Անկախության 20-ամյակը կնշվի ողջ աշուն :) “Իմ անունը Հայաստան է, իմ եղբոր անունն` Արցախ, ես ազատ եմ ու անկախ, ես ընկերն եմ դարերի, տունն եմ հայերի”. Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գրված երգերից մեկում Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ այս խոսքերն են հնչում: “Իմ անունը Հայաստան է” երգն արդեն տեսահոլովակ ունի, որի հերոսները 20-ամյա Հայաստանի Հանրապետության հասակակիցներն են, ովքեր տոնում են Անկախության տարեդարձը եւ երազում իրենց եւ մեր երկրի հաջողությունների մասին: “Հայաստանը դու ես” երգը, որը նույնպես տեսահոլովակ ունի, կատարում են երիտասարդ երգիչները: Երրորդ` “Արմենիա” երգի տեսահոլովակի նկարահանումները շարունակվում են, ու այս ամենն արվում է տոնակատարությունների մեկնարկին ընդառաջ:): ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունը մեկնարկելու է տոնական հանդիսությամբ, Մատենադարանի նոր մասնաշենքի բացմամբ, “Զվարթնոց” օդանավակայանի նոր տերմինալի գործարկմամբ եւ ընթանալու է ողջ աշուն` անցկացվելով հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաեւ արտերկրում: Անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում զորահանդես կանցկացվի, միջոցառումը կշարունակվի Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելիք “Հանրապետական մաղթանքով”, երեկոյան էլ հրապարակում կկազմակերպվի դասական համերգ, որ կեզրափակվի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի “Երդվում եմ հայրենիքիս” մոնումենտալ ստեղծագործությամբ, կլինեն նաեւ ձայնալուսային ներկայացում եւ հրավառություն: Կենդանի հնչողությամբ համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկ. Է. Թոփչյան), Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. Հ. Չեքիջյան), Հայաստանի Հանրապետության Նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղ. ղեկ. Ա. Պողոսյան) և “Փոքրիկ երգիչներ” երգչախումբը (գեղ. ղեկ Տ.Հեքեքյան): Օրը կեզրափակվի տոնական դիսկոտեկով: Տոնակատարություններն ընթանալու են “Հայաստանը դու ես” կարգախոսի ներքո: “2011”-ը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն է, որի 11 թվերը խորհրդանշական են եւ նմանեցված “ՀՀ” տառերին: “Հանձնաժողովի համար շատ կարեւոր է եղել, որպեսզի միջոցառումները լինեն ընդգրկուն եւ հասցեագրված լինեն հանրության տարբեր շերտերին: Կարգախոսը, նաեւ բառախաղ է` Հայաստանը դու ես, ես եմ, բոլորս ենք, եւ մեզնով է որոշվում մեր երկրի ինչպիսին լինելը”,- ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը: Սեպտեմբերի 21-ին նշվելու է նաեւ Երեւանի օրը: Մայրաքաղաքի բոլոր համայնքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ, տոնավաճառներ, կկազմակերպվեն բազմաժանր երաժշտական հարթակներ: Ի դեպ, էստրադային կատարողները, Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, նվեր կմատուցեն նաեւ մարզերի բնակիչներին եւ խմբերով կմեկնեն` համերգներ տալու: Հայաստանի Հանրապետության 20-ամյակը կնշվի նաեւ արտերկրում: Շառլ Ազնավուրը Անկախության 20-րդ տարեդարձի առիթով համերգ կտա Փարիզի “Օլիմպիա” համերգասրահում: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի փոխանցմամբ` Անկախության հոբելյանի կապակցությամբ արտերկրում նախատեսված են նաեւ ՀՀ նախագահի մասնակցությամբ միջոցառումներ: Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում կկայանան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգները` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Կանցկացվեն նաեւ գեղանկարչական ցուցահանդեսներ: Հայաստանում էլ, Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, ակնկալվում են Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, “Գալուստ Գյուլբենկյան” ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները, հայաստանյան բեմում կլինեն նաեւ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը եւ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Երեւանի պատմության թանգարանում բացվելու է “Հայաստանի երեք հանրապետությունները” անվամբ ցուցահանդեսը: Տոնական միջոցառումները, կազմակերպիչների փոխանցմամբ, բազմաթիվ են լինելու, բովանդակալից եւ հետաքրքիր: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշել է` պետբյուջեից 214 միլիոն դրամ է հատկացվել տոնակատարությունների անցկացման համար, “ունեն նաեւ գործընկերներ”: Առաջարկում ենք դիտել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գրված երգերի արդեն իսկ պատրաստ տեսահոլովակները:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: