Երգիչների “բարեւը” Կանադայից Եվա Ռիվասը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Ալլա Լեւոնյանը, Նարինե Դովլաթյանը, Արթուր Հակոբյանը՝ Միսթր X-ը, եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբն օրերս Կանադայից “բարեւ” են ասել Հայաստանին:): Անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված համերգին մասնակցելու նպատակով նրանք մեկնել էին Մոնրեալ: Համերգն իրականացվել է “Bonjour l’Arménie” ծրագրի շրջանակներում՝ քաղաքի Արվեստների պալատի համերգային դահլիճում: Ջազ բենդն ու հայ կատարողները տոնական համերգին մասնակցելու էին մեկնել Կանադայի հայկական համայնքի, Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, այժմ Կանադայում բնակվող երաժիշտ Արմեն Մարտիրոսյանի հրավերով: Ալլա Լեւոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նաեւ տարիներ առաջ է Տորոնտոյում ու Մոնրեալում հայ համայնքի համար մենահամերգներ ունեցել. “Հանդիսատեսին ծանոթ էի, նրանք էլ՝ ինձ: “Շալախո” երգը մի այլ ոգեւորությամբ ընդունեցին: Երգել ենք մեկ-երկու երգ, իսկ նրանց լավ ընդունելությունը զգացել ենք նաեւ բեմից այն կողմ:)”: Երգչուհու խոսքերով՝ ուղեւորությունն ու համերգը անցել են ջերմ մթնոլորտում, հրավերի դեպքում՝ նորից սիրով կմեկնի: “Քանի որ Երեւանը եւ Մոնրեալը քույր քաղաքներ են, մեզ հետ հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ: Համերգը հրաշալի անցավ: Դահլիճը լեփ-լեցուն էր ոչ միայն հայերով, այլեւ կանադացի հանդիսատեսով”, - ասել է Ալլա Լեւոնյանը: Մոտ 3000 հանդիսատեսի համար նրանք երգել են Հայաստանին, Երեւանին նվիրված երգեր, համերգին մասնակցել են նաեւ Կանադայի երգիչ-երգչուհիները, վերջում էլ միասին երգել են հատուկ այդ միջոցառման համար ստեղծված հայերեն ու ֆրանսերեն բառերով երգ՝ գրված Արմեն Մարտիրոսյանի եւ Բագրատ սրբազանի կողմից: Երիտասարդ երգչուհի Նարինե Դովլաթյանի համար առաջին համերգն է եղել արտերկրում. “Բացի այդ, արտասահմանցի երգիչների հետ առաջին անգամ էի աշխատում, ովքեր շատ համեստ էին: Ընդհանրապես, օտարազգի արտիստները շատ ավելի հասարակ, անմիջական են, քան հայ երգիչներից ոմանք:)”: Ինչպես նշել է Նարինեն, համերգին մասնակցելու հրավերը ստացել է Արմեն Մարտիրոսյանից, ով համացանցում լսել է նրա ջազային կատարումներն ու առաջարկել համագործակցել. “Ինձ համար այս առաջարկը շատ կարեւոր էր: Բառիս բուն իմաստով երջանիկ էի, նույնիսկ փորձերի ժամանակ հուզվում էի:)”: Հյուրերի համար կազմակերպվել է ընդունելություն, երգիչները նաեւ հանդիպել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, շրջել են Մոնրեալի դիտարժան վայրերով, հույս հայտնել, որ նորից կերգեն այնտեղ: Նշենք, որ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված համերգներ տեղի են ունենում հայաշատ այլ երկրներում եւս:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Արմեն Մարտիրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: