Ամերիկայում ինչո՞վ է զբաղվում “էկզոտիկ” հայուհին Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում ապրող 24-ամյա Վիոլետ Քանյանը լրագրող է, վարում է ամերիկյան հեռուստաշոու, բայց նրան անդրադառնալու առիթը գեղեցկության` “Միսս Կալիֆոռնիա-2012” մրցույթին մասնակցությունն է: Նա հպարտանում է իր հայկական արմատներով, իրեն հայ է զգում, բայց հայերեն այնքան էլ լավ չի խոսում: Հունվարին կայանալիք գեղեցկության մրցույթից առաջ 168սմ հասակով հայուհին BRAVO.am-ին պատմել է ամերիկյան իր ապրելակերպի եւ “Միսս Կալիֆոռնիա-2012”-ին մասնակցելու դրդապատճառների մասին:): -Ինչո՞ւ ընտանիքդ որոշեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ: -Տատիկս ու պապիկս վաղուց էին բնակություն հաստատել այստեղ: Նրանց խորհրդով էլ 1989-ի դեկտեմբերին ընտանիքով տեղափոխվեցինք Ամերիկա: -Որեւէ բան հիշո՞ւմ ես Հայաստանից ու քո մանկությունից: -Ցավոք, ոչինչ չեմ հիշում. երկու տարեկան էի այդ ժամանակ: Մինչ օրս հայրենիք այցելելու հնարավորություն չեմ ունեցել, բայց Երեւանում ապրող մտերիմ բարեկամներ ունենք, որոնց շատ կցանկանայի տեսնել: Հուսով եմ՝ կայցելեմ իմ հայրենիք, համոզված եմ` շատ հետաքրքիր կլինի:): -Կպատմե՞ս ընտանիքիդ մասին: Ծնողներիդ հե՞տ ես ապրում: -Ծնողներս ինձ ամեն հարցում աջակցում, թեւ ու թիկունք են կանգնում, ինչ հարց էլ լինի՝ ֆինանսական, թե այլ: Մեծ քույրս՝ Լինեթը, 26 տարեկան է, իրավաբանություն է ուսումնասիրում: Մենք շատ ավանդապաշտ ենք, միասին ենք ապրում, հավանաբար մինչ ամուսնանալս կմնամ ծնողներիս հետ: Նրանք ինձ միշտ ասում են, որ կարող եմ նվաճել ու ձեռք բերել այն ամենը, ինչ ինքս եմ ուզում: Միշտ ներշնչել են, որ աշխատասիրությունը վճարվում է: Շատ եմ սիրում ընտանիքս, ինչին այժմ հասել եմ՝ նրանց շնորհիվ է: -Ընտանիքում անգլերե՞ն ես խոսում: -Կարողանում եմ հայերեն խոսել, բայց մի փոքր անվստահ եմ: Պատճառն այն է, որ ծնողներս ծնվել են Իրանում, իսկ ես՝ Հայաստանում: Հայրս էլ երկար ժամանակ Ռուսաստանում է ապրել: Վերջերս պարզեցի, որ իմ օգտագործած բառերը միանգամայն հայերեն չեն. լեզուները խառնել եմ իրար:): Երբ ինձ հետ գրական հայերենով են խոսում, երբեմն, բառերը դժվարությամբ եմ հասկանում, կամ էլ ինձ թվում է՝ սխալ եմ խոսում: Իսկ ծնողներիս հետ հիմնականում հայերեն եմ խոսում, բայց անգլերեն բառերն անպակաս են: -Որքանո՞վ ես տեղեկացված Հայաստանի անցուդարձից, ժամանցային ոլորտից ու շոու-բիզնեսից: -Այնքան էլ տեղեկացված չեմ: Ծնողներս ուշադրությամբ հետեւում են հայկական սերիալներին, իսկ ես դիտում եմ ամերիկյան շոուների հայկական տարբերակները՝ “Սուպերսթար”, “X-Factor”, “Պարեր աստղերի հետ”, որոնք շատ եմ հավանում: -Լոս-Անջելեսը քեզ դու՞ր է գալիս, հարմարվելու խնդիր չե՞ս ունեցել: -Քանի որ փոքրուց այստեղ եմ ապրում, լավ չեմ հիշում սկզբնական շրջանը: Հիշում եմ, երբ սկսեցի մանկապարտեզ գնալ, մի քանի հայերից մեկն էի: Բարեբախտաբար, ընտանիքս եկել է Գլենդեյլ, ուր բնակչության մեծամասնությունը հայեր են: Գաղտնիք չէ, որ Գլենդեյլն անվանում են “Փոքրիկ Հայաստան”:): -Քո շրջապատում հայե՞րն են գերակշռում: -Հայերն այնքան շատ են, որ պակասություն չեմ զգում: Ամերիկացիները միշտ ասում են, որ մենք՝ հայերս, ամենահամեղ խոհանոցն ունենք ու շատ հյուրասեր ենք: Երբ քաղաքի աշխատակիցները գալիս են տուն՝ ջուրը ստուգելու կամ կոմունալ այլ հարցերով, հայերը միշտ սուրճ ու խմորեղեն են հյուրասիրում կամ եթե շոգ եղանակ է՝ ձմերուկ:): Այդ մասին տեղացի ամերիկացիները լավ գիտեն: Նրանք նաեւ կարծում են, որ մեր հարսանիքներն անհավանական են, իրականում, այդպես էլ կա: Իսկ ամերիկացի տղամարդիկ շատ են գնահատում հայ կանանց գեղեցկությունը: Նրանց խոսքերով` հատկապես մեծ աչքերն ու դիմագծերը: Մի փոքր զվարճալի է, որովհետեւ հայերի համար սովորական է, բայց ամերիկացիների կարծիքով մենք տարբերվող ու էկզոտիկ ենք:): -Հպարտանո՞ւմ ես հայկական արմատներովդ:): -Այո, հայ լինելս մեծ ազդեցություն է թողել մշակույթի, բարքերի տեսանկյունից: Երբեւիցե չեմ հրաժարվել մեր ավանդույթներից: Առանց այդ մշակույթի միգուցե ավելի մակերեսային լինեի: Ամերիկան եւս հսկայական ազդեցություն ունի, առանց որի ես իմ տեսակով հաստատ ուրիշ կլինեի: Խառնվածքս, բուռն սերը դեպի ժամանցային ակտիվ կյանքն օգնում են ինձ լրագրության ոլորտում: -Ժուռնալիստիկայում ի՞նչն ես ամենից շատ կարեւորում: -Կարող եմ տալ այն հարցերը, որոնց պատասխաններն ինձ իսկապես հետաքրքրում են: Եթե որեւէ մարդու մասին հոդված եմ պատրաստում, հարցնում եմ ամեն ինչ՝ մանկությունից մինչեւ հաջողակ կարիերայի մասին՝ բացահայտելու նրա իսկական արմատները: Սիրում եմ, երբ ինֆորմացիան անմիջապես աղբյուրից եմ ստանում: Ավելի շատ աշխատելով ժամանցային ոլորտում՝ կարողանում եմ հարցազրույցներ վերցնել այն մարդկանցից, որոնցով հիանում եմ. սա ամենալավ կողմն է: -Ամերիկյան աստղերո՞վ ես հիանում:): -“Hollyscoop TV” շոուի համար որոշ սելեբրիթիներից հարցազրույց եմ վերցնում: Նաեւ համագործակցում եմ “Երեւան” ամսագրի հետ, որի դեպքում արդեն հայտնի հայերի հետ եմ հարցազրույցներ անում: Երկուսն էլ հաճելի աշխատանք է: Հայերի հետ զրուցելիս հատկապես սիրում եմ իրենց ազգային պատկանելության մասին խոսել, քանի որ շատերը հայկական բարքերով ու մտածելակերպով չեն մեծացել: Այդ առումով բացահայտում եմ նրանց հիշողություններն ու ապրումերը, որոնց մասին ամերիկացին չի կարող պատմել: -Մոդելավորողների, պրոֆեսիոնալ մոդելների հետ հաճա՞խ ես շփվում: -Իրականում, ես պրոֆեսիոնալ մոդել չեմ: Լուսանկարվում եմ, հետաքրքրվում այս ոլորտով, բայց ուղղակի հաճույքի համար: Իմ մասնագիտությունը ժուռնալիստիկան է: -Իսկ ինչո՞ւ որոշեցիր մասնակցել “Միսս Կալիֆոռնիա-2012” մրցույթին: Հաղթելու դեպքում ի՞նչ հեռանկարներ կունենաս: -Պատճառն այն է, որ մրցույթը լայն մասշտաբներ ունի: Սա մեծ պլատֆորմ է ոչ միայն իմ կարիերայի, այլ նաեւ բարեգործական աշխատանքի համար: Ինքս զբաղվում եմ բարեգործական աշխատանքներով, մրցույթն ինձ այս հարցում շատ կօգնի: Հուսով եմ՝ մարդիկ ինձնով կհետաքրքրվեն եւ կսկսեն հետեւել իմ հետագա գործունեությանը: Արդեն անհամբեր սպասում եմ՝ երբ եմ հանդիպելու մրցույթի մասնակիցներին: -Այո, գիտեմ, որ բարեգործական ծրագրեր ես իրականացնում երեխաների համար: Ի՞նչ ես նախաձեռնել նրանց համար: -Եթե նկատեն ու աջակցեն ինձ, կարող եմ օգնել Լոս-Անջելեսի փոքրիկներին, որոնք մանկատանն են մեծանում: Ցավով պետք է ասեմ, որ նրանց շարքերում հայ շատ երեխաներ կան, այնքան տխուր է: Ուզում եմ այս բոլոր երեխաների դեմքին ժպիտ տեսնել:): Զրուցեց Լիանա Մեյթարջյանը /Bravo.am/ Լուսանկարները՝ Արայիկ Պետրոսյանի, Guy Viau-ի եւ SalbyN-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: