Լիլի Էլբակյանը բեմադրել է Աղասի Այվազյանի վեպը Հոկտեմբերի 21-ին “Էդգար Էլբակյան” թատրոնում նոր ներկայացման պրեմիերա էր, որը նաեւ ընդգրկված է "Այվազյանական" փառատոնի ծրագրում: Աղասի Այվազյանի “Ամերիկյան աջաբսանդալ” վեպը բեմադրել է դերասան ու բեմադրիչ Լիլի Էլբակյանը: “Էդգար Էլբակյան” թատրոնի երիտասարդ գեղարվեստական ղեկավար Լիլի Էլբակյանը պատմեց, թե ինչու է որոշել այդ ստեղծագործությունը ներկայացում դարձնել. “Այս վեպը կարդացել էի 10-րդ դասարանում ու երազում էի բեմադրել: Հայրս իր պարտքն էր համարում անպայման մասնակցել Այվազյանի անվան փառատոնին, որոշել էր բեմադրություն անել, առաջարկեցի ես իմ սիրած գործը բեմադրեմ, ինքն էլ խաղա: Միշտ ուզում էի անտուն մարդկանց մասին ներկայացում անել, “Ամերիկյան աջաբսանդալ”-ը հենց այդպիսի գործ է: Աղասի Այվազյանի ու նրա ստեղծագործությունների մասին շատ երկար կարելի է խոսել, այնքան գույներ կան, որ նույն վեպից կարելի էր լրիվ ուրիշ ներկայացում անել": "Սյուժեից փորձել եմ չշեղվել, հույն անտուն կնոջ կերպարն եմ մի քիչ զարգացրել, իմ կողմից ավելացրել, բայց հիմնական գաղափարախոսությունը, տեքստը, ամեն խոսքը գրողինն է: Ներկայացումը բեմադրված է պատմողական ոճով, այսինքն` դերասանը գործողություններին զուգահեռ պատմում է վեպը", - ասաց Լիլի Էլբակյանը: Դերերում խաղում են Արմեն Էլբակյանը, Աննա Էլբակյանը, Մարիամ Շահինյանը, Հմայակ Ադիյանը (ռեփեր Համոն), Ռուբեն Աբրահամյանը, Օլգա Դավթյանը, Վարդան Աբրահամյանը: Երաժշտական ձեւավորումը Լիլին ու Համոն են արել. “Իմ մտահղացմամբ թուրք Սինանի դերակատարը պետք է ռեպ կարդար, առաջարկեցի Համոյին ռեփերին մարմնավորի, հետո մտածեցի` կարելի է հենց իրեն տալ այդ կերպարը”: Բեմադրության աշխատանքները տեւել են շուրջ 1 ամիս. "Շատ արագ պատրաստեցինք դեկորները, ընտանիքի անդամներով անցանք բուն գործին: Մերը սեփական թատրոն է, նաեւ հեղինակային թատրոնի միտում ունի, ամեն ինչ միասին ենք մտածում, ավելի հեշտ ենք աշխատում իրար հետ, բայց ուրիշ դերասաններ եւս աշխատում են մեր թատրոնում, այնպես չի, որ ընտանեկան թատրոն է",- նշեց Լիլին: Գլխավոր դերակատար Արմեն Էլբակյանն ասաց, որ միանգամից համաձայնել է բեմադրելու փոխարեն խաղալ. “Շատ վաղուց ուզում էի բեմադրել Աղասի Այվազյանի “Այգի առանց լացի” պիեսը: Մի շրջան պիեսի աշխատանքները սկսեցինք Սունդուկյանի անվան թատրոնում, բայց որոշակի խնդիրներ եղան ու հետաձգվեցին”: Արմեն Էլբակյանը Այվազյանի կենդանության օրոք բեմադրել է “Կրեսոսի թագավորությունը” Պատանի հանդիսատեսի թատրոնում. “Շատ ուրախ եմ, որ ինքը տեսել է այդ ներկայացումը: Լավ է, որ այսօր կա նրա անունով փառատոն, որովհետեւ Այվազյան գրողը եւ թատերական մտածողը շատ կարեւոր տեղ կարող է ունենալ երիտասարդության կյանքում: Նրա ստեղծագործություններն իրոք արդիական են”: Երգահան ու դերասանուհի Մարիամ Շահինյանը ներկայացման մեջ 6 կերպար է մարմնավորում, անգամ պորտուգալերեն է խոսում. “Սկզբում չինացի եմ, հետո դեսպանատան աշխատող, ամերիկյան կոնֆերանսի տնօրեն, ռուս նկարչուհի, անտուն աղջիկ… Իրականում, միայն ռուս նկարչուհուն պետք է մարմնավորեի, բայց քանի որ Լիկան վեպը դարձրել է պիես, կերպարներն ավելացան, ինչ-որ մեկը պետք է խաղար: Կարծում եմ` հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր է մեկին տեսնել շատ տարբեր կերպարներում, թեեւ հնարավոր է վեց տարբեր դերասան մտնեին բեմ ու ավելի լավ խաղային: Ռուս նկարչուհու դերում պետք է իսպաներեն խոսեի, բայց քանի որ իսպաներենին չեմ տիրապետում, մինչդեռ խոսում եմ պորտուգալերեն, մենք լեզուն փոխեցինք”,- ասաց Մարիամ Շահինյանը: Ռեփեր Համոն թատրոնում առաջին անգամ էր դեր ստանձնում, ասում է` շատ պատասխանատու ու դժվար գործ է, բայց չի բացառում, որ նոր կերպարներ կմարմնավորի. “Դահլիճում նստած հանդիսատեսին թվում է` իրենք հանգիստ կարող են բարձրանալ բեմ, դերասանի նույն շարժուձեւով խաղալ ու ամեն ինչ կստացվի: Ինձ համար շատ տքնաջան աշխատանք էր, որովհետեւ թատրոնի բեմ դուրս գալը շատ պատասխանատու է: Թուրք Սինանի կերպարը կար, բայց ռեփեր չէր, տնանկ էր, որը սիրում էր Ամերիկան: Չեմ կարող ասել, որ փայլուն խաղացել եմ, բայց իմ կերպարի լոգիկան հասկացել ու իմ առջեւ դրված խնդիրը կատարել եմ”: Փառատոնի կազմակերպիչ Գրետա Վերդիյան-Այվազյանը` Աղասի Այվազյանի կինը, կարծում է` ներկայացումը պրոֆեսիոնալ է արված. “Վաղուց եմ ճանաչում Արմեն Էլբակյանին ու Աննային, տաղանդավոր ընտանիք են: Փոքր դահլիճ, փոքր բեմ, բայց որքան էներգիա կար, շատ կենդանի ու պրոֆեսիոնալ բեմադրություն էր: Լիլին երիտասարդ աղջիկ է, բայց լավ զգացել է լիրիկական ու ազգային գծերը": “Այն միտքը, որ 4000 տարի հայն իրեն դեռ փնտրում է, Աղասու ցավոտ թեմաներից մեկն է: Նա այնքան բազմաշերտ ու խորն է, որ մի տեսակ ներկայացումը քիչ է, ինչքան ռեժիսոր, այնքան տարբեր բեմադրական լուծումներ”, - ասաց նա: “Էդգար Էլբակյան” թատրոնի խաղացանկում արդեն իր տեղն է զբաղեցնում “Ամերիկյան աջաբսանդալ”-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: