Արկածային կատակերգություն` Հովոյի ու Միկկի կապիկի մասնակցությամբ : ) “Պահանջվում է միլիոնատեր ”-ի հաջողությունը “ստիպեց” ֆիլմի ստեղծագործական եւ պրոդյուսերական թիմին համախմբվել նոր կինոնախագծի շուրջ, որն այլեւս իրականություն է :): Երեկ Երեւանում կատարվում էին “Փեսացուն կրկեսից” արկածային կատակերգության վերջին նկարահանումները: Կինոկատակերգության ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը: Ստեղծագործական կազմի փոխանցմամբ, “Փեսացուն կրկեսից” ֆիլմն իրենից ներկայացնում է սուր հումորով ու արկածային սյուժեով մի կատակերգություն, որի գլխավոր հերոսին մարմնավորում է Հովհաննես Ազոյանը, հերոսուհուն` Ռոզի Ավետիսովան, ֆիլմում նկարահանվել են նաեւ Սերժ Ավետիքյանը, Վիվյեն Բաստաջյանը, Սոս Ջանիբեկյանը, Նարեկ Դուրյանն ու Սամվել Սարգսյանը: Մասնագիտությամբ անասնաբույժ գլխավոր հերոսը սիրահարված է դեսպանի դստերը: Աղջկա ծնողների հետ ծանոթանալու համար ամառանոց ժամանած հերոսն իր հետ տանում է իր սիրելի Միկկի կապիկին, որին փորձում է թաքցնել դեսպանից ու նրա կնոջից: Վերահսկողությունից դուրս եկած իրադարձությունների արդյունքում ամառանոցում զարգանում է զվարճալի մի պատմություն` դեսպանի, գլխավոր հերոսի եւ Միկկի կապիկի մասնակցությամբ: Արկածներով լի խճճված պատմությունը կարծես թե վատ ավարտ է ունենում բոլորի համար, սակայն կա մի հանգամանք, որն օգնում է հերոսին խուսափել անհաջողություններից` վերագտնելով կորցրած սերն ու երջանկությունը: Ֆիլմն ունի “հեփի էնդ”: “Այս ֆիլմում ավելի լավ եմ խաղացել, քան “Պահանջվում է միլիոնատեր ”-ում, սցենարային առումով էլ սա ավելի հետաքրքիր է, իրադարձությունների զարգացումներն ու անցումները շատ ճիշտ են արված, կերպարս էլ կիրթ է: Հաճելի էր եւս մեկ անգամ հանդես գալ նման ֆիլմում այնպիսի պրոֆեսիոնալ դերասանի հետ, ինչպիսին, օրինակ, Սերժ Ավետիքյանն է”,- BRAVO.am-ին ասել է ֆիլմի գլխավոր դերակատարը` Հովոն, հավելելով, որ շատ հաջող է եղել նաեւ զուհգընկերուհու խաղը: Մսանագիտությամբ անասնաբույժ, կրկեսում աշխատողի մարմնավորող դերասանի արտաքին տեսքը գրեթե չի տարբերվում ծաղիկների առաքիչ Տիգրանի տեսքից. “Մազերս էլի երկար են, չորս ամիս է` չեմ կտրել, կերպարի համար նման տեսք էր պետք. մազերս ավելի լավ են խաղացել, քան ես: ), մի տեսարանում էլ ակնոց եմ կրել, ինչը կապված էր կերպարի կիրթ լինելու հետ”: Նկահանումների մեծ մասը կատարվել են Դիլիջանում, որտեղ ստեղծագործական կազմը եղել է մոտ 20 օր. “Իսկապես զգացի բնության շունչը, հանգստացա. պառկել էի խոտերի մեջ ու վայելում մաքուր օդը”,- պատմել է ֆիլմի գլխավոր դերակատարը, ում համար այնքան էլ հեշտ չէր աշխատել կենդանիների հետ. “Առաջին անգամ էի ձեռքս օձ բռնում, Միկկի կապիկն էլ մեկ-մեկ ուզում էր կծել, այնպես էինք անում, որ մեր շփումը նվազագույնի հասցնենք: )”: “Հովոյի հետ շատ հեշտ է աշխատել, կերպարային եւ սյուժետային առումով ֆիլմը շատ հետաքրքիր է, իմ խաղը դեռ չեմ տեսել, չգիտեմ` ինչպես եմ մարմնավորել գլխավոր հերոսուհուն` դեսպանի դստերը, բայց բնույթով ինքնաքննադատ եմ...”,- նշել է գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ նկարահանվող Ռոզի Ավետիսովան: “Ֆիլմը կապ չունի “Պահանջվում է միլիոնատեր ”-ի հետ: Սա առանձին սյուժե ու կերպարներ ունեցող կատակերգություն է, որը, կարծում եմ, կրկնելու եւ գերազանցելու է նախորդի հաջողությունը: “Փեսացուն կրկեսից” կատակերգությունը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի վերջին”,- BRAVO.am-ին ասել է ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը` կարեւոր համարելով այն փաստը, որ ֆիլմի նկարահանումներն արվել են Երեւանի կրկեսում, որն այսօր վերանորոգվում է. “Կրկեսը մոտ երկու տարի չի գործի վերանորոգման պատճառով, իսկ բացվելուց հետո կլինի միանգամայն այլ տեսքով. ֆիլմում կա պատմական արժեք` հին կրկեսը...”: Ֆիլմում հանդես են եկել նաեւ այլ դերասաններ, երգիչներ, որոնց մասին ստեղծագործական կազմը դեռեւս չի խոսում: Չի խոսվում նաեւ սաունդթրեքի մասին, փոխարենն ասվում է, որ “Փեսացուն կրկեսից”-ն արդեն գրեթե պատրաստ է` մնում է մի քանի նոր նկարահանումներից հատվածներ ավելացվեն, որից հետո ֆիլմը կլինի քաղաքի կինոթատրոններում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ “Շարմ Հոլդինգ”-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: