×


Տաթեւ Մնացականյան

Տաթեւ Մնացականյան

Միջազգային ցուցահանդեսների հայ մասնակիցը :) Նկարիչ-դիզայներ, էքսլիբրիսի մասնագետ, լուսանկարիչ… Այս ամենը երիտասարդ արվեստագետ Տաթեւ Մնացականյանի մասին է: Նա Դիզայներների միջազգային միության անդամ է, ստեղծում է պոստերներ ու լոգոներ: Ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժինը, ապա “խորացել” համակարգչային դիզայնի մեջ: :) Tatev Mnacakanyan Տաթեւը մասնակցել է հայաստանյան ու միջազգային տարբեր ցուցահանդեսների, որոնց թիվը հասնում է 40-ի: Առաջին մասնակցությունը նման մրցույթի 2001 թվին էր` Վենետիկում կայացած 49-րդ Բիենալեին. “Յուրաքանչյուր ցուցահանդես ինչ-որ բան քեզ տալիս է, աշխատանքներդ ներկայացնելուն պատրաստվում ես տարիներով կամ ամիսներով, դրան հասնելու պրոցեսն ու կուտակումն էլ դառնում է ասելիքդ”: Տաթեւի աշխատանքը “Երկխոսություն քաղաքակրթությունների միջեւ” ցուցահանդեսում Նկարիչ-դիզայները կարծում է, որ մեր քաղաքի ցուցահանդեսներին մասնակցելն անիմաստ է դարձել, որովհետեւ. «Խմբակային ցուցահանդեսներին մասնակցում են նույն մարդիկ 20 տարի առաջվա նույն գործերով, նույն տարածքում: Դա ոչինչ չի տալիս արվեստագետին: Ես պետք է իմ գործերի կողքին տեսնեմ մյուսների աշխատանքները, գտնեմ լավի ու վատի հարաբերությունը, փորձեմ ձգտել առավելագույնին, բայց երբ կողքինդ նույն գործով մի քանի անգամ է մասնակցում, արդեն անիմաստ է դառնում»: Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկուն նվիրված աշխատանքը Նա ամեն տարի մի քանի միջազգային ցուցահանդես-փառատոնների հրավեր է ստանում, բայց, իր խոսքերով, միշտ չի, որ ստացվում է մեկնել. «Աշխատանքներս փակ ծրարով ուղարկում եմ, չգիտեն` ով եմ, ում “բարեկամն եմ”::) Այս տեսանկյունից դրսի փառատոններն անաչառ են: Կարեւորը` դու ներկայացնում ես աշխատանքդ, որը գնահատվում է, հետո ուղարկում են կատալոգը, դիպլոմը կամ գումարը”: Այժմ Տաթեւի աշխատանքները մասնակցում են Լեհաստանի, Շվեյցարիայի ցուցահանդեսներին, դեկտեմբերին Պեկինում կմասնակցի չինական Բիենալեին 2006-ին Թուրինում ձմեռային պարաoլիմպիկ խաղերին զուգահեռ անցկացվող ցուցահանդեսին Տաթեւն անձամբ է մեկնել ու մրցանակներով վերադարձել. «Ժյուրիի անդամներն անունիցս չէին հասկացել, որ կին եմ: 2 մրցանակ ստացա. մեկը` որպես ամենաերիտասարդ մասնակից, մյուսը` լավագույն գրաֆիկական աշխատանքի համար: 3-րդն էլ կլիներ` որպես միակ կին մասնակից, որովհետեւ մնացած մասնակիցները մեծ պապիկներ էին»: :) Տաթեւի աշխատանքներից Տաթեւը կարծում է, որ միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի անունը  հնչեցնելու համար արվեստագետներին պետք է օգնի նաեւ Մշակույթի նախարարությունը. «Երբ դիմում եմ նրանց (մի անգամ չէ, որ դիմել եմ), նախարարությունում նայում են նախորդ միջազգային ցուցահանդեսների մասնակցությանս ցանկն ու ասում. «Դե, էսքան ցուցահանդեսների մենակով մասնակցել ես, ինչի՞ ես հիմա եկել մեզ դիմում»: Ես ինքս բոլորին չեմ գնացել, բայց երբեմն իմ ներկայությունը կարեւոր է լինում: Ցավալի է, որ եվրոպական ցուցահանդեսներին Թուրքիայից բազմաթիվ մասնակիցներ են լինում, իսկ Հայաստանից ցանկում ընդամենը մեկ անուն է լինում կամ չի լինում»: Տաթեւի դուստրը` Կատրինը Տաթեւն ուսանողական տարիներից զբաղվում է նաեւ լուսանկարչությամբ: Այժմ նրա օբյեկտիվում ամենաշատը հայտնվում է իր դուստրը` փոքրիկ Կատրինը. “Մինչ ծնվելը Կատին “փոթորիկներ” էր անում, մենք էլ փոթորիկների անունների ցանկ էինք հանել ու մտածում էինք` որն է լինելու աղջկաս անունը: Ծնվեց ամսվա 11-րդ օրը, ցանկում էլ 11-րդ անունը Կատրինն էր: Այդպես որոշեցինք նրա անունը”: :) Տաթեւ Մնացականյան. “Շատ ընկերասեր մարդ եմ, չեմ կարող առանց ընկերներիս” Ամուսնանալուց առաջ Տաթեւը մտածում էր Հայաստանից հեռանալու մասին, բայց հիմա նման մտադրություն չունի. «Չնայած այստեղ մնալով ապագայի մեծ հույսեր չեմ կարող ունենալ: Արտերկրում շատ լավ պայմաններ կան, բայց երբ այնտեղ եմ լինում, զգում եմ, որ մարդկային ջերմ հարաբերությունները մեզ մոտ ուրիշ են: Շատ ընկերասեր մարդ եմ, չեմ կարող առանց ընկերներիս: Բայց Անգոլայից կամ Իտալիայից ունեմ ծանոթներ, որ իրենց ջերմությամբ թվում է, թե հայ են»: “Անգոլայից կամ Իտալիայից ունեմ ծանոթներ, որ իրենց ջերմությամբ թվում է, թե հայ են” Մոտ 6 տարի է` Տաթեւը զբաղվում է էքսլիբրիսով, մասնակցում արվեստի այդ տեսակի ցուցահանդեսներին: Էքսլիբրիսը կոչվում է «ESTAMB» GRAVYURA. «Էքսլիբրիսն արվեստի շատ հին ճյուղ է: Այն նվիրված է զուտ որեւէ անհատի կամ ինչ-որ թեմայի: Այն ավելի արդիական դարձնելու ու պահպանելու համար համակարգչային միջամտությունը պարտադիր դարձավ: Այժմ իմ էքսլիբրիս ոճի գործերը համակարգչով եմ անում, որոնք փոքր չափի են, հատուկ կանոններից չպետք է շեղվես: Ամեն ցուցահանդես ունենում է իր թեման, հենց այդ թեմայով էլ աշխատանքներ եմ անում»: Տաթեւի աշխատանքներից Ի դեպ, այժմ Տաթեւի աշխատանքները մասնակցում են Լեհաստանի, Շվեյցարիայի ցուցահանդեսներին, դեկտեմբերին Պեկինում կմասնակցի չինական Բիենալեին: Օրեր առաջ էլ հրավեր է ստացել մասնակցելու Մայամիում կայանալիք “Biennale Artists during Art Basel Miami” ցուցահանդեսին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Տաթեւ Մնացականյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW