Դու կարող ես փոխել Մկոյի ու Հայկոյի ֆիլմի ընթացքը:) Հայկոյի, Մկոյի, Նազենի Հովհաննիսյանի, Լեւոն Հարությունյանի, Հասմիկ Ղարիբյանի, Արսեն Գրիգորյանի, այլ հայտնիների ու ձեր “Ալաբալանիցա”-ն շուտով կլինի մեծ էկրանին:): Ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 14-ին է: Հիշո՞ւմ եք` ինչպես էիք որեւէ խաղից առաջ հաշվում` “Ալաբալանիցա”-ն արտասանելով: Այս ֆիլմում եւս, ինտերակտիվ ժանրի շնորհիվ, հաշվելու եւ “խաղի” ընթացքը փոխելու հնարավորություն կստանաք ;): Ինտերակտիվ հայկական առաջին ֆիլմի մասին BRAVO.am-ի հետ խոսել է Մկրտիչ Արզումանյանը` Մկոն: “Նման ֆիլմ ունենալու գաղափարը հղացել էր մեր ընկերներից Արա Յաղջյանը` երկու տարի առաջ: Երբ առաջարկեց, մեզ շատ դուր եկավ, բայց հեռու էր թվում իրագործումից: Չէինք հավատում, որ կիրականանա, ուղղակի այնքան էինք հավանել, որ որոշեցինք փորձել: Շատ ծրագրավորողներ փորձեցին անել դա, բայց վերջում մեր ընկեր Բագրատն իրականացրեց ինտերակտիվ ֆիլմի գաղափարն ու գրեց այն:)”,- ասել է Մկոն: Ֆիլմի սցենարի հեղինակը Աշոտ Աբրահամյանն է: Մկոյի փոխանցմամբ` մասնակցել են նաեւ Ռոբերտ Մարտիրոսյանը, Հարություն Կբեյանը, Հայկ Մարությանը. “Կարելի է ասել` բոլորս էլ մասնակցություն ունեցել ենք”: BRAVO.am-ի զրուցակիցը նշել է, որ ճոխ է ստացվել դերասանական կազմը, կարեւորել այն, որ մասնակցել են տարբեր հեռուստաընկերություններց մարդիկ` կոտրելով կարծրատիպը, թե այս կամ այն հեռուստաընկերության դեմքը չի կարող նկարահանվել այլ ֆիլմում: “Ալաբալանիցա”-ն բարու եւ չարի հակամարտություն է, բայց վերջում ոչ թե բարին է հաղթում չարին, այլ այնպես է անում, որ չարը դառնա բարի: "Ֆիլմը լիմամետրաժ է, բայց ինտերակտիվ. դիտման ընթացքում հանդիսատեսն երեք անգամ հնարավորություն ունի իր զանգի միջոցով փոխել ընթացքն ու իրադարձությունների զարգացումը"- պատմել է Մկոն: Նա նաեւ հետեւյալն է ավելացրել. "Դահլիճ մտնելուց հետո հանդիսատեսն իրեն տրված հեռախոսահամարին պետք է ուղարկի հաղորդագրություն, մտնի համակարգչային բազա, որից հետո համակարգիչը երեք անգամ պատահական ընտրությամբ կզանգահարի գրանցված հեռախոսահամարներից մեկին, որի բաժանորդը ողջ դահլիճի ներկայությամբ հնարավորություն կունենա փոխել ֆիլմի ընթացքը: Օրինակ` Սեւակն ընկնի մեքենայի տակ, թե՞ Ցոլակը, տուն մտնենք, թե՞ գործարան, աջ գնանք, թե՞ ձախ”: Ինտերակտիվությունն ապահովելու համար նկարվել է վեց տարբերակ: Հանդիսատեսն առաջին անգամ դիտելուց կարող է տեսնել մեկ տարբերակը, որտեղ որեւէ դրվագ կփոխի իրադարձությունների ընթացքը: “Ալաբալանիցա”-ի գլխավոր հերոսներն են գյուղում ապրող անասնաբույժ Ցոլակ Կարպիչը, ում մարմնավորում է Մկոն, եւ շենքեր կառուցող Սեւակը` Հայկոն. “Այնպես է ստացվում, որ միասին հայտնվում են մի վայրում, որտեղ իրենց առաջադրանք են տալիս... Հակադիր կերպարների դիալոգներն ու իրադարձությունների զարգացումը շատ գեղեցիկ է ստացվել: Սյուժեն շատ ծիծաղելի է, չեմ ուզում շատ բաներ ասել, դա հանդիսատեսը պետք է ասի, բայց մեզ այն շատ է դուր գալիս:)”: Ֆիլմի տեւողությունը 1 ժամ 20 րոպե է: “Շատ ենք չարչարվել, ուզում ենք, որ այն արդարացվի: Այնպիսի բան ենք արել, որն իր ձեւաչափով դեռ չի եղել, ունեցել ենք լավ թիմ ու չենք խնայել ոչինչ: Դիմահարդարին հրավիրել ենք Մոսկվայից, տեխնիկայի մի մասը բերել ենք Միացյալ Նահանգներից եւ Վրաստանից: Ուղղակի մենք ուզում էինք անել լավ բան, իսկ ֆինանսական առումով ակնկալիքների մասին խոսելը ծիծաղելի կլինի. այստեղ մենք ենք ներդրել, մեր հովանավորնենրն են ներդրել` շատ-շատ”,-ասել է Մկոն ու հավելել, որ հաղորդագրության ու տոմսերի արժեքն աստղաբաշախական չեն լինելու: Ֆիլմից առաջ հանդիսատեսին կներկայացվի հաղորդագրությունների կարգն ու հարցերին պատասխանելու ձեւը: Ի դեպ, մեկ հաղորդագրությունը բավական է համագարգչային բազա մտնելու համար: “Ալաբալանիցա”-ն կցուցադրվի նաեւ արտերկրում. “Այնպես ենք անելու, որ բոլոր հայերը դիտեն այն: Ֆիլմն ուսուցողական է, կան սոցիալական խնդիրներ, որոնք արդիական են”: Խոսելով սաունդթրեքի մասին` Մկոն նշել է, որ շատ են հավանել “Ապրիկոտա”-ի հեղինակած երգը. “Հիշվող եւ հիթային երգ է ստացվել”: Տղաներին շատ է ուրախացրել Արտո Թունջբոյաջյանի հետ համագործակցությունը, քանի որ շատ են սիրում իր արվեսն ու ուրախ են ընկերանալու համար. “Հուսով ենք` հետագայում այլ համագործակցություններ եւս կլինեն”: “Ալաբալանիցա”-ի պրեմիերայից հետո Հայկոն ու Մկոն կսկսեն զբաղվել “Կարգին սերիալ”-ով, որը մինչ Ամանոր կլինի եթերում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` “Ալաբալանիցա”-ի ստեղծագործական թիմի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: