×


Սուրեն Թադեւոսյան

Սուրեն Թադեւոսյան

«Ուզում եմ, որ մեր ռեժիսորները ազնիվ լինեն...» :) Արդեն մի քանի տարի է` ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանն իր նկարահանած տեսահոլովակներով մուտք է գործում մեր բնակարաններ եւ յուրովի ընդունվում ամենքիս կողմից: Աշխարհահռչակ ռեժիսորներից Լյուկ Բեսոնի ոճը շատ սիրող ռեժիսորը Bravo.am-ի հետ զրույցում խոսեց իր աշխատանքից ու շուկայում առկա մի շարք խնդիրներից... Suren Tadevosyan - Որքա՞ն ժամանակ է` զբաղվում եք ռեժիսուրայով: - Նախ ասեմ, որ ինձ մոտ ամեն ինչ մի քիչ հակառակ կողմից է եղել. 1992-ից ես անդամակցում էի ՈՒՀԱ-ի «ԵրՄԻ» թիմին, ապա ստեղծվեց  «Շարմ» ընկերությունը, որի կազմով սկսեցինք նկարահանել «220 վոլտ» եւ «Համով զրույց» հաղորդումները: Հետո Մարկ Սաղաթելյանի հետ միասին կատարեցինք տեսահոլովակների առաջին փորձերը: Առաջինը նկարահանեցինք Թաթա Սիմոնյանի «Ծաղիկներ» երգի տեսահոլովակը եւ Նունե Եսայանի տեսահոլովակներից մեկը: 1999-ին ես մեկնեցի Իսպանիա, որտեղ 2000-ին ընդունվեցի Իսպանիայի «Escula de cine en Valencia» կինոդպրոց, որն ավարտելուց հետո` 2004-ին վերադարձա Հայաստան: Այստեղ տեսահոլովակների նկարահանումները սկսեցինք “Ծոէֆէմ”-ի «Բոմբա»-ից»: - Զբաղվում եք նաեւ պրոդյուսինգով, ի՞նչ կասեք այդ մասին: - Իմ պրոդյուսերական աշխատանքի հիմքը դրել է «Արմատ» նախագիծը, որը ես արել իմ լավ ընկերոջ` Արմեն Ալավերդյանի հետ, ու մեկ ձայնասկավառակ ենք թողարկել: Մենք հին, մոռացված երգերին նոր ձեւավորում էինք տալիս, որի ժամանակ ես 2 տեսահոլովակ նկարեցի` «Գազար» եւ «Սասնասար», որոնք եղան իմ առաջին լուրջ փորձերը: Ապա հանդիպեցի Նարեկ Բավեյանին ու մինչ օրս զբաղվում եմ նրա պրոդյուսերական աշխատանքով, որն, ըստ իս, երաժշտական բնագավառում բաժանվում է երկու մասի` մենեջերի աշխատանք, երբ պրոդյուսերն ունի առանձին հովանավոր, եւ գլխավոր պրոդյուսեր, երբ նա է որոշում, թե ինչպես պետք է ընթանա տվյալ երգչի կարիերան: Ես Նարեկի գլխավոր պրոդյուսերն եմ, բայց լինում են նաեւ բազմաթիվ համագործակցություններ այլ երգիչ-երգչուհիների հետ: Suren Tadevosyan - Ի՞նչ նախապայմաններ են պետք, որ  նկարեք այս կամ այն տեսահոլովակը, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար երգը: - Ես փորձում եմ նկարել այն տեսահոլովակը, որի երգը դուրս գալիս է, բայց, ցավոք, միշտ այդպես չի լինում: Այսօր երբ ասում ես` այս երգը լավն է կամ ոչ, մտածում են, թե քեզ «չգիտեմ ինչի» տեղ ես դրել: Բնականաբար, երբ այնպիսի երգ է կամ երգչուհի, ում հետ ընդհանրապես չես ուզում շփվել, ասում էս` չէ: Անհնար է, որ գումարի կամ այլ պատճառներով համաձայնես հետն աշխատել: Երբեմն նաեւ լինում են դեպքեր, երբ դրան վերաբերում ես զուտ որպես աշխատանք ու փորձում լավ տեսահոլովակ նկարել: Իսկ եթե  ոճը համապատասխանում է քեզ, ապա ամեն ինչ ավելի լավ է ստացվում: Օրինակ, ես ռեփը սիրում եմ, եւ ինձ  ավելի շատ դուր է գալիս Միշոյի «Քեզ համարը». ոճային առումով այն ավելի լավն է, քան ժողովրդականը: - Մի շարք երգիչների հետ եք աշխատել, ու՞մ հետ է առավել հաճելի եւ հեշտ: - Եթե երգիչը քեզ ճիշտ է հասկանում, վստահում է, ու ձեր ճաշակները համընկնում են, ապա նրա հետ եւ հաճելի, եւ հեշտ է աշխատել: Օրինակ, կրկին Միշոն, ով իմ լավ ընկերն է, ու մեր ճաշակները համընկնում են, հեշտ է նրա հետ աշխատել, Սոֆիի հետ է հեշտ աշխատել, քանի որ նա շատ աշխատասեր է : Հեշտ է աշխատել նաեւ այն մարդկանց հետ, ովքեր քեզ վստահում են: Եթե տասնյակ ռեժիսորներից ընտրել են քեզ, ապա պետք է վստահեն ու ամեն ինչին չխառնվեն: Ես նման մարդկանց հետ չեմ աշխատում, ու եղել են այնպիսի դեպքեր, երբ նախնական փուլը սկսել ու կիսատ եմ թողել: Ես հաճույքով լսում են երգչին, ու եթե նրա ասածի մեջ ինձ հարազատ, ճիշտ բան եմ տեսնում, կիրառում եմ, բայց միանշանակ իր ասածը չի լինում: Այսինքն, այնպես չի, որ ինչ ասեն, իմ համար OK է: Suren Tadevosyan - Ասացիք` տասնյակ ռեժիսորներ... ի՞նչ կասեք այն մասին, որ այսօր անընդհատ ի հայտ են գալիս նոր ռեժիսորներ ու հնչում նոր անուններ: - Անկեղծ, ես դրան նորմալ եմ վերաբերում, բայց այն դեպքում, երբ դա մոդայից դրդված չեն անում կամ էլ շինարար են, գործը լավ չի ստացվում, ու որոշում են իրենց ռեժիսուրայում փորձել: Ցավոք, նման դեպքեր էլ կան մեզ մոտ, բայց ես միշտ ասում եմ , որ քանակը ժամանակի ընթացքում որակ է տալիս, թեեւ ընթացքում շատ անհաջողություններ են լինում, որի համար մեղավոր են մեր երգիչ-երգչուհիները: Դա կրկին գումարի հետ է կապված. նրանք ունեն գումար, ու ինչ-որ Վոլոդյա առաջարկում է այդ գումարով մեկի փոխարեն երկու տեսահոլովակ նկարել, կամ էլ գումարային չնչին տարբերության պատճառով լավ որակ չի տրվում: Ես ոչ թե ինձ համար եմ ասում, այլ ընդհանրապես շատ լավ ռեժիսորներ կան, ու երգիչներին խորհուրդ կտամ տեսահոլովակ նկարահանելուց առաջ լավ մտածել: - Որպես լավ ռեժիսոր ու՞մ կառանձնացնեք: - Գոգա Խաչատրյանին, ով նաեւ իմ լավ ընկերն է, Հրաչ Քեշիշյանին, Հրանտ Վարդանյանին, Հրանտ Մովսիսյանին, բայց կան նաեւ սկսնակ ռեժիսորներ, որոնք այս դաշտում են եղել, օրինակ, Վարդան Զադոյանը երկար ժամանակ զբաղվել է սցենարական աշխատանքով, բայց հիմա ունի շատ լավ տեսահոլովակներ, ինչը զարմանալի չէ. Վարդանի նման զարգացած ու ներքին կուլտուրայով մարդը չէր կարող վատ տեսահոլովակ նկարել: Կարենը Քոչարյան, ով հիմա զբաղվում է իմ տեսահոլովակների մոնտաժով, Ժոռը Մելոյան, այսինքն` կան ռեժիսորներ, որոնց ես միշտ սպասում եմ ու որոնց աշխատանքներն ես հետաքրքրությամբ եմ նայում: :) - Մեզ մոտ ի՞նչ վիճակում  է գտնվում  clipmaking կոչվածը: - Շատ տխուր: Իհարկե, դա էլ իր պատճառներն ունի` շուկա չկա: Եթե Իսպանիայի հետ համեմատեմ, կարող եմ ասել, որ մեզ մոտ տեսահոլովակ է նկարահանվում այն գումարով, որը Իսպանիայում տրամադրվում է սուրճ բերող չորրորդ կարգի ասիստենտին: Մենք կարող ենք եւ ունենք լավ տեսահոլովակներ, որոնք արված են ստեղծագործ մտքի շնորհիվ: Լավ են ստացվում նաեւ գրաֆիկական աշխատանքները: Գրաֆիկայի դեպքում, եթե կան համապատասխան պայմաններն ու տաղավարը, ամեն ինչ կախված է մարդկային գործոնից: Օրինակ, շատ լավ գործեր ունի Ժոռ Մելոյանը, դրանց եւ արտասահմանյան տեսահոլովակների միջեւ ես տարբերություն չեմ տեսնում: :) Suren Tadevosyan - Այնուամենայնիվ, բացի տեխնիկական եւ նյութական միջոցներից, ի՞նչ է պետք լավ որակ տալու համար: - Լավ որակի համար պետք են գիտելիքներ` սկսած օպերատորի աշխատանքից, տեխնիկայից եւ մոնտաժային աշխատանքներից: Ցավոք, մեզ մոտ այդ կուլտուրան չկա: Ռեժիսորը պետք է ազնիվ լինի: Երգչին համոզելը հեշտ է ստացվում ռեժիսորների մոտ, ու արդյունքում եթեր է գնում վատ տեսահոլովակ: Ես շատ եմ ուզում, որ մեր ռեժիսորները ազնիվ լինեն:)... - Իսկ Դուք ինչո՞վ եք առաջնորդվում Ձեր պրակտիկայում : - Ինձ համար կարեւոր է առաջին հերթին մարդկային ֆակտորը: Ինձ մոտ մեծ նշանակություն ունի երգն ու երգչի մարդկային տեսակը: Շատ մարդիկ կան մեր շոու-բիզնեսում, որոնց ես կարող եմ հարգել որպես մարդ, բայց ընդհանրապես չեմ կարող աշխատել նրանց հետ, ու դա կապ չունի գումարի հետ: Ես միայն ուրախ եմ, որ մի մարդու հետ համագործակցելուց հետո կարող եմ նրա հետ շարունակել աշխատել: Դա երեւում է նաեւ իմ աշխատանքներից. օրինակ` Միշոն, Արսեն Սաֆարյանը (մեկից ավելի տեսահոլովակներ ունենք): Բայց Արամեն, Սոֆին էլ այն երգիչներն են, ում հետ եւս հետագայում հաճելի կլինի համագործակցել: Suren Tadevosyan Ես իմ ձեռագիրն ունեմ, մյուսները` իրենց, եթե երգչին դուր է գալիս իմ գործը, լինում են նաեւ այլ առաջարկներ, բայց կան երգիչներ, որոնք դուր գալուց հետո փորձում են նաեւ մյուսների հետ համագործակցել, նրանց աշխատանքն էլ տեսնել... Կան նաեւ այնպիսիք, որ մի անգամ տեսահոլովակ նկարելուց ու հավանելուց հետո միշտ միայն նույն ռեժիսորին են դիմում: - Իսկ շուկայական գներից կխոսե՞ք: - Այսօր Հայաստանում հնարավոր է տեսահոլովակ նկարահանել սկսած 2000 դոլարից, չնայած կան մարդիկ, որ 1000 դոլարով էլ են նկարում, բայց ես նրանց մասին չեմ խոսում:): - Կա՞ այսօր մի դպրոց, որը կսովորեցնի սկսնակ ռեժիսորներին ճիշտ աշխատել: Դուք որեւէ կերպ փոխանցու՞մ եք ձեր գիտելիքները սկսնակներին: - Գիտեմ միայն Թատերական ինստիտուտի մասին, ու շատ են լինում դեպքեր, երբ վերջին կուսի ուսանողները պրակտիկայի կարգով ուզում են գալ, ասիստենտի գործով զբաղվել ինձ մոտ ու գործնականում տեսնել այն ամենն, ինչ սովորել են: Եվ ես դրան նորմալ եմ վերաբերում. գիտելիքներ կան, բայց մինչեւ դրանք չեն կիրառվում, ոչինչ են: Ինձ եւս պրակտիկ աշխատանքը մեծ բան է տվել:): - Իսկ հիմա ի՞նչ տեսահոլովակի վրա եք աշխատում: - Հուլիսի 8-ին Նարեկի հետ պետք է մեկնենք Հորդանան, ապա` Երուսաղեմ, նրա նոր տեսահոլովակը նկարահանելու: Ունենք նաեւ Միշոյի նոր տեսահոլովակը, որը կփորձենք մինչ մեր գնալը նկարահանել: Suren Tadevosyan - Իսկ ֆիլմեր նկարե՞լ եք: - Ֆիլմ չէ, բայց երկու սերիալ եմ նկարել` «Փախուստը» եւ «Հիպոկրատի երդվյալները», որոնք ինչ-որ չափով հաջողված էին, ինչ-որ չափով` ոչ. երկուսն էլ անավարտ մնացին: Իսկ ֆիլմ նկարելու համար, չեմ ուզում կրկնվեմ, մեծ գումարներ են պետք: Հիմա աշխատում եմ երկու ֆիլմի վրա` սցենարական մասով, ու Աստված տա` մեկ տարի հետո դրանք արդեն կլինեն: Մեկը միստիկա է, մյուսը` դրամա: Ես գիտեմ` ինչ եմ ուզում անել, բայց դրա համար համապատասխան պայմաններ չկան: Կինոն ինձ համար ցավոտ խնդիր է, դրա համար շատ գիտելիքներ են պետք, ու, իմ կարծիքով, չի կարող 2-3 միլիոնանոց ժողովրդի մատ զարգացած լինի կինոինդուստրիան: Շատերը ինձ այս խոսքերի համար մեղադրում են` ասելով` բա՞ մեր հայկական ֆիլմերը, «Մենք ենք մեր սարերը» եւ այլն, բայց մի մոռացեք, որ դա եղել է Սովետի օրոք, եւ դրա համար աշխատել է Խորհրդային մեքենան: Իմ կարծիքով, պետք է աշխատել դրսի վրա, ինչը հիմա արվում է, եւ դրսի համար ֆիլմեր նկարել: - Վերջերս Հանրային հեռուստատեսությունը նոր  ֆիլմեր նկարեց, ի՞նչ կասեք դրանց մասին: - Ես չեմ վախենում եւ չեմ ամաչում ինչ-որ մեկին գնահատական տալուց, Հրաչն էլ իմ լավ ընկերն է, ու ես գիտեմ, որ նրան ավելի մեծ գումարներ, հնարավորություն տային, նա ավելի լավ գործ կաներ: Ես ուղղակի ուրախ եմ, որ ինչ-որ բան արվում է: Նորից եմ ասում. կինոն ինձ համար ցավոտ խնդիր է, ես գիտեմ` ինչ եմ ուզում անել, բայց հնարավորություն չունեմ, ու քանի դեռ իմը չեմ արել, չեմ ուզում, չեմ կարող ինչ-որ մեկին քննադատել ու ասել` կինոն դա չէ, սա է: Ու քննադատողներն էլ լավ կլինի դա անելուց առաջ պատկերացում ունենան գոնե այն նվազագույնի մասին, ինչ արվում է ֆիլմ ստեղծելու համար: - Իսկ Դուք ձեզ քննադատու՞մ եք: - Այո, ու դա չեմ ասում զուտ գեղեցկության համար: Միշտ ռեալ եմ մոտենում իմ գործերին ու չեմ նայում դրանց որպես իդեալական աշխատանքների: - Ձեր ամենասիրելի աշխատանքները, որ մինչ հիմա կատարել եք: - Շատ եմ սիրում Միշոյի «Քո համար»-ը, որը, կներեք, բայց, ըստ իս, ռեփում դեռեւս  չգերազանցված տեսահոլովակ է, ու ես ինքս ինձ հետ պրինցիպի եմ ընկել, որ ես դա գերազանցեմ: Հույս ունեմ, որ Միշոյի նոր տեսահոլովակը, որը պետք է անենք, կգերազանցի դրան:): Սիրում եմ Արսեն Սաֆարյանի «Հուշերի քաղաքը», արտասահմանում նկարահանած տեսահոլովակները, որոնք այլ հետք են թողնում, Արեւմտյան Հայաստանի տեսահոլովակը, որը նկարել ենք էքստրեմալ պայմաններում, ու հիմա հիշելով զարմանում եմ, թե ինչեր ենք արել, հիմա երեւի նման բաներ չանեի: Suren Tadevosyan - Վերջերս լուրեր էին պտտվում, որ TV  5-ը, որի փոխտնօրենն եք, փակվելու է: - Մենք այդ թեմայով չենք խոսում, մեզ մոտ «No comment» վիճակ է: TV 5-ը չի փակվի: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, եւ հավատացնում եմ, որ եթե ինչ-որ բան փոխվի, ապա միայն դեպի լավը:)... - Շուտով կլրանա Ձեր 35-ամյակը, ինչի առթիվ միջոցառում եք կազմակերպել: Մի փոքր կխոսե՞ք այդ մասին: - Իրականում ծնունդս հուլիսի 19-ին է, բայց 24-ին Ֆիլհարմոնիայի համերգասրահում կլինի մեծ համերգ: Ես ուզում եմ, որ դա ճիշտ հասկացվի... Ոչ մի արտառոց բան չի լինելու, ու ես «կրեսլոյով» բեմի վրա չեմ նստելու: Նա, ով ցանկանում է, որ ես մի հիմար բան անեմ, որ ուրախանա, նման բան չի լինելու:): Լինելու են այն երգիչ-երգչուհիները, որոնց հետ ես համագործակցել եմ: Նրանք կերգեն, իսկ հետեւում` էկրանի վրա, կլինի տեսահոլովակը: Կլինեն նաեւ նոր տեսահոլովակների պրեմիերաներ: Մեկը Սուպեր Սաքոյի եւ Թաթուլի «Հավատամ» երգն է, մյուսն էլ երեւի կլինի Միշոյի նոր երգը: «Հավատամ»-ը վաղուց էր պատրաստ, բայց շատ ուրախ եմ, որ Սուպեր Սաքոն համաձայնվեց, որ պրեմիերան մի փոքր հետաձգվի ու լինի իմ ծննդյան օրվա համերգի ժամանակ: Դա ոչ միայն համերգ է լինելու, այլեւ կլինեն հետաքրքիր բաներ, կլինի «Փախուստի» հետ կապված մի հետաքրքիր բան, ու կան նաեւ անակնկալներ իմ ընկերների կողմից: :) Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW