×


Սյուզի Մելիքյան

Սյուզի Մելիքյան

ԱԺ աշխատակից, դիվանագետ երգչուհին նորություններ ունի:) «Անկեղծ ասած, բնավորությամբ ուշացող մարդ եմ, փորձում եմ ամեն ինչ անել, որ  չուշանամ: Բայց նաեւ խոստովանեմ, որ առաջադիմել եմ. առաջ 1-2 ժամ էի ուշանում, հիմա` ամենաշատը 30 րոպե»,- խոստովանում է երգչուհի Սյուզի Մելիքյանը: Նա, իրոք, առաջադիմել է եւ մեզ ընդամենը 30 րոպե սպասեցրեց: :) Syuzi Meliqyan «Հանուն երազանքի» եւ «Դե, գնա ու մտածիր» երգող Սյուզի Մելիքյանը փետրվար ամսից աշխատում է Օրենսդիր մարմնում: Դիվանագիտական կրթություն ունեցող երգչուհին Ազգային ժողովում նախ աշխատել է որպես գրադարանավար, ապա տեղափոխվել է լրատվական բաժին: Այս հանգամանքով էլ բացատրում է իր լռությունը շոու-բիզնեսում, բայց խոստանում է երկար չսպասեցնել հանդիսատեսին… ԱԺ-ում` դիվանագիտությամբ, իսկ շոու-բիզնեսում զբաղված է իր առաջին ձայնասկավառակի երգերի ընտրությամբ ու ձայնագրմամբ. «Ինչքան ինձ հիշում եմ` երգում եմ, բայց ուսումս առաջին տեղում էր: Համալսարանի դասերն ինձանից շատ ժամանակ էին խլում, մտածում էի, որ ավարտելուց հետո լիովին կկարողանամ երգերովս զբաղվել, հիմա համեմատաբար ավելի շատ ժամանակ եմ տրամադրում երաժշտական գործերին, կարծում եմ` արդեն առաջին ձայնասկավառակ ունենալու ժամանակն է»: Syuzi Meliqyan Երգչուհին որոշել է նաեւ ժողովրդական ու գուսանական երգեր կատարել. «Ժողովրդական հին երգերը սիրում եմ, ուզում եմ իմ մեկնաբանությամբ ներկայացնել հանդիսատեսին,  մինչ այդ պատրաստվում եմ Ռիչարդ Մադլենյանի հեղինակած 2 երգ կատարել, 1 նվեր էլ ունեմ արտասահմանցի երգահանից, շատ գեղեցիկ երգ է»: Ուզում էր «կրթված» երգչուհի դառնալ :) 2009 թվին Սյուզին ավարտել է Ռուս-հայկական Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Երգչուհին դիվանագիտությունն ընտրել է լեզուներ ուսումնասիրելու համար.:) «Ռուսական դպրոց եմ ավարտել, ինձ համար ավելի հեշտ կլիներ ռուսերենով սովորել: Բացի ռուսերենից ու անգլերենից գիտեմ ֆրանսերեն, չնայած հիմա խոսակցականս մի քիչ «փակվել» է, իսկ արաբերեն լիարժեք գրում ու կարդում եմ: Ուզում էի նաեւ 2-րդ կայուն մասնագիտություն ունենալ ու կրթված երգչուհի լինել: Կարող էի ընդունվել Կոնսերվատորիա, բայց ինքս ավելի խորը երաժշտական գիտելիքներ եմ ստացել, առաջատար մասնագետների մոտ փոքր տարիքից վոկալ եմ պարապել, ինձ համար Կոնսերվատորիայի դիպլոմ ունենալը այդքան կարեւոր չէր: Երգի առաջին ուսուցիչս եղել է Վարդուհի Վարդանյանը, Երգի պետական թատրոնում մասնագիտական շատ գիտելիքներ եմ ստացել, հիմա պարապում եմ Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ»,- ասում է Սյուզին: Syuzi Meliqyan Ուսանողական տարիներին համատեղելով երգն ու դիվանագիտությունը` Սյուզին հաճախ էր բացակայում դասերից, բայց համալսարանում ըմբռնումով էին մոտենում: Նրա համար առաջնայինը դասերն էին, երգերով շատ չէր հասցնում զբաղվել, հիմա համեմատաբար շատ ավելի ժամանակ է հատկացնում. «Շատ դասախոսներ հասկացել են, համերգների պատճառով բացականերս հարգելի են համարել, բայց Սլավոնականն այն համալսարանն է, ուր ոչ մի այլ բան չի անցնում. միայն պետք է գիտելիք ու խելք ունենաս, որ կարողանաս ավարտել»: ԱԺ-ում աշխատելու համար պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել Սյուզիի խոսքերով` ԱԺ-ում աշխատելիս պետք է ունենալ լայն աշխարհայացք անկախ մասնագիտությունից.:) «Իմ մասնագիտությունը` դիվանագիտությունը, մի քիչ հեռու է, բայց կարծում եմ` լրատվական բաժնում ինձ հարմար աշխատանք էր: Հիմա պետք է պայմանագիր կնքեմ, որ շարունակեմ աշխատանքս: Մամուլում անընդհատ նյութեր էին տպվում, իմ անունն էր շրջանառվում, թե գեղեցիկ արտաքինով աղջիկները շատացել են Ազգային ժողովում, բայց ես լուրջ չէի վերաբերում, որովհետեւ իրենց թերթը վաճառելու համար անիմաստ բաներ են գրում թե քաղաքական գործիչների, թե շոու-բիզնեսի մարդկանց մասին: Ազգային ժողովն այն տեղն է, ուր, եթե չունենաս քո գիտելիքը, չունենաս պատկերացում ոլորտի մասին, չես կարողանա աշխատել: Միայն գերազանց սովորելը բավարար չէ. պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշվել: Համալսարանն ավարտելուց հետո ներկայացրել եմ իմ ռեզյումեն, օրենքով ու պայմանագրով անցել եմ աշխատանքի»,- ասում է նա ու ավելացնում, որ եղել են պատգամավորներ, որոնց հետ մտերմացել է, բայց բոլորի հետ չի շփվել ու անուն-ազգանունով բոլորին չի ճանաչում: Syuzi Meliqyan «Սիրում եմ ինքնուրույն ու կայացած տղամարդկանց» Սյուզի Մելիքյանը նաեւ նշեց, որ իր մասին հաճախ է լսում բամբասանքներ` ավելի շատ անձնական կյանքի մասին. «Չգիտեմ` ինչու, ինձ անընդհատ նշանում են, նեղվում եմ, որ անձնական կյանքիս մեջ են մտնում: Դեռ չեմ նշանվել, հիմա կողքիս չկա մեկը, ում հետ պատրաստ եմ ամուսնանալ: Դժվար է ընտրել մեկին, որ հետագա ամբողջ կյանքում պետք է կողքիդ լինի: Սիրում եմ ինքնուրույն ու կայացած տղամարդկանց: Ծնողների գումարով ապրող տղաների դեմ ոչինչ չունեմ, բայց իմ կողքին չի կարող այդպիսի մարդ լինել, նաեւ տնփեսա ամուսին չեմ ուզում ունենալ: :) Միայն կարող եմ ասել, որ հարսանիքս կլինի իր բոլոր ադաթներով, ես երեւի հին մարդ եմ, բայց հայկական բոլոր ավանդույթներով հարսանիք եմ սիրում»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW