Միջազգային փառատոնի միջազգային հյուրերը:) Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց “Երեւանյան հեռանկարներ” 11-րդ միջազգային փառատոնը: Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում երաժշտական փառատոնի շրջանակներում Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ էր ունենում հանրահայտ դաշնակահար Բորիս Բերեզովսկին: Նվագախումբը (Royal Philharmonic Orchestra) առաջին անգամ է հյուրախաղերով հանդես գալիս Երեւանում: Ինչպես համերգի սկզբում նշեց փառատոնի նախագահ, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը, “21-ի հեռանկարներ” փառատոնը վերանվանել են “Երեւանյան հեռանկարներ”. “Միջազգային փառատոնը մեր քաղաքի անունով վերանվանելն ավելի ճիշտ է: Փառատոնի համար եւս մեկ երազանք իրականացավ: Ուրախ ենք, որ այս փառահեղ նվագախումբը հրավիրվեց Հայաստան”: Բեմից հնչող երաժշտության ու հանդիսականի բուռն բրավոների ու ծափահարությունների մասին բառերով դժվար է պատմել. դահլիճում ներկա եղած հանդիսականն այդ ամենի լիիրավ մասնակիցն ու ականատեսն էր::) Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Գժեգոշ Նովակը համերգին իր տեղը զիջել էր դիրիժոր Էդվարդ Թոփչյանին` դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենանվագությամբ: Համերգի առաջին հատվածի ավարտից հետո հանդիսատեսի ծափահարությունները Բերեզովսկուն ետնաբեմից մի քանի անգամ բեմահարթակ բերեցին: :) Բերեզովսկին ծնվել ու սովորել է Մոսկվայում, արժանացել Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի հաղթողի տիտղոսին ու ոսկե մեդալին: Որպես մենակատար նա ելույթներով հանդես է եկել աշխարհի ամենաճանաչված համերգասրահներում` առաջատար նվագախմբերի ընկերակցությամբ: Վարպետության դաս. “Մենք այստեղ ենք ձեզ ներշնչելու ու ոգեւորելու համար” :) Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը միայն համերգներով չէ Երեւանում. նրանք հայտնի են նաեւ կրթական ծրագրով, որը հայտնի է “Նվագախմբի անդրադարձներ” անվանումով: Երաժիշտները հանդիպում են երաժշտական դպրոցների երեխաներին, անցկացնում վարպետության դասընթացներ: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբերի 23-ին այդպիսի երաժշտական դաս կայացավ նաեւ Երեւանում: Նվագախմբի տրոմբոնահար Ռոջեր Արջենտը, շեփորահարներ Բրայան Թոմսոնն ու Ադամ Րայթը Երեւանի պետական Կոնսերվատորիայում հանդիպեցին Երեւանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի երեխաների հետ, որոնց համար էլ վարպետության դաս անցկացրին::) Անգլիացի երաժիշտները մանրամասնորեն պատմում էին շեփոր ու տրոմբոն նվագելու տեխնիկայի ու հմտությունների մասին, աշակերտներին հրավիրում բեմ գործիքը փորձելու ու սովորելու. “Հրաշալի դաս է, ստացվում է ձեզ մոտ: Մենք այստեղ ենք ձեզ ներշնչելու ու ոգեւորելու համար”, - ասաց Ադամ Րայթը: Երաժիշտները պատմեցին, որ օրական 6 ժամ փորձ են անում նվագախմբի կազմում, եթե ազատ ժամանակ են ունենում, պարապում են առանձին: Նրանցից յուրաքանչյուրը երբեմն նաեւ անհատական է նվագում: Որպես դասի ավարտ Ռոջերը հնչեցրեց իր տրոմբոնը: :) Նշենք, որ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը ստեղծվել է 1946 թվին ու հանդիսատեսին է ներկայացել իր երաժշտացանկով: Վերջին երկու ամսվա ընթացքում նվագախումբը համերգներով հանդես է եկել Ադրբեջանում, Չինաստանում, Շվեյցարիայում, իսկ երեւանյան համերգից հետո նոր համերգներ են սպասվում Գերմանիայում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: