Պարուհու ծննդյան օրվա հատուկ հյուրը Միհրանն էր Փետրվարի 15-ին “Ամարաս” պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկայի ծննդյան տարեդարձն էր: Պարուհին իր ծննդյան օրը նշում էր երեւանյան ռեստորաններից մեկում իր մտերիմների, ընկերների ու հարազատների հետ: Bravo.am-ը եւս հրավիրված էր նրա 25-ամյակին: Երեկոյի թամադան Սամվել Գրիգորյանն էր, բրազիլական, գնչուական, հայկական պարային համարներով հյուրերին ուրախացրին “Օվեյշն” պարային բալետը, մի քանի օրիգինալ համարներով ելույթ ունեցավ Թինա Քեյը: Վիկան պատմեց, որ շատ է սիրում իր ծննդյան օրը եւ հաճույքով է նշում այն. “Շատերը չեն սիրում իրենց ծնունդը, երեւի բացառություն եմ, որովհետեւ իսկապես սիրում եմ նշել տարեդարձս: Այս տարի նաեւ առանձնահատուկ է, որովհետեւ ամուսինս ու դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկս ինձ հետ են”: Պարուհին հիշեց նաեւ իր ամենատպավորիչ տարեդարձներից մեկը. “Անցյալ տարվա ծնունդս շատ հետաքրքիր էր: Երեք օր տոն էր ինձ համար: Փետրվարի 13-ին նշանվեցի, 14-ին սուրբ Վալենտինի օրն էր, հաջորդ օրն էլ ծնունդս նշեցինք”: Ծննդյան մասին խոսելով` հետաքրքրվեցինք, թե ինչ անակնկալներ ու նվերներ է ստացել Վիկան: “Ամենամեծ նվերն Աստծո կողմից է, քանի որ պատրաստվում եմ այս տարիքում մայրանալ: Իհարկե, ամենակարեւորն ամուսնուս ջերմ խոսքերն ու ծաղկեփունջն էին”: Վիկայի ծննդյան տարեդարձի օրը կար եւս մեկ հոբելյար. Նրա ամուսնու մորեղբոր ծնունդն էլ էր: Երեկոյի ամբողջ ընթացքում անցկացվում էին խաղեր, վիճակահանություն, որոշվում էին տարեդարձիի ամենաուժեղ, ամենաճշտապահ հյուրերը, լավագույն կենացը, պարային զույգը եւ այլն: Ամարասի հիմնական խմբի պարուհիները եւս ներկա էին, նրանք հատուկ համարներ չէին պատրաստել, պարզապես եկել էին շնորհավորելու եւ ուրախանալու. “Վիկան մեր գեղարվեստական ղեկավարն է, ընկերուհին: Շատ եմ սիրում նրան: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, ուզում եմ միշտ միասին լինենք”, - մաղթեց 18-ամյա Մանեն, որը հիմա պարապում է Ամարասի սիրողական խմբի հետ: Վիկան նշեց, որ իր համար հատուկ հյուր է Միհրանը, որն եկել էր Վիկային շնորհավորելու իր հոր` Կարո Կիրակոսյանի հետ: Նրանք միասին աշխատել են Միհրանի “Արմենիա” տեսահոլովակի համար, այժմ էլ ընտանիքներով շատ մտերիմ են. “Վիկան իսկական ընկեր է, միշտ իմ կողքին է, ամենադժվար պահերին իմ հետ է եղել, ցանկանում եմ ամենալավ բաները, ինչ որ ինձ կցանկանայի”: Միհրանի հետ նաեւ խոսեցինք Եվրատեսիլի մրցութային արդյունքների մասին: Նրա չորս ընկերները` պարողներն արդեն մեկնել են ԱՄՆ. “Իմ ընկերների հետ պատրաստ էի Հայաստանը լավ ձեւով ներկայացնել: Ամեն ինչ ուզում էի անել իմ ժողովրդի համար, այն մարդկանց համար, ովքեր մեզ սիրում են ու մեր կողքին են”, ասաց Միհրանը եւ ավելացրեց. “Իմացա, որ ժյուրիի 6 մասնակիցները բոլոր 12 բալերը մեզ են տվել: Շատերն ինձ ասում էին, որ ուղարկած sms-ները տեղ չի հասել: Իմ իսկական գնահատականն այն է, որ փողոցով քայլում եմ, շատ-շատ մարդիկ ասում են “դուք կրել եք, մեր համար ամենալավն եք, ուրախանում ենք ձեր արած գործով”: “Որպես կատարող կարող եմ ասել, որ ավելի ուժեղ համար չեմ տեսել: Չկար բոմբ համար, որ ասեի մեզնից լավն էր ու մենք արժանի չենք: Իմ ու Էմկայի Եվրատեսիլին մասնակցելը եղել է Հրաչ Քեշիշյանի ու Ալեքսան Հարությունյանի գաղափարը: Անկախ Եվրատեսիլից, մենք շարունակելու ենք աշխատել, Ամերիկայում նկարելու ենք “Հեյ” երգի կլիպը”, - ասաց նա: Միհրանը նշեց, որ շոու-բիզնեսի երգիչներից ոչ մեկին չի մեղադրում. “Ամեն մեկն իր կարծիքն ունի, անում է, ոնց ճիշտ է համարում: Չեմ սիրում խառնվել ուրիշ երգիչների գործերին, ես իմն ունեմ, հաճույքով եմ անում ու չեմ ուզում սարքել բիզնես ու անհավես անել”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: