Հայկականը տպավորել է արտասահմանցի դիզայներներին
Բրիտանական խորհրդի նախաձեռնած “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում” երկամյա ծրագրի շրջանակներում Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում եւ Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին ստեղծում են 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որ 2012 թվականին կցուցադրվի Հայաստանում եւ եվրոպական վերոնշյալ հինգ երկրում: Նորաձեւության` մայիսի 3-ին մեկնարկած “ճանապարհով” BRAVO.am-ը մի քանի անգամ քայլել է:): Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի հետ` թեմային առնչվող մեր նոր հարցազրույցը` նախագծի փակագծերը բացելու համար:):
- “Նորաձեւության ճանապարհի” ո՞ր հատվածն եք անցել: Ի՞նչ է արվել եւ ի՞նչ է սպասվում առաջիկայում:
-Ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց Երեւանում` միջազգային սեմինարով, որին մասնակցում էին հայ եւ եվրոպացի փորձագետները, ինչպես նաեւ ծրագրի մասնակիցները, նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներն ու ուսանողները: Քննարկվել են նորաձեւությանը նվիրված բազմաթիվ հարցեր` զարգացման միտումներից մինչեւ ոլորտի մարտահրավերներն ու կանխատեսման հնարավորությունները:
Սեմինարին զուգահեռ կազմակերպվել են վարպետության դասընթացներ ուսանողների համար: Մենք մեծապես կարեւորում ենք վարպետության դասընթացների անցկացումը, որովհետեւ սա բացառիկ հնարավորություն է մեր ուսանողների համար շփվել արտերկրի լավագույն մասնագետների հետ եւ ստանալ գործնական խորհուրդներ: Դասընթացներին մասնակցել են հարյուրից ավելի ուսանողներ, շուրջ 150 մասնակից էլ ունեցել ենք սեմինարի ընթացքում: Ուրախ եմ նշելու, որ ե՛ւ սեմինարը, ե՛ւ վարպետության դասընթացները բավական հաջող ընթացան եւ մինչ օրս մենք դրական արձագանքներ ենք ստանում: Սեմինարին հաջորդեց ծրագրին մասնակից հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համար կազմված մշակութային ծրագիրը:
-Ներկայացրեք, խնդրեմ, ձեւավորված ստեղծագործական խմբերը:
-Ինչպես եւ նշել էինք նախկինում, Երեւան այցելության ավարտին պետք է ձեւավորվեին ստեղծագործական խմբերը, որոնք են`
1. Քրիստինե Ավետիսյան /ՀՀ/ - Պավել Իվանչիչ /Չեխիա/
2. Արամ Նիկոլյան /ՀՀ/ - Անդրա Քլիցան /Ռումինիա/
3. Անի Իսկանդարյան /ՀՀ/ - Իդա Հելենե Գրո Քրիստանսեն /Դանիա/
4. Լուսինե Կոստանյան /ՀՀ/ - Ջիանին Փոլլասոն /Անգլիա/
5. Գայանե Սողոմոնյան /ՀՀ/ - Մելանի Ֆրեյեր /Գերմանիա/
-Հավաքածուի ստեղծման աշխատանքները սկսվե՞լ են:
-Հավաքածուն բաղկացած է լինելու 20 ստեղծագործությունից: Յուրաքանչյուր խումբ պետք է ստեղծի 4 աշխատանք: Հավաքածուն այնուհետեւ ցուցադրվելու է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, Հայաստանի երեք մարզում եւ մասնակից եվրոպական երկրներում: Ակնկալում ենք, որ ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվար ամսին: Ներկայումս մենք կազմակերպում ենք մշակութային փոխայցելությունները հայ նկարիչ-մոդելավորողների համար, որի արդյունքում նրանք աշխատելու են էսքիզների ստեղծման եւ կոնկրետ գաղափարների մշակման ուղղությամբ:
-Ինչպե՞ս են իրենց դրսեւորում մասնակիցները:
-Մասնակիցները բավական ոգեւորված են: Մեր ամենօրյա կապի ընթացքում նրանք պատմում են իրենց ծրագրերի մասին եւ նշում, որ սպասում են Հայաստան իրենց հաջորդ այցելությանը, որպեսզի մասնակցեն ցուցադրության բացմանը:
-Պատմեք նաեւ արտասահմանցի դիզայներների hայաստանյան այցի մասին: Ի՞նչ հասցրին տեսնել նրանք Հայաստանում, ի՞նչ ազդեցություն կունենա դա հավաքածուների ստեղծման գործում:
-Տասն օր շարունակ մասնակիցները շրջել են Հայաստանի տարբեր մարզերում, այցելել թանգարաններ եւ արվեստանոցներ: Մեր նպատակն էր ներկայացնել Հայաստանն իր մշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգությամբ: Այցելության ավարտին նրանցից շատերը կիսվում էին իրենց տպավորություններով եւ նշում, որ հիացած են մեր հոգեւոր հարստությամբ, հատկապես մեր խաչքարերով, Էջմիածնի եւ Մատենադարանի գանձերով: Նրանք ասացին, որ հեռանում են խոր տպավորություններով եւ արդեն իսկ որոշակի գաղափարներ ունեն, թե հայկական մշակութային ժառանգությունն ինչպես է արտահայտվելու իրենց աշխատանքներում:
Օրինակ, ռումինացի մասնակիցը նշել է, որ տպավորված է հայկական մանրանկարչությամբ եւ որոշակի տարրեր հետագայում կօգտագործի իր աշխատանքներում, իսկ չեխ մասնակիցն իր հիացմունքն է արտահայտել Փարաջանովի թանգարան այցելությունից հետո եւ ասել, որ տպավորված եւ ոգեշնչված է Փարաջանովի ֆիլմերով եւ կոլաժներով:
-Իսկ մեր դիզայներներն ինչպե՞ս են իրենց դրսեւորում, ե՞րբ են մեկնելու` հաջորդ փուլին մասնակցելու:
-Քրիստինե Ավետիսյանն արդեն այցելել է Չեխիա եւ ծանոթացել այդ երկրի մշակույթին: Մեր չեխ գործընկերները Քրիստինե Ավետիսյանի համար իսկապես հագեցած ծրագիր էին կազմել: Այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի իրենց այցելություններն իրականացնեն նաեւ հայ մյուս մասնակիցները: Նախատեսում ենք այցելություններն ավարտել առաջիկա երկու ամսվա ընթացքում:
-Ինչպե՞ս եք գնահատում ծրագրի արդյունավետությունն այս պահի դրությամբ:
-Ծրագիրն ընթանում է իր բնականոն հունով: Այժմ նկարիչ-մոդելավորղները աշխատում են էսքիզների ստեղծման ուղղությամբ եւ պատրաստվում իրենց այցելություններին: Այցելությունների ավարտից հետո հնարավորություն կունենանք տեսնելու հավաքածուի նախնական նմուշները: Մենք եւս բավական ոգեւորված ենք եւ սպասում ենք մեր մասնակիցների աշխատանքի արդյունքներին:
Զրուցեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները` Bravo.am-ի եւ Հայաստանում Բրիտանական խորհրդի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: