Շվեդիայում երեկ` մայիսի 12-ին, կայացել է “Եվրատեսիլ 2013”-ի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառումը տեղի է ունեցել Մալմյոյի Օպերայի շենքում: Երեկոյի մեկնարկին երգի մրցույթին մասնակցող երկրների պատվիրակությունները քայլել են կարմիր գորգով, լուսանկարվել ու պատասխանել լրագրողների հարցերին:
Բելառուսի ներկայացուցիչ Ալյոնա Լանսկայան եւ Dorians խումբը
Այնպես է ստացվել, որ մերոնց` “Opera հօuse” մուտք գործելու պահին տարածքում է եղել Լորինը, որը նախորդ տարվա երգի մրցույթի հաղթողն է: Երգչուհին, տեսնելով “Dorians”-ի մեներգիչ Գոռ Սուջյանին, բացականչել է`“He is so handsome”/ “Նա այնքան լավիկն է”:)”:
Լորինը եւ Գոռ Սուջյանը
Խոսելով երեկոյից իր ակնկալիքների մասին` BRAVO.am-ի հետ զրույցում Գոռ Սուջյանը նշել է` հույս ունի, որ երեկոյի ընթացքում մի լավ կզվարճանան ու, իհարկե, նոր ընկերներ ձեռք կբերեն:
Երգչի ակնկալիքները կարելի է ավելի քան արդարացված համարել, քանի որ միջոցառման ընթացքում “Dorians”-ն ընկերացել է տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, սակայն ամենաուշագրավն այն է, որ տղաները հնարավորություն են ունեցել նաեւ ծանոթանալ “Եվրատեսիլ 2013”-ում Միացյալ Թագավորությունը ներկայացնող լեգենդար երգչուհի Բոնի Թայլերի հետ:
Գոռ Սուջյանը, Արման Փահլեւանյանը, Բոնի Թայլերը եւ Դիանա Հովհաննիսյանը
Բոնի Թայլերը ժամանակ է տրամադրել նաեւ BRAVO.am-ի հետ զրույցին: Մեր այն հարցին, թե արդյոք նա տեղյակ է, որ Հայաստանը ներկայացնող “Dorians”-ի եվրատեսիլյան երգի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ Թոնի Այոմին է, երգչուհին զարմանքով պատասխանել է` “ոչ” ու հավելել. “Փաստորեն ինձ շատ լուրջ մրցակցություն է սպասվում:)”:
Այս ամենից հետո պատվիրակություններն ականատես են եղել պարային գեղեցիկ բեմադրության եւ Մալմյոյի երաժշտության ակադեմիայի սաների պատրաստած անակնկալին, որոնք կատարել են հանրահայտ հիթերի պոպուրի:
Dorians-ի թիմը
Գեղեցիկ միջոցառումը շարունակվել է “EuroClub”-ում, որտեղ կազմակերպվել էր դիսկոտեկ եւ հնչել են տարբեր տարիների եվրատեսիլյան հիթեր, այդ թվում` Սիրուշոյի “Քելե-քելեն”:
Տեքստը եւ լուսանկարները` Դիանա Հովհաննիսյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը “Եվրատեսիլ 2013”-ում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: