքին:), բայց միջազգային մեկ այլ բեմահարթակում կերգի ու կներկայացնի Հայաստանը: Մարտ ամսին Մոլդովայում կայանալիք «Golden Voices 2011» երգի միջազգային մրցույթում նա մեր երկիրը ներկայացնողն է: Syuzi Adamyan Հայաստանի մասնակիցն այնտեղ իր բեմական անվամբ է ներկայանալու` Իոնա. «Երբ սկսեցի համագործակցել պրոդյուսերիս` Էմիլի հետ, ով նաեւ մի շարք երգերի հեղինակ է, առաջարկեց անուն-ազգանունի փոխարեն նոր բեմական անուն ունենամ ու ինձ կնքեց Իոնա»,- նշում է Սյուզին. «Այս մրցույթին Իոնա եմ ներկայացել: Ամենից առաջ ուզում եմ լավ ելույթ ունենալ ու մատուցել երգերը, որ հանդիսատեսն ու ժյուրին հավանի: Ակնկալիքներս մեծ են»: :) Այս տարի «Golden Voices»-ում լավագույն «ոսկե ձայնին» արժանանալու համար կմրցեն Սերբիայի, Իտալիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Լատվիայի, Մակեդոնիայի, Ուզբեկստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Վրաստանի, Ադրբեջանի ու եւս մի քանի երկրների կատարողներ: Syuzi Adamyan «Golden Voices 2011» երգի միջազգային մրցույթին մասնակցելու հրավերը Սյուզին ստացել է Աշոտ Խաչատրյանից, ով ձեռք է բերել մրցույթի լիցենզիան: Ինչպես ասաց Սյուզին, առանց նախնական մրցույթի որոշվել է, որ Հայաստանն ինքն է ներկայացնելու: Երկու փուլից կազմված երգի մրցույթն անց է կացվելու մարտի 3-ին ու 4-ին: Առաջին օրը մասնակիցները երգելու են իրենց երկրի հիթերից մեկը, հաջորդ օրը` համաշխարհային որեւէ հիթ. «Սա ավելի շատ էստրադային ժանրում կատարողների մրցույթ է. առաջին փուլում կատարելու եմ Ազատ Հակոբյանի հեղինակած «Կարոտ» երգը, մյուս փուլում Սառա Քոնորի երգացանկից «From Sarah With Love» երգը»,- պատմում է նա ու ավելացնում, որ հաղթողներին ընտրում են ժյուրիի անդամները. «Որքան գիտեմ, մրցանակակիրները որոշվում են փակ քվեարկությամբ: Գրան պրիի ու 1-ից 3-րդ տեղերը զբաղեցնողների համար կան նաեւ դրամական մրցանակներ»: Սյուզին ասաց, որ մրցույթի կազմակերպիչները տեղեկացրել են, որ յուրաքանչյուր երկիր իր տարազով ու դրոշով պետք է մեկնի Մոլդովա. «Մինչ մրցութային փուլը հագնելու ենք ազգային տարազ, որն արդեն պատրաստել եմ. մուգ կապույտ երանգի մեջ է»: Syuzi Adamyan Նա տեղեկացել է, որ նախորդ տարիներին մրցույթին հրավիրված են եղել եվրոպական ու ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղեր, իսկ այս տարվա հայտնի հյուրերի ցանկը դեռ հրապարակված չէ. «Հուսով եմ` նրանց հետ շատ հետաքրքիր կանցնեն օրերը:): Աստղերից մի քանիսը կլինեն նաեւ ժյուրիի կազմում»: «Golden Voices»-ը Հայաստանի ներկայացուցչի առաջին միջազգային մրցույթը չէ. 2009-ին Մոսկվայում կայացած «Բաց Եվրոպա» երգի մրցույթ-փառատոնում Սյուզին ներկայացել է դասական երգի անվանակարգում` զբաղեցնելով 3-րդ տեղը:  2010-ին «Русская песня» մրցույթում հայրենասիրական երգեր է կատարել. «Փոքր տարիքից եմ մասնակցել երգի մրցույթների: «Российская Звезда» մրցույթին 3-րդ տեղը զբաղեցրի, որտեղ ամենափոքրն էի` 7 տարեկան:)»: Syuzi Adamyan Սյուզին կամ «բեմական» Իոնան, երգի մրցույթներից բացի, մասնակցել է նաեւ գեղեցկության մի քանի մրցույթների: Դրանցից առանձնացրեց 2008-ի «Miss Europe & World Junior»-ը, որտեղ հաղթել է «Միսս տաղանդ» նոմինացիայում: Երեւի արդեն պարզ է, որ երգն է նրան օգնել հաղթել:). «Մոտ 50 մասնակիցներ էինք, հրաշալի ճանապարհորդություն ունեցանք Միջերկրական ծովում: Մրցույթի բացումը Չեխիայում էր, հետո եղանք Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում: Նեապոլում մեզ դիմավորեց նույն ինքը` Սիլվիո Բեռլուսկոնին»: :) Հիմա սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի առաջին կուրսում, մեծ ցանկություն ունի մասնակցելու դասական երգի միջազգային մրցույթների. «2005-ին Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակին արժանացա, որը հավերժ է, իրոք մեծ պատիվ էր ինձ համար: Նման քայլերն ու հաղթանակները ոգեւորում են ավելի շատ աշխատելու ու երազանքիս հասնելու:)»: Սյուզի Ադամյանը Մոլդովա կմեկնի իր մայրիկի ու իրեն ներկայացնող Աշոտ Խաչատրյանի հետ: Bravo.am-ը հաջողություն ու հաղթանակ է մաղթում: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Սյուզի Ադամյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW