“Առաջին պլանում Տիգրանն է” Քնարիկ Զաքարյանը, ով սիրում է, երբ իրեն առաջին հերթին ներկայացնում են որպես դերասանուհի, ապա՝ երգչուհի, ինչպես գիտեք, փետրվարին մայրացել է: Առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո արդեն մայրիկի կարգավիճակում նա շարունակում է աշխատել մի քանի տեղ ու այդ ամենը համատեղել ընտանիքի հետ: BRAVO.am-ը Քնարիկին իր փոքրիկի հետ հանդիպել է այն այգում, որտեղ, դերասանուհու խոսքերով, հաճախ են լինում: Տիգրան, Տիկլոշիկ, Տիկոլո փաղաքշական անուններով էր նա դիմում իր որդուն, ութ ամսական Տիգրանն էլ մայրիկի գրկում իրեն լավ էր զգում:): “Ինձ պես մարդամոտ ու շփվող է:)”. Քնարիկ Զաքարյան Քնարիկը նշել է, որ ունի իր երազած ընտանիքը, միայն եթե առաջ մտածում էր շատ երեխաներ ունենալու մասին, հիմա այնքան էլ պատրաստ չէ բազմազավակ մայրիկի կարգավիճակին. “Իմ էգոն մի կողմ եմ դրել, առաջին պլանում հիմա Տիգրանն է: Արտաքնապես նման է հայրիկին, իսկ բնավորությամբ, երեւի, ինձ:): Տղաս շատ է սիրում շփում եւ ուշադրություն, ինձ պես մարդամոտ է, առաջին օրվանից էլ հետը խոսել եմ մեծի պես”: Որդու խնամքը նա վստահել է դայակին, ավելի ճիշտ՝ երկու հոգու. “Մայր ու աղջիկ են, ովքեր մեր ընտանիքին մտերիմ մարդիկ են: Տիգրանը շատ է սիրում իրենց, առանց ինձ խելոք է մնում: Մինչ երկու ամսականը մի քիչ լացկան ու պահանջկոտ էր: Վերադարձա բեմ` իմ հիմնական աշխատանքին, երբ երեք ամսական դարձավ”: Քնարիկը չի մոռանում նշել, որ երեխայի խնամքի հարցում իրեն շատ է օգնում ամուսինը՝ Կարենը. “Երբ երեկոյան ժամերին փորձերի կամ ներկայացման եմ լինում, բացակայությունս լրացնում է ամուսինս: Տան գործերով հիմնականում ես եմ զբաղվում, արդեն սովորել եմ ամեն ինչ ինքնուրույն հասցնել: Երբեմն, ամուսինս համեղ նախաճաշ է պատրաստում. իր հորինած բաղադրատոմսերով ձվածեղը շատ համեղ է:)”: “Չորս տարբերակ”-ը կվերադառնա Քնարիկը նաեւ չի մոռացել երգչուհու կարիերայի մասին: Հայտնեց, որ “Չորս տարբերակ”-ի աղջիկները՝ Նարինեն, Գոհարը եւ ինքը, վերսկսելու են խմբի աշխատանքները, միաժամանակ ամեն մեկն ուզում է նաեւ անհատական հանդես գալ. “Իմ հղիության հանգամանքով առաջին ձայնասկավառակի թողարկումը հետաձգեցինք, բայց որոշել ենք աշխատանքները շարունակել: Նոր` չորրորդ անդամ չենք ունենա, կմնանք նույն կազմով: Հիմա մտորումների մեջ ենք, թե ինչ երգով, ոճով վերադառնանք, որ լսարանին հետաքրքիր լինի”: Թեեւ սկզբում նա սովորել է Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է, բայց հետո հասկացել է, որ բեմում ուզում է խաղալ ու երգել: Քնարիկի խոսքով՝ երկրորդ բուհում սովորել է իր վոկալի դասախոսի առաջարկով ու հորդորով. “Արմանուշ Լեւոնովնայի կարծիքով՝ հանդիսատեսի համար ես կլինեի ոչ պրոֆեսիոնալ երաժիշտ: Այդ մինուսը շտկելու համար սովորեցի ջազային վոկալ բաժնում: Մինչ խմբի կազմավորվելը կատարածս երգերն արտիստորեն էի մատուցում. էտյուդային պատմություններ էին, որտեղ խաղում ու երգում էի”: Կարոտում է Քնարիկ Զաքարյանի հիմնական աշխատանքը թատրոնում է, շարունակում է խաղալ “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոնում: Նաեւ մի ներկայացման մտահղացում ունի, հույս ունի՝ այս տարի կկարողանա իրականացնել:): Շուրջ չորս տարի Քնարիկն աշխատանքային ամեն առավոտ շտապում է ռադիոկայան եւ ուղիղ եթերում վարում է “Առավոտյան Երեւան” ծրագիրը. “Սիրում եմ ռադիոյի ուղիղ եթերները, որոնց միջոցով անկեղծ ու անմիջական շփվում եմ մարդկանց հետ: Ունեմ մշտական ռադիոլսողներ՝ սկսած 15 տարեկանից մինչեւ 60-ն անց մարդիկ, ինչպես, օրինակ, պարոն Ռազմիկը, մեր հավատարիմ ռադիոլսողը:)”: Քնարիկի խոսքով՝ առաջին պլանում ընտանիքն է, բայց ամեն կերպ փորձում է իր սիրելի աշխատանքները համատեղել: Դեռ ուսանողական տարիներից սկսել է հաստատվել ռադիոյի ասպարեզում, ինչպես նշում է, որոշել էր միաժամանակ եկամտաբեր ու սիրելի աշխատանք գտնել. “Մասնագիտությանս մոտ է ու ինձ համար շատ հաճելի գործ է: Ռադիոն էներգետիկ դրական դաշտ է. որքան տալիս ես, եռակին ստանում ես: Միշտ պահանջ եմ զգում, կարոտում եմ ուղիղ եթերները, ինչպես թատրոնում` բեմն ու ծափահարությունները:)”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: