×


“Կինոաշուն 2011\'\'

“Կինոաշուն 2011\'\'

Հայկական կինո նայելու սեզոնը բացվեց:) “Կինոաշուն 2011”-ը հայկական կինոյի հյուրասիրությունը քանի օր է` սկսել է:): Ազգային կինոյի ամսվա երկրորդ մեկնարկը տրվել է ոչ թե Երեւանում, այլ` Սյունիքի մարզում: Գորիս քաղաքի  Վաղարշ Վաղարշյանի անվան թատրոնի դահլիճում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Հայկական հին ու նոր ֆիլմերից պատրաստված խճանկարը միջոցառմանը ներկա հյուրերը դիտել են հետաքրքրությամբ, իսկ “Զանգեզուրի լեռներում” ճանաչել են իրենց պապերին:): Կայացել է նաեւ Վահան Ստեփանյանի “Վանա ծովուն արշալույսը” ֆիլմի գորիսյան պրեմիերան: Նշենք, որ երեկոյին բացման խոսքով հանդես եկած Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը խոստացել է այս մարզում “կվերանորոգվի եւս մեկ կինոթատրոն”: Ազգային կինոկենտրոնն էլ  ֆիլմեր ու գրքեր է նվիրել մարզպետարանին եւ գրադարանին: Այս տարվա միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Այսպիսով, հայկական կինոն սկսում է իր շրջագայությունը Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, ուսանողական հաստատություններում եւ նույնիսկ սահմանամերձ շրջաններում: Անմասն չեն մնա նաեւ Երեւանի բոլոր համայնքները, կինոդահլիճներն ու զբոսայգիները: Ամենուրեք ցուցադրվելու է հայկական խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական հին ու նոր մոտ 300 ֆիլմ: “Կինոաշուն” ծրագրի նպատակն է վերականգնել կինոյի տարածման բոլոր այն միջոցները, որոնք անհետացել են 1990-ական թվականների սկզբում, եւ վերականգնել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության ավանդույթը: Մարզային կինոցանցի վերականգնումը եւս ծրագրի առաջնային խնդիրներից է: Կինոյի ամսվա շրջանակներում ցուցադրվելու են կինոարխիվային բացառիկ նյութեր, կադրեր, որոնք երբեւէ չեն ցուցադրվել: Հայկական կինոյին նվիրված ամիսում  կազմակերպվելու են հոբելյանական երեկոներ, ստեղծագործական հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաեւ գրախոսականների մրցույթ: Եթե նախորդ տարի կինոյի ամսվա շրջանակներում միջոցառումներ էին կազմակերպվել միայն չորս մարզում, ապա այս տարի “կինոաշուն” է Հայաստանի բոլոր մարզերում: 2010-ին կինոյի ամսվա շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի ընտրությունը կատարվել է ժամանակագրական սկզբունքով: Իսկ այս տարի հիմնականում ընտրվել են այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են մեր երկրի անկախության շրջանում: “Կինոաշուն”-ի ընթացքում  կլինեն նաեւ ֆիլմերի պրեմիերաներ: “Բոլորը միշտ ուզում են կրկին դիտել “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը”,- ասել է “Կինոաշուն 2011''-ի տնօրեն, Ազգային կինոկենտրոնի նախագահ Գեւորգ Գեւորգյանը` նշելով, որ ցուցադրվելու են նաեւ երեւանցիների համար հարազատ ու սիրելի դարձած ֆիլմերը: Հայկական կինոյի ամսվա շրջանակներում երկու կարեւոր միջոցառում տեղի կունենա “Մոսկվա” կինոթատրոնում` “Դմիտրի Կեսայանց -80”, “Հովիկ Հախվերդյան -75” գրքերի շնորհանդեսները: “Կինոաշուն 2011”-ի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Երեւանում: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Ազգային կինոկենտրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW